ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխության մասին 30-րդ համաժողովին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին։
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է․
«… Մենք հավաքվել ենք Բելեմում՝ Ամազոնի սրտում, Փարիզյան համաձայնագրի ընդունման 10-ամյակին՝ հույսի և լավատեսության նոր զգացումով, որ կարող ենք շրջել կլիմայի փոփոխության վտանգավոր ընթացքը և հասնել Համաձայնագրի նպատակներին։ Քանի որ մենք գտնվում ենք առաջին Գլոբալ Վերանայումից հետո իրականացման վճռորոշ տասնամյակում, որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ՝ Բելեմում, պետք է հստակ ուղեցույց հանդիսանան կլիմայի դիմադրողականության և կլիմայական արդարության համար։
Հայաստանը վճռականորեն հանձնառու է իր ներդրումն ունենալու համատեղ ջանքերում՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և հարմարվողականությանը։ Թեև Հայաստանի չափաբաժինը գլոբալ արտանետումներում աննշան է, մենք ձգտում ենք ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.5°C՝ համապարփակ և տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող մեղմացման միջոցառումներով։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի ի ցույց դնել, որ նույնիսկ փոքր պետությունները կարող են առաջնորդնել իրենց օրինակով հավակնոտ ազգային գործողությունների միջոցով։
Փարիզյան համաձայնագրի շրջանակում մշակված Հայաստանի՝ 2026–2035 թթ. թարմացված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները, հիմնված լինելով գիտության և ազգային իրողությունների վրա, արտացոլում են կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու մեր հավակնոտ հանձնառությունը։ Դրանք ուղղված են մեր էկոհամակարգերի, կենսաբազմազանության, գյուղատնտեսության և բնակչության կենսաապահովման միջոցների նկատմամբ կլիմայի փոփոխության ազդեցության չեզոքացմանը։
Կարդացեք նաև
Ըմբռնելով այս փոխկապակցված մարտահրավերների հրատապությունը՝ Հայաստանը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր, իր գործընկերների հետ համատեղ ձեռնարկում է ակտիվ քայլեր՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու և կլիմայի փոփոխության մեղմացման ու կենսաբազմազանության պահպանման ինտեգրված մոտեցումները խթանելու համար՝ նպատակ ունենալով Բելեմի COP30-ի ընթացքում ապահովել գործնական արդյունքներ սիներգիայի շուրջ, որը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի արդյունավետ գլոբալ վերանայմանը՝ 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության Կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում…»։
ՀՀ ԱԳՆ


















































