«Արդարություն եւ Վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի համահիմնադիր Արմեն Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբի սաների հետ պարապմունքները ժամանակավորապես դադարեցված են. 2023-ին արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում ձեւավորված արցախյան միակ սպորտային ակումբը այլեւս չի կարող աշխատել բաց երկնքի տակ: ԿԳՄՍ նախարարությունից Արմեն Պետրոսյանին տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում, որ շարունակի պարապմունքները Երեւանի համար 17 հատուկ դպրոցում, որտեղ շուրջ 2 տարի անվճար անցկացնում է պարապմունքները։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ դպրոցի հետ հուշագիր ունեն, որ պետք է աշխատեն վերջինիս հարկի ներքո:
«ԿԳՄՍ նախարարությունից ինձ ասել են, որ մյուս շաբաթ կարող է հանդիպում լինել նախարարի տեղակալի հետ, ես էլ ասել եմ, որ այդ հարցը տեղակալը չի կարող լուծել: Ես նախարարությունում աշխատել եմ 3 տարի, եղել եմ բաժնի վարիչ, գիտեմ՝ տեղակալն ինչի է ընդունակ եւ ինչ կարող է անել, այնպես որ դա նախարարի մակարդակի հարց է, բայց նախարարն էլ հրաժարվում է ընդունել »,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:
Նաեւ հավելեց, որ անհատներն են իրեն օգնություն առաջարկել. «Մարդիկ կան, ասում են՝ քեզ կօգնենք, տարածք կգտնենք: Այսօր մի կին էլ զանգեց, որին չեմ ճանաչում, ասում էր՝ սրահ ունի, որը ժամանակին պարի համար է օգտագործել, առաջարկել է՝ գնամ նայեմ, եթե հարմար լինի, այդտեղ իրականացնեմ պարապմունքները»:
Արմեն Պետրոսյանը հույս ունի, որ հարցն ինչ-որ կերպ կլուծվի, մի իրավաբան պատրաստակամություն է հայտնել աջակցել օրինական կարգավորման ու համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման գործում, որպեսզի հետագայում որեւէ կառույց չփորձի արցախյան ակումբին նորից արտաքսել տարածքից: Ակումբի համահիմնադիրը միեւնույն ժամանակ նշում է. «ԿԳՄՍ նախարարությունը շահագրգռված չէ այս հարցի լուծմամբ, եթե շահագրգռված լիներ, անհապաղ մեզ կկանչեր, կխոսեր»:
Կարդացեք նաև
Արմեն Պետրոսյանը պնդում է, որ Երեւանի համար 17 հատուկ դպրոցից իրենց հեռացնելու բուն պատճառն այլ է. «Դատական գործ կա դպրոցի նոր ֆինանսատնտեսական համակարգողի եւ նախկին տնօրենի միջեւ: Ես տնօրենի հետ նորմալ հարաբերություններ ունեի, կարծում եմ՝ սա վրեժխնդրության նման մի բան է, որովհետեւ մինչ այդ նման խնդիր չի եղել»:
Ընդգծենք, որ Արմեն Պետրոսյանի մոտ երեխաները սովորում են անվճար, 80 երեխաների թվում արցախցի իր սաներն են, ամբողջ մարզագույքը նա հայթայթել էր ընկերների ու ծանոթների միջոցով, իսկ մի մասն էլ իր հետ Արցախից բերել:
Խնդրի մասին Արմեն Պետրոսյանն ահազանգել է նաեւ ֆեյսբուքի իր էջում:
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից, որը ստանալուն պես կհրապարակենք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


















































