Արձագանքելով այսօրվա գործիչներից մեկի հայտարարությանը, թե ինչպես 1992 թվականին Շուշին մեզ են նվիրել, այդպես էլ Շուշին նվիրվել է այս իշխանությունների կողմից, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմիի» փոդքաստի բացառիկ թողարկման ժամանակ ասաց. «Նախ, պիտի ասեմ, որ Շուշիի ազատագրմանը նախորդել էին հանգամանքներ: Եվ ամենակարեւորներից մեկն այն էր, որ դրանից 1,5-2 ամիս առաջ ադրբեջանցիները հարձակվել էին Քարին տակ գյուղի վրա: Այնտեղ շատ թեժ մարտեր եղան եւ ադրբեջանցիների գրեթե մի ամբողջ գումարտակ ջախջախվել էր: Մենք էլ ունեցանք կորուստներ. Վաղոն գյուղի պատասխանատուն էր, մեր այնտեղի հրամանատարը, որը զոհվեց մի քանի հոգու հետ: Բայց ադրբեջանցիների կորուստը շատ-շատ մեծ էր: Ի միջի այլոց, այդ օպերացիայի կամ հարձակման համար Ադրբեջանում այն ժամանակ գործող պաշտպանության նախարարին դատապարտեցին եւ նա մեծ պատիժ կրեց:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ մենք, իրոք, այլ ճանապարհ չունեինք, որովհետեւ ոչ միայն այլ վայրերից, նաեւ Շուշիից, որը բարձր դիրքով գերիշխում էր, օր է եղել, որ 300-ից ավելի արկ եւ հրթիռ է ընկել Ստեփանակերտի վրա: Դրա համար բոլորը ոգեւորությամբ են ընդունել Շուշին ազատագրելու լուրը, էլ չեմ ասում, որ տոնակատարություն էր Շուշին ազատագրելուց հետո:
Մենք լրացուցիչ ուժերի կարիք չենք ունեցել: Բացի դրանից, մենք պարտավոր էինք նաեւ առաջնագծի հատվածներն ուժեղացնել, որպեսզի այս հարձակմանը զուգահեռ այլ տեղերից չունենանք հարձակումներ:
Իրականությունը հետեւյալն է, որ առաջին օրը մեր հարձակումն իր նպատակին չէր հասել: Նորություն չեմ ասում, որովհետեւ մեր տանկի արկերը քիչ էին, մեր տանկում հակատանկային արկ չկար: Բայց քանի որ օպերացիան լավ էր նախապատրաստվել, եւ միայն կենտրոնական ուղղությունը չէր՝ չորս ուղղություններ կային, երեկոյան որոշում կայացվեց, որ չորս ուղղություններից մեկն արագ գործարկվի: Եվ ունենալով սահմանափակ քանակությամբ հրթիռներ եւ արկեր, ուժեղ գնդակոծել Շուշին:
Կարդացեք նաև
Հակառակորդի մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրենք ամբողջովին շրջափակված են, եւ այդ մարդիկ փախան: Զորքն էլ փախավ, քաղաքացիական բնակչությունն էլ փախավ: Արդյո՞ք դա կոչվում է նվեր:
Իսկ ինչպե՞ս հանձնվեց Շուշին: Մենք այնտեղ անհամեմատ շատ ավելի զոհեր ենք տվել, քան գրավելու ժամանակ: Եվ զոհեր տվել ենք երեւի հիմնականում, երբ որ ադրբեջանցիներն արդեն Շուշիի մի մասը վերահսկում էին: Եթե հիշում եք, կարծեմ նոյեմբերի 7-ին էր, երբ որ դատարկ խոսացողներից մեկն ասաց, որ մարտեր են գնում Շուշիի համար: Բայց այդ մարտերը շարունակվում էին ետ գրավելու համար, որովհետեւ Շուշին հանձնվել էր ամսի 5-ին: Արդեն ամսի 5-ի գիշերը Շուշիի վերահսկողությունն ադրբեջանցիների ձեռքում էր: Այնպես որ Շուշիի ազատագրման ժամանակ նվիրելու ոչ մի խնդիր չի եղել»,-պատմեց Սերժ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































