Ս/թ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վերաբերյալ դատական նիստը: Նիստը նախագահում էր վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը:
Ներկայացել էին բազմաթիվ գրողներ, նկարիչներ և ընթերցողներ, սակայն դատավարության սենյակի փոքրության պատճառով միայն մի քանի հոգի կարողացան մասնակցել: ՀԳՄ լիազորված փաստաբանական խմբի ղեկավար Լևոն Բաղդասարյանն առաջարկեց այլ պատշաճ դահլիճ տեղափոխել նիստը, սակայն առաջարկը մերժվեց, որից հետո Լևոն Բաղդասարյանը հուզված լքեց սենյակը:
Դատական նիստը տեղի ունեցավ առանց ՀՀ դատախազության հայցի հասցեատեր ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության, որը չի մասնակցել ընթացող դատավարությունների որևէ նիստի: ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը խոսեց քննվող հարցի մասին՝ փորձելով վիճարկել Սևանի ստեղծագործական տան նկատմամբ ՀԳՄ սեփականության իրավունքը:
ՀԳՄ-ի կողմից լիազորված փաստաբանական խմբի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը ներկայացրեց անհրաժեշտ հակափաստարկները՝ հղում անելով առկա փաստաթղթերին, ՀՀ օրենսդրությանը և նախկինում կայացված որոշումներին: Ելույթ ունեցավ դատավարությունում երրորդ անձի կարգավիճակով ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց տարիների ընթացքում Հայաստանի գրողների միության գործունեության, Սևանի ստեղծագործական տան և գույքի նկատմամբ ՀԳՄ-ի ունեցած սեփականության իրավունքի մասին՝ ընդդիմանալով ՀՀ դատախազության ներկայացուցչի դատերի ժամանակ քանիցս արտահայտած այն դիտարկմանը, թե Հայաստանի գրողների միությունը 1993 թվականին է կազմավորվել որպես հասարակական կազմակերպություն և նրա կանոնադրության մեջ չի նշվել նախկինի իրավահաջորդ լինելը:
Կարդացեք նաև
ՀԳՄ նախագահը վկայակոչեց վերոհիշյալ կանոնադրության կետերը, որոնք փաստում են նախկին ստեղծագործական միության գույքային ունեցվածքը, մասնավորապես՝ Բաղրամյան 3 հասցեի շենքը, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները: Նա փաստեց նաև, որ նույն ստեղծագործական միության անդամներն են եղել հասարակական կազմակերպության անդամները և նույն ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանն է շարունակել նախագահել:
Ասվեց նաև, որ չի լուծարվել նախկինը և, բնականաբար, չի հրավիրվել գրողների միության նոր համագումար: Ուղղակի եղել է անվանափոխություն. Սովետական Հայաստանի գրողների միությունը դարձել է Հայաստանի գրողների միություն: Նշվեց նաև, որ 1990 թվականից գրողների միությունը շրջանառել է («Գրական թերթ»-ում) գրողների միության անվանափոխության հարցը:
Անվանափոխությունը չի փոխել 1934 թվականից գործող ստեղծագործական միության նյութական ունեցվածքի հասցեատիրոջը: Սա է իրականությունը և սա իրավահաջորդ լինելու անժխտելի փաստարկ է:
Հավելենք, որ 1934 թվականին է կազմավորվել Սովետական գրողների միության համամիութենական ոչ պետական գրական հիմնադրամը, որը սնուցվում էր ՍՍՀՄ գրողների միության անդամների հոնորարներից 10 տոկոսի չափով փոխանցումներով, հիմնադրամի գումարներով կառուցվում ու նորոգվում էին շենքեր, աշխատավարձեր էին տրվում աշխատակիցներին: Մեր միության կառույցների և աշխատանքների նպաստումը ևս այդ շրջանակում էր: Սա էլ չմոռանանք:
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը կայացնել 2026 թ.-ի ապրիլի 21-ին:


















































