News.am – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ «այս հարցը պետք է լուծվի, ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն», – ITV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ «բավականին կառուցողական» է եղել. նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեմ հակամարտությունը լուծելու համար»։
«Նա խնդրել է դադարեցնել սահմանին տիրող կրակոցները, որպեսզի դա օգնի իրեն լուծել այս հակամարտությունը»։
«Գտնվելով Դուշանբեում, պարոն նախագահը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը՝ ամբողջական անդորր և կայունություն ապահովել բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրների միջև կապի ուղիղ գիծ կազմակերպելու մասին և այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անհապաղ քայլեր ձեռնարկել կայունություն ապահովելու համար», – նշել է նախարարը։
Կարդացեք նաև
2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում, ԵԱՀԿ հայտնի Մինսկի խմբի միջնորդությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը։ Այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը լիովին փոխում է իր դիրքորոշումը, բացահայտ հայտարարում, որ ինքը չի կարող լուծել այդ հարցը [Ղարաբաղյան հակամարտությունը] և որ չի էլ լուծելու այն։
«Միաժամանակ նա բերում է շատ հետաքրքիր փաստարկ. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նույնիսկ նախագահին (Ալիևին) տալիս է հռետորական հարց. «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։ Նախագահը նրան պատասխանում է. «Ես ընդհանրապես չեմ ուզում որևէ մեկի մահը, սակայն դա երբեք չի կարող արդարացում լինել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար», – գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

















































