Այսօր գտնվում եմ Ամերիկայի արևելյան ափի ամենահայաշատ քաղաքներից մեկում՝ Բոստոնում. մեջքիս հետևում ձիով մարդն է՝ Ամերիկայի նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանը։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց այսօր նրա մասին չեմ ուզում պատմել, ուզում եմ պատմել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի մասին, ով եղել է հայտնի դիվանագետ, իրավաբան։ Երբ նա դարձել է Ամերիկայի նախագահ, հինգ տարի կառավարել է և կառավարման ընթացքում բավականին ոչ պոպուլյար որոշումներ է կայացրել, որը իր դեմ է տրամադրել շատ մարդկանց։ Ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում նրանից ավելի շատ ձայներ է հավաքել Ամերիկայի հաջորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, բայց քանի որ այն ժամանակ աշխարհում դեռ այդպիսի փորձ չկար, որ մարդը իր կամքով իշխանությունը հանձնի, շատերը մտածում էին, որ Ադամսը ազդեցություն կգործի, կմնա իշխանության և երկիրը կվերածվի միանձնյա իշխանության երկրի։
Սակայն տեսնելով Վաշինգտոնի փորձը, որ նա ինքնակամ հրաժարվել է երկրի կառավարումից և պատվիրել է իրենից հետո եկողներին, որ երկու ժամկետից ավել չիշխեն, Ջոն Ադամսը, չնայած նեղացած էր հասարակությունից, բայց հրաժարական է տալիս և երկրի ղեկավար է նշանակվում Թոմաս Ջեֆերսոնը։
Այդ ժամանակ ամերիկյան հասարակությունում բավական մեծ հակասություններ կային, և սա բերեց նրան, որ բոլոր հակասությունները լուծվեցին և ԱՄՆ–ն դարձավ ինստիտուցիոնալ ընտրական իրավունքով երկրի ղեկավար ընտրող առաջին երկիրը։
Կարդացեք նաև
Պատմության մեջ առաջին անգամ ինքնակամ մարդը հրաժարվեց իշխանությունից, իր տեղը եկավ Թոմաս Ջեֆերսոնը։ Դրանից մոտ 26 տարի հետո երկուսն էլ նույն օրը մահացան՝ Ամերիկայի անկախության օրը։ Սակայն երկուսն էլ թողեցին շատ մեծ հետք ոչ միայն Ամերիկայի, այլ ամբողջ մարդկության պատմության մեջ»,–ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա հավելեց. «Եթե մենք ցանկանում ենք ունենալ լուրջ երկիր, մենք պետք է հասկանանք, որ եթե ամեն մեր երկրի ղեկավար փորձի իշխանությունը պահել այնքան ժամանակ, մինչև բանը բանից անցնի, ոչ մի ինստիտուցիոնալ հիմք էլ չենք ունենա։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանության փոփոխություններն են երաշխիքը զարգացող, նորմալ, ժողովրդավար երկրի։ Իսկ ժողովրդավար երկիրն էլ գարանտն է զարգացող տնտեսության»։


















































