«Տպավորություն է, որ ինչ-որ մի «գոնկա» է սկսվել՝ խորհրդարանում՝ Նիկոլի հաջորդ իշխանավարման փուլում, ով քանի մանդատ կունենա, ով մյուսից մի երկու մանդատ ավելի շատ կունենա». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
– Հայաստանում անցած շաբաթ տեղի ունեցավ «Եվրանեսթ» խորհրդարանական համաժողովը։ Հայաստանի՝ եվրոպական ապագայի, ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավար լինելու վերաբերյալ հակասական մտքեր հնչեցին։ Բայց ընդհանուր տպավորությունն այն էր, որ եվրոպական այդ համայնքը լոյալ վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ, թեեւ քաղաքական ռեպրեսիաների դոզան մեր երկրում շարունակում է բավարար քանակություն ունենալ։ Նաեւ վեհաժողովի եզրափակիչ փաստաթղթում արցախցիների վերադարձի մասով ամրագրում չեղավ ու այդ հարցում հակազդեցության առումով բավական ակտիվ էին հայաստանցի ՔՊ-ական պատվիրակները։
-Այո, օրեր առաջ Հայաստանում տեղի ունեցավ «Եվրանեսթի» լիագումար նիստը, որն, ի դեպ, բոյկոտեց եւ չմասնակցեց Ադրբեջանը՝ անհեթեթագույն պատճառաբանությամբ, թե «Եվրանեսթը» պարբերաբար հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, ինչը խայտառակ եւ անամոթ սուտ է։ «Եվրանեսթի» հայտարարությունները վերաբերվել են բացառապես Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց եւ կասեցնել խայտառակ դատական ֆարսը։ Նաեւ՝ Արցախի մշակութային ժառանգությանը, որը Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում է՝ իրականացնելով մշակութային վանդալիզմ։ Ինչեւէ, նման պատճառաբանությամբ Հայաստան չգալը՝ բնավ չի խոսում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մասին։ Ավելին, Իլհամ Ալիեւի խորհրդական Հիքմեդ Հաջիեւը պաշտոնապես, ըստ էության, մերժեց Նիկոլի առաջարկը՝ եկող տարի մայիս ամսին, Երեւանում՝ ԵՄ քաղաքական ֆորումին Ալիեւի մասնակցությանը։ Սա եւս չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ գնալ խաղաղության։
Ինչ վերաբերում է միջազգային, արեւմտյան կառույցների լոյալ վերաբերմունքին Հայաստանի իշխանության հանդեպ՝ դա այնքան անթաքույց է եւ պարզ։ 0,0001 տոկոսն այն ամենի, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալների կատաստրոֆիկ թիվը, խոսքի ազատության հանդեպ այս բռնաճնշումները, ֆեյսբուքյան գրառման համար 50 հոգով մարդուն հատակին տապալելը, կալանավորելը, սրբազաններին կալանավորելը՝ անհեթեթագույն մեղադրանքներով, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս խայտառակ գրոհը, բարերար Սամվել Կարապետյանին՝ ընդամենը՝ «մեր ձեւով կանգնելու ենք Եկեղեցու կողքին» արտահայտության համար ամիսներով բանտում պահելը եւ այլն, տեղի ունենար նախկին որեւէ իշխանության օրոք, Հայաստանը րոպեների ընթացքում դուրս կշպրտվեր ԵԽ-ից, որպես առաջին քայլ եւ Հայաստանի հանդեպ լրջագույն սանկցիաներ կկիրառվեին։ Ինչո՞ւ է Արեւմուտքը, միջազգային կառույցները, որոնց հիմնարար փաստաթղթերում հայտարարված է մարդու իրավունք, ազատ խոսք, ժողովրդավարություն, հանդուրժում այս ամենը, որովհետեւ բազմիցս իրենք ձեւակերպել են իրենց բանաձեւը՝ Նիկոլ Փաշինյանն այն կատարյալ եւ այս պահին միակ գործիքն է, որով Արեւմուտքը լուծում է մեր տարածաշրջանում իր գերակա խնդիրը՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս վռնդելու։
