Արկադի Փայտյան․ աշխատավարձ «Ֆլեշ»-ից եւ զինվորական թոշակ
«Ժառանգություն» կուսակցության ցուցակն առաջնորդում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Արկադի Փայտյանը։
Փայտյանը հայտարարագրել է ընդհանուր համատեղ սեփականությամբ երկու բնակարան, երկու սեփական ավտոմեքենա՝ 2005-ին արտադրված Honda Pilot եւ 1998-ին արտադրված Mercedes-Benz ML-320։
Կարդացեք նաև
Փայտյանը եկամուտ է հայտարարագրել «Ֆլեշ» ՍՊԸ-ից ստացված աշխատավարձը՝ 250,000 ՀՀ դրամ, եւ զինվորական թոշակը՝ 138,500 ՀՀ դրամ։
Հայտարարագիրը լրացնելու պահին Փայտյանի դրամական միջոցները կազմել են 25,000 ՀՀ դրամ։
Թանկարժեք գույք կամ ներդրումներ թեկնածուն չի հայտարարագրել։
Արգիշտի Մեխակյան․ աշխատավարձ՝ ՏԻՄ եւ պետական կառավարման մարմիններից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Մեխակյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակելի տուն եւ սեփական մեկ ավտոմեքենա՝ 2018-ին արտադրված TOYOTA Camry 70:
Մեխակյանը եկամտային երեք աղբյուր է հայտարարագրել՝ 1,871,352 ՀՀ դրամ աշխատավարձ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմից, 8,872,727 ՀՀ դրամ աշխատավարձ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից եւ 1,473,335 ՀՀ դրամ աշխատավարձ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմից։
Հայտարարագիրը լրացնելու պահին Մեխակյանի դրամական միջոցները կազմել են 580,000 ՀՀ դրամ։
Թանկարժեք գույք կամ ներդրումներ թեկնածուն չի հայտարարագրել։
Խաչիկ Մանուկյան․ աշխատավարձ՝ Հայաստանի գրողների միությունից
«Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։ Նա գրական հանդիպումների կազմակերպիչ է Հայաստանի գրողների միությունում։
Մանուկյանը հայտարարագրել է սեփական մեկ վարելահող եւ սեփական մեկ ավտոմեքենա՝ 1998-ին արտադրված Daewoo Matiz 0.81։
Մանուկյանը եկամտային մեկ աղբյուր է հայտարարագրել՝ 1,000,000 ՀՀ դրամ աշխատավարձ Հայաստանի գրողների միությունից։
Հայտարարագիրը լրացնելու պահին թեկնածուի դրամական միջոցները կազմել են 2,000,000 ՀՀ դրամ։
Թանկարժեք գույք եւ ներդրումներ Մանուկյանը չի հայտարարագրել։
Արտյոմ Սիմոնյան․ թոշակ՝ ՀՀ ՊՆ-ից
«Համահայկական ճակատ» կուսակցության առաջին համարն է Արտյոմ Սիմոնյանը։ Նա իր հայտարարագրում աշխատավայր եւ պաշտոն չի նշել։
Անշարժ գույք Սիմոնյանը չի հայտարարագրել։
Հայտարարագրել է սեփական մեկ ավտոմեքենա՝ 2020-ին արտադրված MAZDA cx-9։
Սիմոնյանը եկամտային մեկ աղբյուր է հայտարարագրել՝ 196,000 ՀՀ դրամ թոշակ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայտարարագիրը լրացնելու պահին թեկնածուի դրամական միջոցները կազմել են 750,000 ՀՀ դրամ եւ 1,110 ԱՄՆ դոլար։
Թանկարժեք գույք եւ ներդրումներ Սիմոնյանը չի հայտարարագրել։
Համատեքստ
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցում է քաղաքական ութ ուժ, այսինքն՝ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։
ՀՀ Ընտրական օրենսգրքի ութերորդ հոդվածի հինգերորդ կետը նշում է․ «թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները»:
Պետք է հաշվի առնել, սակայն, որ թեեւ հայտարարագիր լրացնելը Օրենքի պահանջ է, դրանց բովանդակությունը ստուգում չի անցնում ԿԸՀ-ում։ Aravot.am-ը չի կարող հաստատել առանձին հայտարարագրերի բովանդակության արժանահավատությունը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ





















































