Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացավ գեներալ Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ գործի նախնական դատալսումների փուլը։
Հանրային մեղադրողը ներկայացրեց ապացույցները, որոնք նա գտնում է, որ վերաբերում են մեղադրանքին եւ պետք է քննվեն։ Պատասխանող կողմը միջնորդեց գործը կարճել, քանի որ ըստ նրա՝ վարույթը նախաձեռնվել է ապօրինի։
Հայկազ Բաղմանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը Aravot.am-ին ասաց. «Ես նոր եմ ներգրավվել վարույթում։ Եվ նյութերն ուսումնասիրելով՝ պարզեցի, որ վարույթը ապօրինի է նախաձեռնվել։ Օրենքում ուղղակիորեն գրված է, որ երբ քննիչը մի գործ է քննում եւ նոր հանցագործության դեպք է բացահայտում, ինքը պետք է հաղորդում ներկայացնի իր վերադասին։ Վերադասը երբ որ կհանձնարարի, որպեսզի ինքը նոր գործ հարուցի եւ իրականացնի քննություն, միայն այդ դեպքում է ինքը իրավասու դա անելու։
Այս գործով այս ընթացակարգը խախտվել է; Այսինքն, քննիչը առանց հաղորդում ներկայացնելու, առանց ղեկավարի հանձնարարության, ինքնագլուխ որոշել է, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնի եւ իրականացնի պրոցես՝ ամբողջ նախաքննությունը։ Մնացած ամբողջ գործը կառուցված է այս ապօրինի հարուցված քրեական վարույթի վրա։ Մենք ունենք դատական ակտեր, որտեղ նմանատիպ իրավիճակները համարվում են անթույլատրելի եւ դա հանգեցնում է ամբողջ քրեական գործի կարճման, ապացույցների անթույլատրելիության: Հետեւաբար, իմ միջնորդությունը վերաբերում է նրան, որ քանի որ սույն դեպքում խախտվել է օրենքը, առանց հաղորդման, առանց հանձնարարության՝ քննիչը ինքնագլուխ որոշել է, որ ինքը կարող է իրեն լիազորի քրեական գործ հարուցել եւ քննել, դա քրեադատավարական օրենքի առումով համարվում է էական խախտում։ Այսինքն, մեր միջնորդությունը նվիրված էր հենց սրան, որ պրոցեսն ի սկզբանե սկսվել է անօրինական։
Կարդացեք նաև
Երկրորդ հանգամանքը, որ ես նշում էի, որ կրկին բերում է ապօրինության, ընդ որում, սա, կարծեք, համակարգային խնդիր է, առանց դատարանի որոշման՝ օպերատիվ մարմինները բանկային գաղտնիքներ են ձեռք բերում, ներկայացնում քննիչներին։ Մինչդեռ, օրենքը ուղիղ նշում է, որ բանկային գաղտնիքը կարող է ձեռք բերվել բացառապես դատարանի որոշման հիման վրա։ Եթե դա անում է օպերատիվ մարմինը, պիտի դիմի դատարան, ստանա թույլտվություն ֆինանսական գործարքների վերահսկման ձեւով։ Եվ եթե թույլտվություն կստանա, նոր հնարավորություն կունենա ցանկացած անձի բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել։ Իսկ որպեսզի ստանա դատարանի որոշում, առնվազն պետք է դատարանին ներկայացնի տեղեկություն, որ ենթադրյալ հանցագործություն կա, որն առանձնապես ծանր է, այլ տարբերակ չկա այդ տեղեկատվություն ստանալու, կամ խնդիր ունեն հանցագործությունը կանխելու, խափանելու, նոր դատարանը թույլտվություն է տալիս։ Իսկ երբ որ չեն դիմում դատարան, ասում են՝ տեղեկատվություն ենք ստացել եւ այդ տեղեկատվությունը, պարզվում է այնպիսին է, որն ստանալու համար պետք է դատարանի որոշում լինի, դա էլ է խախտում; Հակառակ դեպքում այդ երաշխիքները՝ դատարանի որոշում եւ այլն, չէին լինի։
Այսինքն, երկրորդ կոպիտ խախտումը, որով այս վարույթը նախաձեռնվել է, վերաբերում է սրան, որ առանց դատարանի որոշման բանկային գաղտնիք են հավաքել, ներկայացրել են քննիչին եւ քննիչը դրա հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել։
Այս փուլում ես ներկայացրեցի միջնորդություն այն տրամաբանությամբ, որ վարույթը նախաձեռնվել է ապօրինի եւ դրա հիմքում դրվել է մի փաստաթուղթ, որը պիտի միայն դատարանի որոշմամբ ստացվեր»։
Հանրային մեղադրողը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի ծանոթանա պատասխանող կողմի միջնորդության գրավոր տեքստին։ Դատարանը նիստը հետաձգեց; Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































