Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ արցախցին հնարավորություն չպիտի ունենար դիտելու Հայաստանի հեռուստահաղորդումները, ինչո՞ւ Հայաստանում հումանիտար բուհ ավարտածը չէր կարող պաշտոն ունենալ ԼՂ-ում, ինչո՞ւ էին ԼՂԻՄ-ում արգելված հայրենասիրական երգերը». Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանում արցախցիների անհոգ ապրելու կեղծ թեզերի մասին

Նոյեմբեր 08,2025 15:02

«Իմնեմնիմիի» փոդքաստի բացառիկ թողարկման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր իշխանական շրջանակների կողմից շրջանառվող թեզին, թե արցախցիներն ամբողջ կյանքը հաշտ ու համերաշխ են ապրել ադրբեջանցիների հետ, երբեք խնդիր չեն ունեցել, եւ ինքը՝ որպես արցախցի, որն իր երիտասարդ տարիներն անցկացրել է Արցախում՝ ապրելով այդ միջավայրում, պատմեց, թե ինչպիսի՞ն էր կյանքն Արցախում մինչեւ 1988 թվականի շարժումը ու ինչպե՞ս եղավ, որ անհամատեղելիություն ծագեց: «Բայց սրանց մեջ քանի՞ հոգի կան, որ իրենք իրենց աչքով են տեսել: Էդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել: Բա ինչո՞ւ դրա մասին չէին ասում մինչեւ 2018 թիվը, մինչեւ 2020 թիվը:

Որպեսզի այս հարցին ավելի քիչ ժամանակ հատկացնենք, ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք: Մեկը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հայաթափումն էր եւ երկրորդ հանգամանքը՝ բուն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Երբ որ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, այդ ժամանակ բնակչության հարաբերակցությունը 5%-95 % էր՝ հօգուտ հայերի: Եթե հակառակը լիներ, ընդհանրապես ինքնավարություն չէր լինի: Բայց արդեն 80-ական թվականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25%-75%: Այսինքն, եւս մի 20 տարի եւ այլեւս ինքնորոշման հարց բարձրացնելն անիմաստ էր, որովհետեւ ադրբեջանցիները շատ հեշտ ու հանգիստ կհամաձայնվեին, կասեին՝ դե եկեք հանրաքվե անցկացնենք, տեսնենք ինչ է: Սա ամենակարեւոր հանգամանքն էր:

Կային այլ հանգամանքներ, որոնք ուղղակի պարտադրում էին մարդկանց՝ հարցեր տալու: Եվ այդ հարցերի պատասխանները բերում էին շատ վատ հանգամանքների: Ամենավառ օրինակներից մեկը. ինչո՞ւ արցախցին, ղարաբաղցին հնարավորություն չպիտի ունենար դիտելու  Հայաստանի հանրային կամ պետական հեռուստաընկերության հաղորդումները: Ինչո՞ւ Հայաստանում հումանիտար բուհ ավարտածները չէին կարող տեղ ունենալ Լեռնային Ղարաբաղի պետական պաշտոններում: Տեղյակ մարդիկ են ասել, որ երբ ինձ ընդունում էին աշխատանքի, այդ պահի դրությամբ ես միակն եմ եղել, որ ավարտել եմ Հայաստանում հումանիտար բուհ:

Հաջորդ օրինակը բերեմ: Շատ-շատերին էր հետաքրքրում, թե ինչու պետք է Լեռնային Ղարաբաղում արգելվեին, օրինակ, հայրենասիրական երգերը: Այն երաժշտական խմբերը, որոնք այդ երգերը կերգեին, անպայման պետք է հրավիրվեին հայտնի կառույցներ:

Այսպիսի բազմաթիվ օրինակներ կային: Եվ խոսքը միայն 70-80-ականների մասին չէ: Եթե պրոբլեմներ չլինեին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նվազագույնը երկու առաջին քարտուղարներ, պատկերացնո՞ւմ եք, ստալինյան ժամանակահատվածում այդ հարցը չէին բարձրացնի քաղբյուրոյի առջեւ՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միացնել Հայաստանին:

Կենցաղային բաների մասին էլ չեմ խոսում: Առաջին անգամ 88 թվականին չէ, որ Ղարաբաղում պոռթկում է եղել: Եթե հիշողությունս չի դավաճանում, 1967 թվականին Լեռնային Ղարաբաղում եւ առաջին հերթին Ստեփանակերտում մտցվեց պարետայի ժամ: Սովետական Միության պարագայում դա հազվագյուտ դեպք էր: Ինչո՞ւ եղավ այդ բռնկումը: Որովհետեւ ադրբեջանցիները սպանել էին հայի երեխայի: Ակնհայտ է, որ նրանք ձերբակալվել էին եւ որոշվել էր, որ դատավարությունը անցկացվի Ստեփանակերտում: Եվ երբ ներսից ասացին, որ մեղմ պատիժներ են տվել, հավաքված բազմությունն ուրիշ ճանապարհ չտեսավ, քան երբ որ արդեն այդ հանցագործներին բերել էին, ոստիկանական մեքենայի մեջ տեղակայել, մարդիկ հարձակվեցին, շրջեցին այդ մեքենան եւ հրկիզեցին: Ուզում եմ ասել՝ բազմաթիվ այդպիսի կենցաղային խնդիրներ էին առաջանում:

Ես չեմ ասում, որ չի եղել ընկերական, բարեկամական հարաբերություններ: Եղել են: Բայց վատ բանը միշտ ավելի մեծ տարածում է գտնում: Սա էր ամբողջ վիճակը: Իսկ այն հեքիաթները, թե КГБ-ի կազմակերպածն է, խոսում են այն մարդիկ, որոնք КГБ-ի ժամանակ չեն էլ ապրել կամ գոնե հասուն մարդ չեն եղել: Եվ չի կարելի մարդկանց դնել հայտնի կենդանու տեղ»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930