Կարդացեք նաև
Ուստիեւ, ինչպես անձամբ ինձ է ասել ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյա, ինչը մեխվել է ուղեղումս՝ «եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի եւ դիմահար գնդակահարի՝ մենք ձայն չենք հանելու, ավելին, ասելու ենք՝ այդ ամենն արվել է Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար»։
«Եվրանեսթում» նաեւ ՔՊ-ի հերթական խայտառակ քայլը տեսանք. ՔՊ-ն հրաժարվեց համաժողովի եզրափակիչ բանաձեւում ձեւակերպում ընդունել՝ արցախցիների վերադարձի մասով։ Մինչդեռ, Ադրբեջանում պետական մակարդակով քննարկվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը, Ալիեւը այլեւս հայկական բնակավայրերին տալիս է ադրբեջանական անվանումներ։ Ի դեպ, վերջերս՝ Գերմանիայում եւ Բրյուսելում տեղի են ունեցել երկու մեծ խորհրդաժողովներ, որոնք ֆինանսավորել է Ադրբեջանը, որտեղ քննարկվել է «Մեծ վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը. այն ենթադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։
Սա է, ցավոք, իրականությունը։
-Հայաստանի ընդդիմադիր դաշտում էլ, կարծես, իշխանության նկատմամբ վերաբերմունքը շատ կտրուկ չէ։ Ամեն դեպքում, դաշտի մի ստվար մասը գտնում է, որ այս իշխանության հետ երկրորդ անգամ պետք է գնալ ընտրությունների։ Հետեւաբար, ումի՞ց եւ ինչո՞ւ ենք մենք դժգոհ։
-Այստեղ պետք է ցիտեմ Ալեն Սիմոնյանին. այս ընդդիմությունը ուղղակի երազանք է այս իշխանության համար։ Երկիրը կանգնած է անդառնալիության շեմին, մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր տարբեր բեւեռներ քննարկում են, թե ո՞վ է գլխավորելու 2026-ի հունիսի 7-ի իրենց ընտրական ցուցակը։ Այսինքն, այս մարդիկ շատ հանգիստ պատրաստվում են ընտրական փուլի եւ ինչ-որ մեկն իրենց հավատացրել է, որ Նիկոլ Փաշինյանը, ով «իդիոտ» չի, ով շատ լավ հասկանում է՝ ով ինչ է արել եւ ով ինչ է շարունակում անել, ով շատ լավ գիտի՝ իշխանություն կորցնելու դեպքում՝ ժամերի ընթացքում քրեական օրենսգրքում վերականգնվելու է մահապատիժը եւ իր քաղաքական թիմն իր գլխավորությամբ կանգնելու է հայկական Նյուրնբերգի առաջ, մտածում են, որ ընտրական ցիկլով Նիկոլ Փաշինյանն իրենց իշխանություն է զիջելու։ Ես շատ եմ ուզում ունենալ այս ընդդիմության լավատեսությունից։
Միակ քայլը, որն այս պահին կարող է անել ընդդիմությունը՝ դա մեկ միասնական ճակատով միավորվելն է ընդդեմ ռեժիմի։ Բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր տարբեր բեւեռները քլունգները, լապատկաները, փոցխերն առած՝ իրար դեմ են պայքարում, հիբրիդային ու ոչ հիբրիդային պատերազմ մղում, ինչն ուղղակիորեն աշխատում է Նիկոլ Փաշինյանի օրակարգի օգտին։ Մի մասը, ես կարծում եմ, դա անում է չգիտակցված, իսկ մյուս մասը, պարզապես խնդիր չունի իշխանափոխության, այլ խնդիր ունի ընդամենը խորհրդարանում մի քանի մանդատ ստանալու։ Եվ այդ մի քանի մանդատի համար իրենք միանշանակ պատրաստ են՝ հարմարվել Նիկոլի օրակարգին, ինչը եւ անում են։
