«Խցակիցս ինքնավնասում է անում, ես տեսնում եմ դա, բայց կանխել չեմ կարող, քանի որ նա իր իրավունքների համար է պայքարում, դա մեր լեզվով ասեմ, «այստեղ եկած է», այսինքն սխալ չի»,-մեզ հետ զրույցում նշում է քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող Ա․ Գ․-ն։ Նրա պատմելով՝ կալանավայրում գտնվողները դիմում են այդ ծայրահեղ քայլին՝ իրենց նպատակին հասնելու համար։ «Ասենք չեն ընդգրկում մեթադոնի ծրագրի մեջ, մեզ վնասում ենք, երկաթ կամ փոքր մեխ ենք կուլ տալիս, որ լսեն մեր ձայնը։ Այսպես ձեւակերպեմ՝ մեր առողջությունը քայքայում ենք՝ մեր ու ընկերների առողջությունը պահպանելու համար»,-ասում է մեր զրուցակիցը։
Ըստ քրեակատարողական ծառայության հաշվետվության, 2025թ․ առաջին 9 ամիսներին Հայաստանի 10 ՔԿՀ-ներում արձանագրվել է 444 ինքնավնասման դեպք՝ 152 անձի կողմից։ Անցած տարի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 454 դեպք՝ 168 անձի կողմից։ Ինքնավնասում կատարելու դեպքում անազատության մեջ գտնվողին պատժում են՝ ընդհուպ պատժախուց տանելով։ «Հիմա՞ դա խոշտանգում չի՞։ Վերքը մշակում են, կարում են, դեղ տալիս, հետո թե՝ «կարցեր»։ Սա սխալ է, պիտի փոխվի»,-ասում են դատապարտյալները։ Այլ տեսակետ ունեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Նրանք առաջարկում են՝ ինքնավնասում կատարած անձին ոչ թե պատժախուց տանել կամ նկատողություն տալ, այլ ավելի խիստ պատիժ սահմանել՝ ընդհուպ մինչեւ պատժի կրման ավելացում։
Քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող, ՄԻԱՎ-ով ապրող Գ․Գ․-ն հակառետրովիրուսային բուժում է ստանում։ Ըստ բժիշկների, այլ առողջական խնդիրներ չունի, բայց անընդհատ դիմում է ինքնավնասման, որպեսզի տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ «Տանենք այնտեղ ինչ անե՞նք,-մեր հարցին ի պատասխան նշում են բժիշկները,-կարիքի դեպքում քաղաքացիական հիվանդանոց ենք տեղափոխում, հետո եթե հետվիրահատական ապաքինման կարիք է լինում՝ անմիջապես տեղափոխում ենք «Դատապարտյալների հիվանդանոց»«։
Պատիժ կրող անձանց մեծ մասը ինքնավնասումների, շատ հաճախ դիմում են մեթադոնային բուժում ստանալու համար։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր»: Թմրամիջոցներից կախվածություն ունեցող ազատազրկված անձը գրավոր դիմում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ին, որից հետո «Կախվածությունների ազգային կենտրոն» են ներկայացվում տվյալ անձի մեզ՝ տոքսիկոքիմիական հետազոտության համար: Հետազոտության դրական ցուցանիշի դեպքում պատիժ կրող անձը ընդգրկվում է «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում։
Կարդացեք նաև
Տեղեկանք– Մեթադոնը սինթետիկ (արհեստական) օփիոիդային դեղամիջոց է: Հիմնականում օգտագործվում է ցավազրկման համար, երբ այլ ցավազրկողներն արդյունավետ չեն, ինչպես նաեւ՝ օփիոիդային կախվածության բուժման նպատակով: Մեթադոնն ազդում է օփիոիդային ընկալիչների վրա, ինչպես մորֆին կամ հերոինը, բայց ունի ավելի երկար ազդեցություն:
2025թ. առաջին 6 ամսվա տվյալներով, մեթադոնային բուժման ծրագրում ընդգրկված է 239 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Ըստ ոլորտի պատասխանատուների, այդ թիվը ամեն օր փոփոխման ենթակա է։
Լրագրողական մեր հարցախույզի ընթացքում հարցվող 120 մեթադոնային բուժում ստացողների 97 տոկոսը նշել է, որ բուժումը օգնում է նրանց բարելավվել ֆիզիկական ու մտավոր առողջությունը։ Համարյա բոլորը նշել են, որ իրենք բժշկի նշանակած դեղաչափն են ստանում, սակայն 48 տոկոսի կարծիքով, իրենց չափաբաժինը բավարար չէ, բայց բժիշկները չեն ավելացնում այն։ Փոխարենը ցավազրկող դեղամիջոցներ են առաջարկում։ Հարցման մասնակիցները նշել են նաեւ, որ նրանց համապատասխան տեղեկատվություն չի տրվել մեթադոնի կողմնակի ազդեցությունների վերահսկման մասին։ Մասնավորապես, հարցվողները տեղյակ չէին, որ մեթադոնը կարող է առաջացնել թունավորում, ընդհուպ՝ մահ, եթե ընդունվի սխալ դեղաչափով եւ առանց բժիշկի վերահսկողության:
Հարցման այլ մանրամասները կներկայացնենք առանձին հոդվածում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































