Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի անց հասել ենք մի հանգրվանի, որ շատերն այսօր օբյեկտիվորեն խոսում են այն մասին, թե ներկա իրողությունների ստվերում այն՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ ավելի նպաստավոր է թվում, քան, ասենք, ընթացիկ «խաղաղության օրակարգը»՝ իր փաշինյանական ու ալիևյան հավելվածներով:
Մեր թշնամու՝ Հայաստանն «առանց տանկերի», այսպես՝ ավտոզբոսանքով գրավելու մասին հիմա խոսող Ալիևի համար նոյեմբերի 9-ը տոն ու ցնծություն է, իսկ Հայաստանը պարտության տարած, Արցախը, որպես պետական կազմավորում ու որպես հայկական բնօրրան, աղետի մատնած Փաշինյանի ու ՔՊ-ի համար, կարելի է կարծել, «պարտությամբ հպարտանալու», «վերջապես ինքնիշխան լինելու» և նմանատիպ անհեթեթաբանություններով «փայլատակելու» հնարավորություն:
Առավել ևս հիմա արդիական են հարցադրումները, թե ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ: Ոչ պակաս կարևոր է նշված հարցերին առանց ավելորդ հույզերի, ինչպես ասվում է՝ սառը գլխով հստակ պատասխանելը:
Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի: Եթե խիստ հակիրճ, ապա 2020 թվականի պատերազմը ուղիղ հետևանքն էր 2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին արկածախնդիր և անպատասխանատու քաղաքականության: Դրա հիմնական դրսևորումները հետևյալն էին. հակառուսական, հակաիրանական, հակաչինական քայլեր, հայտարարություններ, գործողություններ: Ըստ էության՝ Հայաստանի անմիջական, բնական և հնարավոր դաշնակիցերի հետ հարաբերությունների եթե ոչ խզում, ապա առնվազն՝ թուլացում:
Կարդացեք նաև
Բայց հիմնական պահը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի տապալումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «տորպեդահարումն» էր: Փաշինյանը բանակցային գործընթացը նախ փոխարինեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ առնչությունների՝ լիներ դա, պատկերավոր ասած, Դուշանբեի վերելակում, թե անձնական հանձնակատարների միջոցով ծրարներ փոխանակելով կամ տարբեր գագաթաժողովների շրջանակում հանդիպումներով (օրինակ՝ Մյունխենում): Հիմնական պահն այն է, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցություններն սկսում է իր կետից («զրոյական կետից), որ ինքն իրավասու չէ Արցախը ներկայացնել, և պետք է փոխել բանակցությունների մասնակիցների ֆորմատը: Իսկ որ հիմնականն է՝ Փաշինյանը մերժեց 2019, ապա նաև 2020-ի առաջին կեսում ներկայացված կարգավորման առաջարկները (ԼՂՀ շուրջ եղած 5 շրջանների հանձնում, խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի կարգավիճակի վերջնական որոշում ու ճանաչում):
Փաշինյանի այս մերժողական, իբր «ուլտրա-հայրենասիրական», ձևական «ոչմիթիզական» մոտեցումը 2019-2021 թվականներին կամ դրանց միջակայքում դարձավ գործելակերպ, այդ թվում՝ բուն 44-օրյա պատերազմի շրջանում:
Ավելին, 2019 թվականի օգոստոսին Համահայկական խաղերի բացման առթիվ հենց Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով նա ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցներից միանգամայն ընկալելի հույզեր գողացավ, այլև գործնականում «գնդակահարեց» բանակցային գործընթացը: Դրանից անմիջապես օգտվեցին թե՛ Բաքուն, թե՛ Անկարան, որոնք հետևողականորեն մղվում էին ռազմական ագրեսիայի՝ Հայաստանի ու Արցախի դեմ՝ «Հայկական հարցը» մեկընդմիշտ փակելու իրենց ռազմավարական անփոփոխ ծրագրին համահունչ:
Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեին բոլոր հնարավորությունները՝ պատերազմական ընթացքից խուսափելու, խնդիրը խաղաղ կարգավորելու համար, բայց արեցին ամեն ինչ, որ բանը հասնի պատերազմի: Եվ հասան: Ավելին, հիմա արդեն հանրահայտ է, որ բուն պատերազմի նախաշեմին անտեսվեցին ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ համատեղ զորավարժությունների հետ կապված, և նախազգուշացումները՝ սպասվող պատերազմի բնույթի վերաբերյալ: Անտեսվեցին ՀՀ ԳՇ վերլուծությունն ու զգուշացումները՝ միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործնական անհնարինության մասին:
Իսկ արդեն բուն պատերազմի կառավարումը ՀՀ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի, իրականացրեցին որքան հնարավոր է՝ վատ, անտաղանդ, սխալ: Կարելի է կարծել, որ ամեն ինչ արվեց… հանուն պարտության:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































