Նա ծերանոց էր գնացել տեսնելու իր նախկին դատապարտյալին
Երեկ նախկին դատավոր, 61-ամյա Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստն էր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այսօր` նոյեմբերի 7-ին, ժամը 13։00-ին նրա հուղարկավորությունն է նույն վայրից։
Ներսիսյանի` դատավորի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվեց 2023 թ. նոյեմբերի 20-ից՝ պայմանավորված նրա առողջական ծանր խնդիրներով:
Նա մեր ամենաերիտասարդ դատավորն էր, երբ1996 թ.-ից սկսեց դատավորի իր գործունեությունը. աշխատում էր Երեւանի Խորհրդային շրջանի ժողդատարանում, որպես դատավոր, ապա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որպես դատավոր։ Անվանակոչվեց դատարանը եւ 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կարդացեք նաև
Ինքս դատական բազմաթիվ ռեպորտաժներ եմ պատրաստել Կենտրոնի դատարանից, նաեւ Ռ. Ներսիսյանի նախագահությամբ դատական գործընթացներից, երբեմն քննադատել, փորձել հիմնավորել ասվածը:
Բայց նա բացառիկ այն դատավորներից էր, ով կարդում էր իրավական, դատական թեմաներ լուսաբանող լրագրողներին, կարդում էր, արձագանքում էր փաստարկներով, երբեք չվիրավորելով դիմացինին: Նաեւ ինքնատիպ էր իր շփումներում, տարիքը երբեք չխանգարեց հարգալից լինել իրեն դիմողների նկատմամբ:
Բայց ես այդ մասին չէ, որ պիտի գրեմ:
Տարիներ առաջ խմբագրեցի հանցաշխարհում «Ուդի» անունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի «Ինչու է աղմկում հոգիս» գիրքը: 80-ամյա ծերունին գիրք էր գրել, նա 40 եւ ավելի տարիներ անց էր կացրել սովետական, հայաստանյան բանտերում, կրելով իր պատիժը: Գիրքը, երբ տպագրվեց («Լեվ գրուպ» իրավաբանական գրասենյակի աջակցությամբ, 2018թ.), այն տարա նաեւ դատավորին, թողեցի գրասենյակում, որպեսզի փոխանցեն նրան:
Ռ. Ներսիսյանն անակնկալի էր եկել, հուզվել Ուդիի`գրքում ներկայացրած մի պատմությունից, որն իր մասին էր: Նա անսպասելի այցելեց իր դատապարտյալին, միասին հուզվել էին, իսկ դա տպագրությունից շաբաթներ հետո մահացած Ուդիի ամենաերջանիկ օրն էր եղել…
Ուդին իր գրքում «Կարծիքս փոխվեց» խորագրով պատմում է Ռուբեն Ներսիսյանի մասին:
«Քննիչը բացատրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի օգնականը ամեն ամսվա գործերը ոչ թե ստուգում է, այլ ուսումնասիրում է, որի ընթացքում հայտնաբերվել է, որ իմ նկատմամբ սխալ պատժաչափ է կայացվել: Այսինքն, այդ հոդվածը մաքսիմալ պատժաչափը նախատեսում է մինչեւ երկու տարի, ՀՀ քրեական օրենսգրքի եւ դատավարական օրենսգրքի համաձայն: Սակայն դատարանը վեց ամիս ավել կալանք է որոշել: Մի խոսքով, ինձ գաղութից տարան Երեւանի բանտ: Ու նորից նախաքննություն ու ողջ պրոցեսը, սակայն այս անգամ ուրիշ դատավոր ճշտեց նախկինի «սխալը»… Իրավաբանական կրթություն պետք չէ հասկանալու համար, թե ոնց եւ ինչ պատճառով դատավորն ընդունեց այդ խոտանը, թքած-կպցրած, ոչ մի հիմք չհանդիսացող մեղադրանքը, ընդամենը մի պարզ պատճառով` չցանկացավ պառակտել շղթան… ու այդ շղթայի անունն էր Կու-Կլուքս-Կլան` ՍՍՍՌ, որը պայքարում էր դեմոկրատիայի դեմ: Ասեմ ավելին, խանգարում էին Ռուբեն Ներսիսյանի նման ազնիվ, էմպիրիկ, այսինքն, փորձառու, գործնական, պրակտիկայի վրա հիմնված, բոլորին հասկանալի մարդուն: Ինձ երկար տարիներ զրկել էին ազատությունից այն հանցանքի համար, որը ես չեմ կատարել, որի հետեւանքով կորցրել եմ տունս, տեղս, ունեցվածքս, եւ ամենակարեւորը` առողջությունս:
Սակայն չեմ կորցրել հավատս արդարության, հաղթանակի նկատմամբ, քանի դեռ կան Ռուբեն Ներսիսյանի նման անձնվեր, համարձակ ու արդար մարդիկ, որոնք ապրում ու գործում են ազատ` կախվածությունից, ճնշումից, նախապաշարմունքներից դուրս: Քանի դեռ կան, ինչպիսին Ռուբեն Ներսիսյանն է, որը իր խղճի ներքին ձայնը ավելի թանկ է գնահատում, քան արտաքին ցուցումները: Ասածներս գովասանք չեն այլ, ռեալ իրականություն»:
Ուդին պատմում էր, թե ինչպես է դատավորների նկատմամբ իր համոզմունքների հեղաշրջում տեղի ունեցել: Ինչպես ինքն էր գրել, մինչ Ներսիսյանին հանդիպելը ատել էր դատավորներին: Հեղաշրջումը տեղի ունեցավ 2003թ. հոկտեմբերի 8-ին, երբ Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ տեղի էր ունեցել իր գործով դատական քննությունը:
«Ռ.Ներսիսյանի վարույթից զգացվում էր նրա սկզբունայնությունը: Որովհետեւ այն գիտակցումը, որ մարդը մարդու կողմից չի արհամարհվում, չի ստորացվում, հոգեբանական եւ բարոյական մեծ բարիք է եւ հակառակը` ամեն տեսակի սահմաններում դիմադրություն է բերում: Չէ որ բարոյականությունը ի վիճակի է թափանցելու մարդկային ամենանուրբ եւ բազմապիսի փոխհարաբերությունների մեջ եւ կարգավորել դրանք»:
Ուդին իր տպավորությունները կիսել էր այսպես. «Պարզվեց, մարդուն հասկանալը այդքան դյուրին բան չէ: Հասկացա, որ բարոյականությունն ու իրավունքը տարբեր հասկացություններ են: Իրավունքը արգելում է ու պատժում, մինչդեռ բարոյականությունը՝ նայած լավին կամ վատին, եւ արգելում է, եւ թույլ է տալիս, եւ պատժում է եւ խրախուսում: Սակայն բարոյականությունն ու իրավունքը, ըստ իս, ունեն նույն նպատակը` արգելել չարը, թույլ տալ բարիին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2025


















