– Ի դեպ, ընդդիմադիր որեւէ բեւեռ այդպես էլ հստակ ծրագիր չի ներկայացրել, ծրագիր, որը կարելի է գործող իշխանության քաղաքականությանն այլընտրանք համարել։ Իսկ ՔՊ-ական իշխանությանը հեռացնելը մնում է բարի ցանկությունների հարթությունում։
-Այո, չկա ծրագիր, որովհետեւ այն, ինչը որ ասում է ընդդիմությունը, դա փողոցի ցանկացած Վալոդ ձյաձյա ընդդիմությունից շատ լավ գիտի, այն, ինչը որ հնչում է հարցազրույցներում եւ հանրահավաքային հարթակներում, այլեւս այնքան ժամկետնանց է՝ անկախ նրանից, թե ո՞վ է այն ասում, որ չի կարող դառնալ ժողովրդին մոբիլիզացնելու թրիգեր, գործիք։ Չկա, մենք չենք տեսնում այն հիմնական խնդիրների հակափաստարկները՝ գրագետ ճանապարհային քարտեզով, որոնք առաջ է քաշում իշխանությունը։ Չենք տեսնում՝ ի՞նչ եւ ինչպե՞ս է պատրաստվում անել ընդդիմությունը։ Ասել, որ կգա նախընտրական քարոզարշավը՝ կներկայացնենք, կներեք բառիս համար՝ այդ «կտերը» շատ երկար տարիներ լսել ենք եւ ոչ միայն այս ընդդիմությունից, այլեւ անցած 30 տարիների տարբեր ձեւաչափերի եւ գույների ընդդիմություններից՝ թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ, թեժ ձմեռ, թեժ նախընտրական փուլ…
Այս իշխանությունը բազմագլուխ հրեշ է։ Այն ընդդիմադիր ուժը՝ կլինի հին, կլինի նորաստեղծ, կլինի ավանդական, թե ոչ ավանդական, եթե այդքան ինքնավստահ է ու մտածում է, որ միայնակ կարողանալու է այս իշխանության բոլոր գլուխներին հաղթել, ես նախանձում եմ իրենց լավատեսությանն ու ինքնավստահությանը։ Մի դեպքում ընդդիմությունը կարող է շանս ունենալ՝ ժողովրդի հետ միասին, եթե առաջին օրակարգային հարցը լինի ոչ թե իշխանության գալը, ինչը շատերի դեպքում մենք տեսնում ենք կամ որոշ դեպքերում էլ մի քանի մանդատ պռճոկելը, այլ՝ միավորվել՝ ընդդեմ այս իշխանության։ Սա իրականում շարքային պայքար չէ, սա, ըստ էության, ազգային-ազատագրական պայքար է, որովհետեւ զոհասեղանին դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը։
Ցավոք, ես չեմ տեսնում, որ մեր հավաքական ընդդիմությունն այս հարցի կարեւորությունը հասկանում է։ Տպավորություն է, որ ինչ-որ մի «գոնկա» է սկսվել՝ խորհրդարանում՝ Նիկոլի հաջորդ իշխանավարման փուլում, ով քանի մանդատ կունենա, ով մյուսից մի երկու մանդատ ավելի շատ կունենա։ Եթե սա է ընդդիմության օրակարգը, ապա ես ասել եմ եւ պնդում եմ՝ նույնիսկ եթե մենակ մնամ, հատ-հատ հանրությանը ներկայացնելու եմ այս ընդդիմության իրական կերպարը, որի նպատակը ոչ թե այս իշխանության դեմ պայքարն է, այլ այս իշխանության «ռազմերով» ընդդիմություն աշխատելը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2025


















































