Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահի՝ Սեւանա լճի սեփականացման քարոզչական գործընթացին աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպաններ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը»․ ՀՅԴ երիտասարդները ցույց են անում կառավարության շենքի մոտ

Նոյեմբեր 06,2025 15:24

«Մի հրաժարվիր Սեւանից», «Սեւանն անիմաստ տարածք ա, մեզ պետք ա՞ Սեւանը», «Սեւանը տանք, հանգիստ ապրենք»․ այս եւ համանման գրություններով պաստառներով ՀՅԴ երիտասարդներն այսօր ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների բողոքը, ինչպես հայտարարեցին կազմակերպիչները, որ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է՝ նրանց «հակահայ հայտարարությունների» դեմ։ Ցույցի մասնակիցները համարում են, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից Հայաստանի հասարակությանը մատուցվող «կեղծ խաղաղության» համաձայնագիրը իրականում պարտադրված կապիտուլյացիայի հասարակ օրինակ է․ «Մեզ համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ եւ ակներեւ՝ ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից եւ ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգնությամբ»։

Ցույցի մասնակիցների բնութագրմամբ, ՀՀ իշխանությունները պարծենում են սահմանների ապաշրջափակմամբ, սակայն դա պարզապես Ադրբեջանին միջանցք տրամադրելու փաթեթավորումն է․ «Հպարտությամբ հայտարարում են, որ Հայաստանի համար նոր դռներ են բացում, այնինչ միակ դուռը, որ բացվել է, Թուրանի համար նախատեսված դուռն է, Ադրբեջանի Նախիջեւանի հետ անխոչընդոտ կապի դուռն է, դրա դիմաց չստանալով շոշափելի ոչինչ։ Հաստատված խաղաղության պայմաններում Բաքվում դատվում, խոշտանգում եւ պահում են տասնյակ գերիներ, դեռ պահանջներ են դրվում այլ անձանց արտահանձնելու մասին։ Ի՞նչ խոսք, նման խաղաղության մասին կերազեր յուրաքանչյուր հզոր պետություն։ ՔՊ-ական խաղաղության պայմաններում մայրաքաղաք Երեւանի չափ մի ամբողջ ՀՀ-ի սուվերեն տարածքում ապօրինի կերպով գտնվում է ադրբեջանական զորք։ Երազանքի խաղաղության պայմաններում Ադրբեջանի նախագահը շարունակում է Երեւանն անվանել Էրիվան, Հայաստանն անվանել Արեւմտյան Ադրբեջան։ ՔՊ-ի երազանքների խաղաղության պայմաններում Արցախի հանրապետությունը գրավված է հայաթափված, ավերված։ Գուցե հենց նման խաղաղության են ձգտում նաև Հայաստանում»։

«Սեւանա լճի սեփականացման քարոզչական գործընթացը, որը սկսել է Ադրբեջանի նախագահը, որին ջանք չխնայելով աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպաններ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլ պետականակործան գործիչներ, երեւի չգիտեն, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն։ Գոյություն ունեն քարտեզներ, պատմական փաստեր, որտեղ ամրագրված են հայկական տարածքները, պատմական ժառանգությունն ու հայկական ինքնությունը։ Ալիևի հայտարարությունը քարոզչական հնարք է, որը նպատակ ունի նորմալացնել պատմական փաստերի կեղծումը։ Եվ չենք զարմանա՝ մի օր էլ լսենք, 874 թվականին Ադրբեջանի ժողովուրդն է կառուցել Սեւանի թերակղզու երկու եկեղեցիները»,-իր խոսքում հայտարարեց ցույցի մասնակից ՀՅԴ-ական երիտասարդը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ներկայիս սահմանները, հայտարարում է, թե Հայաստանի տարածքները Արեւմտյան Ադրբեջան են, այսպիսով հերթական անգամ ապացուցելով նախաստորագրված խաղաղության փաստաթղթի կեղծ լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930