«Համարում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել մեզ պաշտպանելուց։ Թե ինչո՞ւ՝ տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով, օրինակ, Ուկրաինայի փորձը, երբ փորձեցին պաշտպանել Մայդանի ժամանակ, բայց չստացվեց»,- AntiFake TV-ի եթերում «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հրապարակվեց հատված՝ 2023 թվականին «Քաղաքացիական կրթության դպրոցում» Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հարցին՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնում է 2018-ի իշխանափոխության օրերին Ռուսաստանի գործելակերպին։
Նկատելով, որ հասկանում է հարցի ենթատեքստը՝ իշխանափոխությունը Արցախի խնդրի համար էր, Սերժ Սարգսյանը պնդեց՝ իր դիրքորոշումն անփոփոխ է․ «Ես երբեք չեմ խուսափել եւ միշտ ասել եմ ու շարունակելու եմ ասել՝ ես Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ։ Ինձ համար իշխանությունն ավելի կարեւոր չէ, քան մեր ազգային շահերը»։
Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Քանի որ ՌԴ-ն մի փոքր անտարբեր էր, ապա ռուսական ազդեցության կառույցները հիմնականում եկել էին հրապարակ։ Մեր հարցին՝ դուք ի՞նչ ունեք հրապարակում, նրանք ասում էին՝ մեր նպատակն է, որ այս շարժումը չվերածվի հակառուսական շարժման։ Իսկ արեւմտյան կառույցները դա ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա եւ իրենք են ակտիվացվել՝ շահելով այդ պայքարը։ Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ էր ՌԴ ձեռնպահ մնում։
Որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































