«Երբ արդարադատության համակարգի ամենատարբեր ինստիտուտների ղեկավարները մեկ օրվա մեջ քաղաքական իշխանության ղեկավարի sms-ով կարող են ազատվել աշխատանքից, և հանրության համար որևէ հիմնավոր բացատրություն չտրվի դրա համար, սա բավարար հիմք է, որ հանրության մոտ ձևավորվի համակարգի նկատմամբ այն ընկալումը, որ արդարադատության համակարգը քաղաքական իշխանությունից անկախ չէ, ինքնուրույն չի գործում»,-«Իրավունքի և Ազատության Կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկմանը ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ըստ նրա՝ այս փաստն այդպիսի ընկալում է ստեղծում նույն ինստիտուտների կրողների մոտ․ «Այդ կառույցների ներսում նրանց ներքին դիմակայունության մասին դժվար է սրանից հետո խոսել։ Այսօր նման թարմ դեպքեր շատ են։ Վերջերս Սամվելի Կարապետյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդումն էր, երբ քաղաքական ուղղորդմամբ, զուգահեռ, ներդաշնակ արդարադատության համակարգի մարմինները համապատասխան դրսևորումներ էին իրականացնում։ Դրա վառ օրինակն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ քաղաքական թիրախավորումը և եկեղեցու տարբեր հոգևորականների նկատմամբ սկսված իրավական գործընթացները»։
Արթուր Դավթյանը ցավով նշեց, որ 35-ամյա արդեն պետության քաղաքական իշխանության ղեկավարը հրապարակայնորեն արդարացնում է դատական համակարգի վրա իր ազդեցությունը մի բացատրությամբ, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ քաղաքացիներն իրենցից են ակնկալում այս կամ այն դեպքով արդարադատություն․ «Սրանից ավելի վառ օրինակ, թե մեր հասունությունն ինչի է հանգեցրել, դժվար է մտածել։ Համապետական ընտրություններից առաջ քաղաքական իշխանության ձգտող բոլոր գործիչները, ուժերը հստակորեն պետք է դիրքորոշում հայտնեն, ներկայացնեն իրենց տեսլականը, որն ի ցույց կդնի հանրության համար՝ այսօրվա գործող իրավական մեխանիզմներից ինչպիսի նորարարություններ, փոփոխություններ են իրագործելու, որոնք ակնհայտորեն քաղաքական ուժերին զրկելու են արդարադատության համակարգի վրա ազդեցության հնարավորություններից։ Խոստումների հավատալն այլևս միամիտ է․ հստակ ժամկետներ ու հստակ մեխանիզմներ են պետք։ Այդ մեխանիզմներն իրագործելու համար քայլեր չձեռնարկելու համար համապատասխան պատասխանատվություն պետք է լինի։ Մեր հանրության համար կարևոր է արդարադատության համակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումը»։
Իր դիրքորոշումը ներկայացնելով՝ Արթուր Դավթյանն ասաց՝ արդարադատության համակարգը պետք է զատել քաղաքական համակարգից։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































