Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Մելիքյան. «Ես ֆուտբոլի մեջ եղել եմ, կամ եւ կլինեմ: Ֆուտբոլը իմն է, ես նվիրված եմ, ես պետք է աշխատեմ հայկական ֆուտբոլի մեջ»

Նոյեմբեր 07,2025 23:07

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն այսօր հանդիպեց մի խումբ լրագրողների հետ:

Եղիշե Մելիքյանն ասաց, որ այս հանդիպումը կազմակերպվել է իր առաջարկությամբ: Քանի որ ինքը եթերում շատ երեւալ չի սիրում, ասուլիսների ժամանակ ոչ բոլորն են հարց տալու հնարավորություն ստանում, իսկ տարբեր տաղավարներից ստացվող հրավերները հաճախ ստիպված է լինում մերժել, որովհետեւ մեկին  համաձայնելը, մյուսին մերժելը ճիշտ չի համարում, դրա համար ցանկություն է հայտնել հանդիպել լրագրողների հետ եւ ազատ ու անկաշկանդ զրույցում պատասխանել բոլոր հարցերին:

Բավականին հետաքրքիր խոսակցություն ծավալվեց այն հարցի շուրջ, որ ինքն ու ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ժամանակին սուր, երբեմն՝ վիրավորականի հասնող քննադատություններ էին հնչեցնում միմյանց հասցեին: Հետեւաբար, ինչպե՞ս եղավ, որ նա համաձայնեց ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը եւ աշխատել այն կառույցում, որի ղեկավարության աշխատանքից ինքը ոչ հեռու անցյալում դժգոհ էր: «Ամեն ինչ շատ պարզ է: Ինձ համար ոչ մի անգամ այդ կոնֆլիկտը չի եղել ինքնասիրության հարց: Դուք կարո՞ղ եք ցույց տալ, որ ֆեդերացիան ինչ որ մի տեղ ինձ վիրավորական խոսքեր ուղղած լիներ, որից ես կարող էի ինձ վատ զգալ կամ նեղանալ:

Քննադատողը ես եմ եղել, մենք հանդիպել, դրա մասին խոսել ենք: Ես ինչ տեսել եմ ֆուտբոլում, բարձրաձայնել եմ: Իմ քննադատությունն առաջին հերթին եղել է իմ՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համար, ակումբի իմ նախագահի համար: Հետագայում Արթուր Սողոմոնյանը ակումբը վաճառեց: Նոր ղեկավարությունը լավ հարաբերություններ հաստատեց: Կհիշեք, որ հարցազրույցներիցս մեկում ես ասել եմ, որ երբ իմ ակումբի հետ լավ հարաբերություններ կլինեն, այն ժամանակ ես չեմ քննադատի:

Նախագահը, որի համար ես պայքարել եմ, ուրիշ բիզնեսներով է զբաղվում: Եվ ճիշտ արեց, որովհետեւ ինքը լավ բիզնեսմեն է: Իսկ ես ֆուտբոլի մեջ եղել եմ, կամ եւ կլինեմ: Ֆուտբոլը իմն է, մերն է, ես նվիրված եմ, ես պետք է աշխատեմ հայկական ֆուտբոլի մեջ: Ունեցել եմ առաջարկներ՝ չեմ գնացել, որովհետեւ ուզում եմ մնալ հայկական ֆուտբոլում: Իսկ հայկական ֆուտբոլում մնալու համար ամենալավ դիրքը իմ համար որպես մարզիչ, հավաքականը գլխավորել եւ աշխատելն է եւ ինչ-որ մի բանով օգնել հայկական ֆուտբոլին: Ինչքանով է ստացվում, ինչքանով՝ չէ, ժամանակը ցույց կտա»:

Դիտարկմանը, որ մարդիկ հիմա ասում են մի բան, եւ հետո երբ պաշտոն են ստանում, մոռանում են, թե ինչ են ասել ժամանակին: Մարզչի կարծիքով ֆեդերացիան արդյո՞ք փոխվել է, որ մարդիկ, որոնք ժամանակին իրար մեղադրել են, հիմա ամեն ինչ լավ է, Եղիշե Մելիքյանը պատասխանեց. «Ես խոսել եմ ֆուտբոլից, ես ասել եմ՝ ինչն է սխալ արվում: Հիմա էլ եմ ասում. ճիշտ եմ արել, տեսել եմ՝ քննադատել եմ: Դա իմ կարծիքն է եղել: Ինչը շտկվել է, ինչը՝ չէ, դա արդեն ներքին խոհանոցի հարց է եւ ես չեմ կարող բարձրաձայնել: Բայց ինչ որ եղել է, եղել է սպորտային օրենքների մեջ: Հիմա իմ կյանքում կարեւորում եմ հավաքականին օգնելը, եթե կարող եմ: Եվ եկել եմ, որ օգնեմ: Ում հետ ինչ հարց է եղել, նաեւ անձնական, ֆուտբոլի ինձ համար ավելի վեր է»: Մարզիչը նշեց, որ հիմա ոչ թե ֆեդերացիային քննադատելու, այլ հետը քննարկելու խնդիրներ կան: Եվ դրա մասին խոսում ենք: Ես եկել եմ դրանց լուծման մեթոդիկան գտնելու եւ աշխատելու»:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հավաքականի թեկնածուների ընտրության, խաղային սխեմաների մշակման, ներսից ու դրսից հրավիրվող ֆուտբոլիստների հետ տարվող հոգեբանական աշխատանքների նրբությունների եւ այլ խնդիրների մասին:

Վերջում գլխավոր մարզիչն առաջարկեց, որ եթե այս ձեւաչափը ընդունելի է լրագրողների համար, կարելի է էլի կազմակերպել: Առաջարկություն եղավ հանդիպել երկու կամ երեք  ամիսը մեկ անգամ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930