Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը չընդունեց Սերժ Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվա չմեկնեցին․ Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմում

Նոյեմբեր 08,2025 00:25

«Սեպտեմբերի 30-ին ես այս աշխատասենյակում հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, որին իր խնդրանքով գնահատական եմ տվել տեղի ունեցող իրադարձություններին, ասել եմ՝ վատ զգացողություն ունեմ, կարծում ե, որ մեր գործերն այդքան էլ լավ չեն գնում եւ եթե տեղի ունենա ողբերգություն, Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ եւ սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից»,- AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ երեք նախագահները 44-օրյա պատերազմի փորձում էին օգտակար լինել՝ ինչո՞ւ չստացվեց։

Գաղափարը ծնվել է, երբ ինքը եւ երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախում են եղել։ Հավաքին ներկա են եղել նաեւ Արցախի պաշտոնաթող նախագահները, իրենց մարտական ընկերներից շատերը։ Խոսքը հոկտեմբերի սկզբների մասին է։ Արցախում, Սերժ Սարգսյանը համոզվել է՝ «մեր գործերը շատ վատ են»։

«Ես խնդրել եմ Բակո Սահակյանին, որ կազմակերպի հանդիպում։ Ասել եմ՝ Արցախի նախագահին ասա, որ ես շատ եմ խնդրում, որ ինձ ընդունի»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ընդունելության ժամանակ Արայիկ Հարությունյանին ցանկացել է ասել՝ ինքը տեսնում է, որ մենք գնում ենք պարտության եւ անհրաժեշտ է համոզել Հայաստանի նախագահին, որ դադարեցվի պատերազմը՝ դիմելով ՌԴ նախագահին։ Նաեւ պետք է ասեր՝ ինչո՞վ կարող է օգտակար լինել եւ գրեթե անխտիր ճանաչում է պաշտպանության կազմակերպմամբ զբաղվող մարդկանց, նրանց տարբեր խորհուրդներ ուներ։

Մի քանի ժամ հետո Բակո Սահակյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում է, այնտեղ իրավիճակը լարվել է․ «Ես արդեն ինչ-որ բան զգացի, որովհետեւ եթե մարդն իմ աջակցության կարիքն ունենար՝ ձեւը կգտներ։ Այսինքն, Ղարաբաղի տարածքը ՌԴ տարածք չէ, էլ, որ մի կողմից չկարողանաս հասնել»։

Հաջորդ օրը Բակո Սահակյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանին չի կարող ընդունել․ «Որովհետեւ․․․ էլ որովհետեւը չասեմ էլի․․․»։

Հավաքը շարունակվել է Երեւանում, արդյունքում հնչեց երեք նախագահների հայտնի հայտարարությունը՝ առաջին եւ երկրորդ նախագահների Մոսկվա մեկնելու մասին։

«Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեին Հայաստանի կառավարչի հետ, որպեսզի ինքը․․․ ո՞նց ասեմ գոնե զանգահարի, տեղյակ պահի, որ Հայաստանի երկու պաշտոնաթող նախագահները գալիս են այդտեղ՝ շփվելու, ոչ թե ՌԴ նախագահի հետ, այլ ԱԳ նախարարի հետ։ Ցավոք, պատասխանը եղավ այն՝ դե, իրենք ուզում են, թող գնան։ Բայց, հո այդ մարդիկ սովորական քաղաքացիներ չեն։ Ոչ էլ ընդունող կողմն է էլի, այդքան միամիտ, որ առանց կառավարչի համաձայնության հանդիպեն։ Իմիջիայլոց, այդպիսի պատասխան էլ է եղել, որ մեր ԱԳ նախարարը օրը մի քանի անգամ խոսում է Լավրովի հետ, իմաստը ո՞րն է»,- մանրամասնեց Սերժ Սարգսյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930