«Արմենպրես». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անվանել է «պատմական»՝ բարձր գնահատելով, որ երկրների միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման նախագիծը կկոչվի իր անունով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։
«Երեք ամիս առաջ իմ վարչակազմը նաև միջնորդ հանդիսացավ խաղաղության պատմական համաձայնության համար Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա մեկն էր այն ութ պատերազմներից, որը մենք դադարեցրինք ութ ամսում», – նշել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին։
Կարդացեք նաև
«Ինչպես այն ժամանակ ասացի, այս պատմական համաձայնությունն ընդգրկում է նոր Թրամփի ուղու կառուցում։ Դա այնքան գեղեցիկ բան է։ Նրանք այն իմ անունով են կոչել։ Ես դա իսկապես գնահատում եմ։ Դա մեծ նշանակություն ունի։ Դա նոր Թրամփի ուղի է՝ հանուն միջազգային խաղաղության։ Այս ճանապարհն անցնում է աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով, տնտեսական առումով աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով», – ընդգծել է Թրամփը։
Նա հավելել է, որ դա մեծապես կխթանի առևտուրը Կասպից ծովի հակառակ ափին՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ այդ երկրներից յուրաքանչյուրը կօգտվի այն բոլոր հնարավորություններից, որոնք բացվում են այս համաձայնության միջոցով։


















































