Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընդլայնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն համատեղ ծրագրերը Հայաստանում

Նոյեմբեր 06,2025 18:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մեթյու Մորիի հետ։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դերակատարությունը ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների զարգացման գործում։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց առանցքում է մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության համակարգային ներդրումը կրթական բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթության որակի բարելավումը և հասանելիության ապահովումը։ Նա նշել է, որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով կարևորվում է սովորողի ակտիվ մասնակցությունը, քննադատական մտածողությունը և հանրային արժեքների ձևավորումը։

Ներկայացնելով պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է՝ հատուկ ուշադրություն է դարձվում սահմանային և գյուղական համայնքներում կրթական ենթակառուցվածքների բարելավմանը․ իրականացվում են լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, ընթացքում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագիրը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև տեղական իշխանությունների ներգրավման կարևորությունը կրթական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։

Նշվել է կրթական համակարգի կարևորությունը ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական պատասխանատվության և համայնքային մասնակցության մշակույթի ձևավորման գործում։ ԿԳՄՍ  նախարարը բարձր է գնահատել ԵԽ տարբեր կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել իրականացնելու համատեղ ծրագրեր՝ քաղաքացիական կրթության, համայնքային մասնակցության և երիտասարդների առաջնորդության ուղղությամբ։

Անդրադառնալով ԵԽ կոնգրեսի հետ համագործակցությանը՝ կարևորվել են կարողությունների զարգացման, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտների ծրագրերը՝ կրթական պատասխանատուների վերապատրաստման և երիտասարդների ներգրավման, դպրոցների, կրթամշակութային կենտրոնների և համայնքների համագործակցության խթանման ուղղություններով։

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ կոնգրեսը կարող է դառնալ կարևոր գործընկեր՝ աջակցելով թափանցիկության, մասնակցության և արդյունավետ կառավարման բարելավմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930