ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին հարցրինք` 90-ականներին, երբ Հայաստանում կար հացի խնդիր, ինչպե՞ս էր լուծվում հացահատիկի ներմուծման հարցը:
– Արցախը, որտեղից Հայաստանը մեծ քանակությամբ ցորեն էր ստանում, Փաշինյանը հանձնեց, իսկ հիմա ՔՊ-ում մեծ ցնծություն է, որ Ադրբեջանի տարածքով 15 վագոն ցորեն է Հայաստան ներմուծվել: 90-ականներին ինչպե՞ս էր Հայաստան ցորեն ներմուծվում:
– Սկսենք 90-ականներից: Մինչեւ Ադրբեջանի կողմից 1992 թվականի ապրիլի 10-ից սկսած` երկաթգծի վերջնական շրջափակումը, այո, բեռները մտնում էին Ռուսաստան, Ադրբեջան, ապա Նախիջեւանով` Հայաստան: Երեւանը բեռնափոխադրումների վերջին հանգրվանն էր, դրանից օգտվում էր Ադրբեջանը` ճարպկորեն, եւ իր պահանջներն էր ներկայացնում: Օրինակ, ասում էր` իքս ապրանքատեսակը կարող ենք բաց թողնել, իգրեկ ապրանքատեսակը` ոչ: Իսկ ապրիլի 10-ից հետո վերջնականապես պրոցեսը կանգ առավ: Նախքան այդ, գրեթե բոլոր բեռները Հայաստան մտնում էին Ադրբեջանով: Աբխազական գիծն օգտագործվում էր բացառապես ուղեւորափոխադրումների համար: Երբ ադրբեջանական երթուղին դադարեց գործել Հայաստանի համար, նույն թվականի օգոստոսի 4-ից դադարեց գործել նաեւ աբխազական գիծը, եւ ՀՀ-ն հայտնվեց խոր շրջափակման մեջ: Հայտնվեցինք հացահատիկի լուրջ խնդրի առաջ: Ես վարչապետ եմ նշանակվել 1992-ի օգոստոսի 1-ին: Հայաստանն այդ շրջանում խոր շրջափակման մեջ էր: Միակ տարբերակն ավիացիան էր, սակայն մենք չունեինք բեռնատար ավիացիա: Ուղեւորատար ավիացիայի միջոցով փորձում էինք ինչ-որ բան անել, իրավիճակը փոխել: Հացահատիկի հարցը շատ լուրջ էր: Եղել են պահեր, երբ ընդամենը մի քանի օրվա կամ 1-2 շաբաթվա հացահատկի պաշար ենք ունեցել: Ավելի ավագ սերունդը կհիշի, թե նույն թվականի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ինչպիսի հացի հերթեր էին երկրում: Սարսափելի բան էր: Ամեն ինչ անում էինք, որ խնդիրը լուծեինք: Շատ կարեւոր էր լոգիստիկան: Ունեինք հնարավորություն՝ Թուրքիայի եւ Իրանի հետ համագործակցելու, որովհետեւ Ադրբեջանն ու Վրաստանը փակ էին: Այլ տարբերակ չկար: Ես դիմեցի Իրանի իշխանություններին, որպեսզի մեզ աջակցեն, սակայն ստացա մերժում, քանի որ նշեցին, թե իրենք եւս հացահատիկ ներկրող են: Միակ պետությունը տարածաշրջանում, որն ուներ մեծ պաշարներ եւ լոգիստիկ կապ Հայաստանի հետ` Թուրքիան էր: Իմ նախաձեռնությամբ կապ հաստատեցի Թուրքիայի վարչապետի հետ` հետեւյալ առաջարկով. քանի որ Հայաստանն ուներ ԵՄ-ից հացահատիկ ձեռք բերելու 37 միլիոն վարկ` ԵՄ-ն մեզ նվեր վարկ էր տվել՝ որպես գրանտ, սակայն այն ապրանքայնացնելը մեծ ժամանակ էր պահանջելու, իսկ մենք այդքան ժամանակ չունեինք: Եկանք պայմանավորվածության, որ այն փոխանցում եմ Թուրքիային, այսինքն` թուրքերն իրավունք են ստանում այդ գումարը տնօրինել, փոխարենը մենք ստանում ենք հացահատիկ Թուրքիայից: 1992-ի նոյեմբերի 3-ին հացահատիկի առաջին մասը մտավ Ախուրյան, եւ ստիպված անցանք հացի տալոնային համակարգին, որպեսզի բոլորը կարողանան օգտվել հացի այդ համեստ պաշարներից: Կային չարաշահումներ անողներ: Ասենք` խոզեր էին պահում, հացն ուզում էին որպես անասնակեր օգտագործել, ինչն այդ փուլում անթույլատրելի էր: Տալոնային համակարգը թեպետ շատերի կողմից քննադատվեց, սակայն դա էր հացի արդարացի, վստահելի ապահովումը: Առաջին պաշարը 100 հազար տոննա ցորեն էր, հետո արդեն ես չէի վարչապետը, հստակ չեմ կարող ասել, թե ինչ եղավ ինձնից հետո: Երբ ես հեռացա, կար 4 ամսվա հացի պաշար, ինչը քիչ չէր:
– Ո՞րն է լավ տարբերակն այդ դեպքում:
Կարդացեք նաև
– Ադրբեջանի ղեկավարը որոշել է Ադրբեջանի տարածքով թողնել Հայաստանին հասցեագրված ապրանք տեղափոխել: Խոսքը միայն հացահատիկի մասին է, համենայնդեպս, եղավ հարցադրում՝ այլ ապրանքներ բերվելո՞ւ են Ադրբեջանի տարածքով, թե՞ ոչ, սակայն ոչ մի պատասխան չեղավ: Հացահատիկը մտնում է Ադրբեջան, հետո գնում է Վրաստան, որից հետո` Հայաստան: Եվ մեզ ասում են՝ երբ Մեղրիի միջանցքի հարցը լուծվի, այն ժամանակ հացահատիկը Նախիջեւանով կմտնի Հայաստան: Այժմ հարց. մենք ունենք այլ գիծ, Ադրբեջանի հետ հաղորդակցության այլ հնարավորություն: Ռուսաստանից ապրանքը գալիս է Բաքու, Բաքվից՝ Ղազախ, Ղազախից` Իջեւան: Այդ գծի մասին ոչ մեկը չի խոսում, եւ այն չեն ուզում աշխատեցնել, ինչո՞ւ: Եղել է սողանք: Խնդիրները լուծելու համար մոտավորապես 17 միլիոն դոլար գումար է հարկավոր: Կառավարությունը փոխանակ Իջեւանով Ադրբեջանի հետ հաղորդակցությունը բացի, մի քանի միլիոն ծախսելով, դրա փոխարեն ուրախանում է, որ Բաքվից ապրանքը գնում է Վրաստան, Վրաստանից էլ՝ Հայաստան: Ասում են, որ սա պատմական նախադեպ է, իսկ ո՞վ ասաց, որ Ալիեւի «պատմական» որոշումները լինելու են շարունակական: Գուցե նա վաղն այլ բան ասի, ինչո՞ւ պետք է կաշկանդվածություն ունենա: Պարզ է, որ այս ամենը ներկայացվում է քաղաքական պատճառներով: Ասում են` այ, վերջապես մենք ունեցանք ապաշրջափակում, բայց եթե լիներ պայմանագիր` երկու կողմից սահմանված ներպետական կարգով վավերացված եւ միջազգայնորեն ճանաչելի, կարող էին ասել, որ լուրջ կապեր են վերականգնվել, եւ լուրջ առաջընթաց ունենք:


















































