Նոյեմբերի 16-23-ը Սան Ֆրանցիսկոյի Միջազգային արվեստի թանգարանում (International Art Museum of America) կկայանա ճանաչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրելով» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացանք լուսանկարչից, կազմակերպիչը Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Հայկական ֆիլմերի 2-րդ փառատոնն է՝ STROBIA հիմնադրամի աջակցությամբ
Զավեն Խաչիկյանի «Ապրել սիրելով» խորագրով ցուցադրության հիմքում 2020 թ 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանում վերաբնակեցված Արցախից տեղահանվածներին հումանիտար աջակցության գաղափարն է: Լուսանկարիչը պարզաբանում է՝ անհրապույր, կիսաքանդ նրանց կացարանների պատերին փրկված մի պատառիկ գորգի, ընտանեկան լուսանկարների ներկայությունը, ապրելու հույսի լուսավոր շողերն էին` մարդկանց ապրումակցելու կոչ, իր արխիվները վերանայելու հրամայական, եւ որպես արտիստ՝ արձագանքելու առաջարկ: Արվեստային միակ պարտադրանքը հետևյալ պատգամն է՝ սեր ու ջերմություն բերել այդ օջախներ` ապրել սիրելով:
Իսկ թե ինչու է ցուցադրությունը տեղի ունենալու Golden Gate հայկական ֆիլմերի 2-րդ փառատոնի շրջանակներում, սա էլ հեղինակի ձեւակերպմամբ՝ հետեւյալ բացատրությունն ունի. «Ցուցադրությունը կարելի է դիտել որպես «Մենք» նախագծի շրջանակում «նորանկախ» մեր գոյության տարբեր տարիների պատկերներով արված մի ֆիլմ. սրանք իմ ապրածի արձագանքներն են»:
Զավեն Խաչիկյանի խոսքով, լուսանկարչական ցուցահանդեսը փաստում է, որ լուսանկարը կարող է պարզ փաստաթղթից վերածվել գրական կերպարի, հավաքական հիշողության խորհրդանիշի, իսկ արվեստը աբստրակտ-ընդհանրական լինելուց բացի՝ շատ կոնկրետ է՝ ունի տեղ եւ ժամանակ:
Կարդացեք նաև
Զավեն Խաչիկյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































