Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ ճգնաժամի առաջ. «Փաստ»

Նոյեմբեր 08,2025 11:00

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման կարևորությունն ու պարենային անվտանգության ապահովման խնդիրը վերջին տարիներին դարձել են ոչ միայն մասնագիտական, այլև լայն հանրային և պետական մտահոգության առարկա։ Այս հարցերն առավել ակնառու են դառնում այն հանգամանքում, երբ կառավարությունն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել սահմանափակել կամ արգելել որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի պարենային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագիծը, որով նախատեսվում է ժամանակավոր արգելք սահմանել նման ապրանքների արտահանման վրա, հերթական արձագանքն է այն խորքային խնդիրների, որոնց առջև կանգնած է Հայաստանի գյուղատնտեսությունը և, ընդհանրապես, սննդամթերքի ապահովման ողջ համակարգը։ Այսպիսի որոշումները բացահայտում են ոլորտում տարիներով կուտակված կառուցվածքային և ռազմավարական խնդիրները։ Հայաստանի պարենային համակարգը շարունակում է մնալ խիստ կախված արտաքին մատակարարումներից՝ հատկապես հացահատիկային և որոշ այլ հիմնական ապրանքների մասով (պատահական չէ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծումը դարձել «խաղաղության դարաշրջանի» գլխավոր PR-ներից մեկը)։ Տեղական արտադրության ծավալները տարիների ընթացքում չեն աճել այնպիսի մակարդակով, որ առավելագույնս բավարարեն երկրի ներքին պահանջարկը։ Իսկ այս իրավիճակը առավել վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այն երկրները, որտեղից Հայաստանը սննդամթերք է ներմուծում, կարող են տարբեր պատճառներով՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածություններ, գլոբալ համաճարակներ, ռեգիոնալ պատերազմներ կամ տնտեսական ճգնաժամեր, ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել իրենց արտահանումը (ադրբեջանական «լոգիստիկան»՝ առավել ևս)։

Նման դեպքերում Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ ճգնաժամի առաջ, ինչն անմիջականորեն կանդրադառնա բնակչության կենսամակարդակի, սոցիալական կայունության և երկրի ազգային անվտանգության վրա։ Այս պարագայում պարենային անվտանգության ապահովումը դուրս է գալիս զուտ գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներից և դառնում է ռազմավարական նշանակության հարց՝ համեմատելի էներգետիկ անկախության կամ ռազմական կարողությունների հետ։

Սննդամթերքի առկայությունն ու մատչելիությունը ոչ միայն ազդում են երկրի սոցիալտնտեսական կայունության վրա, այլև սահմանում են երկրի ինքնիշխանության և անկախության աստիճանը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պարենային ճգնաժամերը կարող են դառնալ քաղաքացիական բախումների, ռազմական գործողությունների, հասարակական անկայունության, զանգվածային արտագաղթի, նույնիսկ պետականության կորուստի պատճառ։ Այս համատեքստում յուրաքանչյուր պետություն, հատկապես փոքր և աշխարհաքաղաքականորեն խոցելի երկրները պարտավոր են սննդամթերքի հիմնական տեսակների մասով ունենալ ինքնաբավություն՝ առնվազն ապահովելով նվազագույն կենսական պահանջները։

Հայաստանի պարագայում այս խնդիրն ունի նաև իր առանձնահատկությունները։ Երկիրը գտնվում է լեռնային և հիմնականում չորային գոտում, ունի սահմանափակ հողային և ջրային ռեսուրսներ, հաճախ է տուժում կլիմայական փոփոխություններից ու անբարենպաստ եղանակային պայմաններից։ Բացի այդ, վերջին տասնամյակներում գյուղատնտեսության ոլորտը մնացել է համեմատաբար անտեսված՝ թե՛ պետական ներդրումների, թե՛ տեխնոլոգիական նորարարությունների, թե՛ գիտական աջակցության անբավարար լինելու տեսակետից։ Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ոչ միայն մանրացված է, այլև լուծումներ չունի արդիականացման, ֆինանսավորման, շուկայական մուտքի, մասնագետների ներգրավման և ժամանակակից մեթոդների ներդրման հարցերում։ Հողատարածքների մեծ մասը չի մշակվում կամ մշակվում է անարդյունավետ, ոռոգման համակարգերն ու ենթակառուցվածքները մաշված են, գյուղացիական աշխատանքը շարունակում է մնալ ցածր եկամտաբերությամբ, ինչը հանգեցնում է աշխատուժի արտահոսքի և գյուղական բնակչության շարունակական նվազման։

Ու քանի որ գյուղատնտեսության ներուժի օգտագործման հարցը լուծված չէ, երկրի պարենային համակարգի խոցելիությունը առավել ակնառու դարձավ հատկապես վերջին տարիներին՝ համաշխարհային շուկաներում գների կտրուկ աճի, մատակարարման շղթաների խափանման, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմական իրավիճակի ֆոնին, երբ Հայաստանի համար հիմնական մատակարարող երկրները սահմանափակեցին արտահանումը կամ բարձրացրին գները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930