Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Էհսան Մովահեդիանի հոդվածը Iranian Diplomacy-ում. «Մինչեւ հաջորդ գարուն Կովկասում նոր ռազմական բախում սպասելն անիրատեսական է». «Ազգ»

Նոյեմբեր 07,2025 08:30

Iranian Diplomacy կայքում հրապարակված «Հայաստանում քաղաքական հակամարտության սրումը եւ դրա ազդեցությունը Իրանի ազգային շահերի վրա» հոդվածի հեղինակ Էհսան Մովահեդիանը փորձել է բացահայտել ՀՀ վարչապետի գործողությունների բուն տրամաբանությունը՝ կանխատեսելով ընտրությունների արդյունքը:

Անվանի իրանցի քաղաքական վերլուծաբանը կարեւորում է Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների ելքը Իրանի համար, քանի որ, ըստ հեղինակի, Հայաստանը, պահպանելով բարեկամական հարաբերություններ Իրանի հետ, մշտապես եղել է Իրանի կապի եւ տարանցման հիմնական կամուրջներից մեկը դեպի արտաքին աշխարհ:

…Հոդվածագիրը քիչ հավանական է համարում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի կայունությունը խաթարելու ուղղությամբ լուրջ քայլեր կձեռնարկեն, քանի որ, ըստ հեղինակի, Նիկոլ Փաշինյանը կողմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին եւ աջակցում է նաեւ «Թրամփի ուղու» նախագծին:

Հոդվածագրի պատկերացմամբ, սահմանային որեւէ նոր բախում կամ սադրիչ գործողություն, որը կարող է առաջացնել Իրանի դժգոհությունը, կթուլացնի Փաշինյանի դիրքերը Հայաստանում: Հետեւաբար հեղինակը կանխատեսում է, որ մինչեւ հաջորդ գարուն Կովկասում նոր ռազմական բախում սպասելն անիրատեսական է: Սակայն նա եզրակացնում է, որ եթե Փաշինյանը չվերընտրվի, Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքը» բացելու նպատակով կդիմեն ռազմական գործողությունների:

…Իր հրապարակման վերջում Մովահեդիանը փորձում է տալ «ով կհաղթի ընտրություններում» հարցի իր պատկերացրած պատասխանը եւ նշում է.

«Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը մեծապես կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ ձեւավորել լայն միասնական ճակատ, քաղաքական նոր դեմք ներկայացնել եւ հաղթահարել նախկին առաջնորդների՝ կոռուպցիայի եւ անարդյունավետության հետ կապված վատ համբավը: Մինչդեռ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր մրցակիցներին՝ նրանց դեմ մեղադրանքներ առաջադրելով եւ սահմանափակելով նրանց քաղաքական ակտիվությունը: Հարցն այն է՝ կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը համախմբել եկեղեցական շրջանակները, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների, օրինակ՝ Սամվել Կարապետյանի ընտանիքի ներկայացուցիչներին, որպեսզի ստեղծի ժողովրդի աջակցությունը վայելող լայն դաշինք»:

Այնուհետեւ Էհսան Մովահեդիանը դիմում է վերջին ամիսներին անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ ցույց տալու համար, որ թեեւ Փաշինյանը ընդդիմադիրների նկատմամբ շարունակում է պահպանել ավելի բարձր ժողովրդականություն, սակայն ընդհանուր քաղաքական մթնոլորտը Հայաստանում անտարբեր է, եւ մարդկանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ ցածր:

Վերլուծաբանը եզրակացնում է, որ եթե ընդդիմադիր ուժերը կարողանան մոբիլիզացնել ավելի քան 400 հազար ընտրող եւ նրանց բերել ընտրատեղամասեր, ապա կարող են հաղթել գործող վարչապետին: Սակայն, եթե կրկին օգտվեն հին մեթոդներից եւ դեմքերից, փոփոխություն տեղի չի ունենա, եւ Փաշինյանը կմնա իշխանության:

Վերջում Էհսան Մովահեդիանը, ընդգծելով Հայաստանի առաջիկա ընտրությունների նշանակալի ազդեցությունը Իրանի ապագայի վրա, ինչպես նաեւ ելնելով Իրանի ազգային շահերից, եզրակացնում է.

«Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա «Թրամփի ուղու» իրականացումն ու Հայաստանի եվրոպական եւ ամերիկյան ուղղությամբ ինտեգրացիան կմտնեն գործնական փուլ, ինչը նոր իրավիճակ կստեղծի Իրանի համար Կովկասում: Այդ պատճառով Իրանը պետք է արդեն մշակած լինի տարբեր սցենարներ՝ Հայաստանի քաղաքական զարգացումներին արձագանքելու համար, քանի որ նման գործընթացները կարող են ազդել Իրանի տարածքային ամբողջականության, անվտանգության եւ ազգային միասնության վրա»:

 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930