Լրահոս
Օրվա լրահոսը

DJ Kajo-ն գտել է այն երկը, որը սիրված է մեր իրականության մեջ ու կարելի է այն դասել թոփ եռյակի ամենավերին հորիզոնականում

Նոյեմբեր 06,2025 16:06

Դիջեյության (DJ) արվեստը մեղեդիների, երգերի միքսման և երեկոյի մթնոլորտի ձևավորման միջոցով անընդհատ երաժշտական հոսք ստեղծելու մեջ է, ինչը պահանջում է ինչպես տեխնիկական հմտություններ, այնպես էլ երաժշտության և հանդիսատեսի խորը ըմբռնում։ DJ-ը պետք է զգա հանդիսատեսի տրամադրությունը, ստեղծի եզակի միքսեր՝ օգտագործելով մասնագիտացված սարքավորումներ, իմպրովիզացիա կատարի՝ ստեղծելով ներդաշնակություն։

Վերջին շրջանում իբրև բարձրակարգ մասնագետ հոլովվում է հայաստանաբնակ լիբանանահայ DJ և պրոդյուսեր Kajo-ի (Անտոնիո Կաջոյան) անունը։ Aravot.am-ը հանդիպեց արվեստագետի հետ։ Պարզեցինք, որ նա առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է։ Ծննդավայրում 5-6 տարեկանից դաշնամուրի և կիթառի դասեր է առել։ Ճիշտ է՝ ճարտարապետի մասնագիտություն է ստացել, բայց երաժշտարվեստում չկա մի ոլորտ կամ ճյուղ՝ դասականից մինչև փոփ, ռոք, ջազ, որ չձգի նրան։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե դիջեյական արվեստը ընդունված և շատ տարածված է Լիբանանում, հետո էլ առանց մանրամասնելու ասաց․

«Մեզ մոտ մինչև 18 տարեկաններին արգելված է մասնակցությունը DJ-ի կողմից անցկացվող միջոցառումներին, բայց ես ինչ-ինչ ճանապարհներով գտնում էի ելքը (ժպտում է – Ս.Դ.)։ Հետո-հետո սկսեցի ինքս ուսումնասիրել այս արվեստը։ Շուրջ 5 տարի է, ինչ հիմնավորվել ու ստեղծագործում եմ Հայաստանում։ Ապրելով այստեղ՝ մշակել եմ իմ յուրահատուկ ձայնը, որը կապում է զգացմունքը պարահրապարակի հետ»։

Դիտարկմանը՝ գիտենք, որ ձեր ամենահայտնի թրեքը, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, «Mind»-ն է, որն անցել է 10 միլիոնի Spotify-ում և շուրջ 300 միլիոն սոցիալական դիտումների սահմանը՝ հաստատելով ձեր դիրքը աճող, ինչպես ընդունված է ասել, Afro House տեսարանում։ Անկասկած, սա մեծ հաջողություն է, և կուզեինք տեղեկանալ այս՝ «Mind»-ի ստեղծման պատմությանը։ DJ Kajo-ն պատասխանեց․

«Այս հիթը 2000-ականներից ջամայկացի Շան Փոլի երգացանկից է։ Այո, այն աշխարհն է լսում։ Ես Թուրքիայում բնակվող հայկական արմատներով ընկերոջս՝ DJ և պրոդյուսեր Մելի Ռեյհանի հետ, օգտագործելով միայն Փոլի վոկալը, միքսեցինք մեր արվեստի հետ, և ստացվեց այն, ինչը ստացվել է։ “Mind”-ը TikTok-ում 2024 թ. տեղադրելուց միառժամանակ անց միաժամանակ Sony-ից, Warner-ից, Universal Music Group-ից համագործակցության առաջարկներ ստացանք։ Արդյունքում ընտրեցինք Sony-ն։ Օրինակ՝ նշյալ ստեղծագործությունը Spotify-ում ամսական մոտ 300․000 դիտում է ունենում, իսկ այսօր այն անցել է 10 միլիոնը»։

Ռեպլիկին՝ «իսկ հայկականը՞», DJ-ը բարձրաձայնեց Դավիթ Գրեգի (Գրիգորյան) «Քարտեզ» երգի անունը՝ ասելով․

«Ընկերոջս՝ ավստրալահայ DJ և պրոդյուսեր Kvision-ի (Լիամ Քվիջյան) հետ այս երգի հենց առաջին ունկնդրումից հետո պարզապես հիացել էինք։ Պահպանելով Գր Gregg-ի վոկալը՝ մենք այն «մեզանով» արեցինք։ Ասեմ, որ հեղինակն էլ շատ-շատ հավանեց։ Կարծում եմ՝ նրա անունը ձեզ ծանոթ է․ կոմպոզիտորի երգերը ձայնագրել են հայաստանյան շոու-բիզնեսի աստղերից»։

Հարցին՝ շրջագայելով աշխարհով, ելույթներ ունենալով Շվեյցարիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, որպես էլեկտրոնային երաժշտության ֆանատ՝ Հայաստանում դիջեյության կոնկրետ որ ժանրը, ոլորտը կամ տեսակը էլ ավելի առաջ կտանեիք, արվեստագետը նախ նշեց, որ ինքը մշտապես ուսումնասիրությունների և ինքնազարգացման փուլերում է՝ նոր երաժշտություն հայտնաբերելու, ձայնի հետ փորձարկումներ անելու և սեփական հմտությունները կատարելագործելու, հետո էլ հավելեց․

«Ես ձևավորում եմ Afro House, Melodic House և Techno ժանրերի ձայնային տիրույթը՝ համատեղելով կինեմատիկ զգացմունքները խոր ռիթմերի և տեմպային էներգիայի հետ։ Yerevan House Community (YHC) շարժման հիմնադիրն եմ, որը միավորում է մարդկանց house երաժշտության, մշակույթի և ընդհանուր էներգիայի միջոցով։ Կամ՝ պարզ ասած՝ երաժշտություն, որը պարունակում է հաճելի մի մեղեդի՝ համապատասխան ռիթմով և բարձրությամբ»։

Դիտարկմանը՝ ասում են՝ DJ հրավիրելը թանկ հաճույք է, մեր զրուցակիցը նշեց, թե հարցի ենթատեքստը հասկացավ, ապա հակիրճ ու առանց մանրամասնելու պատասխանեց․ «Այո, աշխարհում շատ թանկ է, բայց ներկա պահին ես եմ ներդրումներ կատարում»։

Զրույցի ընթացքում DJ Kajo-ն քանիցս հավաստիացրեց, որ սկսել է ուսումնասիրությունը նաև հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ոլորտում և գտել է այն երկը, որը սիրված է մեր իրականության մեջ ու կարելի է այն դասել թոփ եռյակի ամենավերին հորիզոնականում։ Ընդամենը հուշեց, թե այդ ստեղծագործությունը դասական ժանրի գործ է։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930