Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո հնչում էին հայտարարություններ, թե իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրում, քրեական գործեր են հարուցում, իսկ իշխանական համայնքապետերը մնում են ստվերում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի բոլոր 71 համայնքների ղեկավարները ու որքան համայնքապետ, ինչ քրեական գործերով են անցնում։
Այսպես, 71 համայնքներից 37-ում համայնքը գլխավորում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ներկայացնող համայնքապետեր, մյուսները կա՛մ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են, կա՛մ անկուսակցականներ։
Այդ 37 համայնքապետերի թվում կան անձինք, ովքեր իրենց կյանքի նախորդ շրջանում պատկանել են ժամանակի կառավարող ուժին, օրինակ՝ ՀՀԿ-ին, սակայն այժմ ներկայանում են որպես ՔՊ անդամներ։ Նրանցից ոմանք այլ կուսակցությունների անդամներ են եղել։
Կարդացեք նաև
Այսպես, Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է որպես «Հանրապետություն» կուսակցության թեկնածու, սակայն հետագայում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ՝ 2021 թ․ դեկտեմբերին որպես ՔՊ-ական մասնակցելով Թալին համայնքի ղեկավարի ընտրություններին։
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որը համարվում է ՔՊ-ի ներկայացուցիչ (ընտրվել է ՔՊ ցուցակով), ըստ համայնքապետարանի կայքէջի, անկուսակցական է։ Նա ՀՀԿ նախկին անդամ է, և այդ կուսակցության կայքէջում նրա անունը դեռ նշված է որպես Շնող գյուղի ղեկավար։
Թեպետ համայնքապետարանի պաշտոնական կայքէջում Վայոց Ձորի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը անկուսակցական է, 2022 թ․ նա այս համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ցուցակով։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ևս նույն հետագիծն ունի․ ավելին, նա եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին՝ ՕԵԿ) անդամ, 2017-ին լքում է այս կուսակցությունը, դառնում ՀՀԿ-ական, սակայն կարճ ժամանակ անց 2021 թվականին ՔՊ-ի հովանավորությամբ դառնում է Գյուլագարակի ղեկավար։
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց, որից հետո նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայանալու են ավագանու ընտրություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող մյուս համայնքապետերի նկատմամբ, ճիշտ է, քրեական վարույթներ չկան, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) շահերի բախման հիմքով վարչական վարույթի է ենթարկել նրանց՝ տուգանելով հարյուր հազարավոր դրամներով։
Օրինակ՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ԿԿՀ-ն տուգանել է երկու անգամ՝ հայտարարագրերում սխալներ թույլ տալու և շահերի բախման երևույթ բացահայտելու համար։
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և վերջինիս գործողություններում շահերի բախման առկայության հիմքով։ Ավելին, ԿԿՀ-ն դիմել է համայնքի ավագանուն՝ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննության առնելու նպատակով, սակայն ավագանին հայտնել է, որ Մաթևոսյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունների դադարեցման հարց չի դիտարկում։ Արդյունքում համայնքապետը պաշտոնավարում է մինչ օրս։
Նկատենք, որ Ալավերդիի, Դիլիջանի, Իջևանի, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Արտաշատի, Աշտարակի ՔՊ-ական համայնքապետեր Դավիթ Ղումաշյանը, Դավիթ Սարգսյանը, Արթուր Ճաղարյանը, Զավեն Մանուկյանը, Անանիկ Ոսկանյանը, Սևակ Միքայելյանը, Կառլեն Մկրտչյանը, Թովմաս Շահվերդյանը ևս տուգանվել են ԿԿՀ-ի կողմից՝ շահերի բախման դեպքի բացահայտման պատճառով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

















































