Ամեն օր ինչերի ասեք, որ այստեղ ականատես չենք լինում՝ մեր կյանքից է կրճատվում։ Ու հասկանում ենք, որ մենք, եթե ապրել ենք, ապա միայն՝ Արցախում, թեկուզ թշնամու չար հայացքի տակ։ Տեսնում ենք՝ կարգալույծ արված քահանան Հովհաննավանքում պատարագի մատուցման արարողություն է իրականացնում, որի իրավունքը չունի: Ավելին՝ այդ պղծությանը մասնակցում են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլք: Ցնցող տեսարան է:
Պարզվում է՝ այսպես են Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում իշխանավորները՝ ժողովրդի մասնատման, ատելության տարածման «մասկի-շոուներ» կազմակերպելով։ Կարգալույծ արվածը հայտարարում է, որ եկող կիրակի եւս պատարագի ծեսն ինքն է կատարելու, վարչապետն էլ իր պատրաստակամությունն է հայտնում անպայման մասնակցել «սուրբ եւ անմահ» պատարագին։ Հենց այսպես են տարաձայնություններ առաջանում եկեղեցու եւ իշխանության միջեւ՝ ի վնաս պետության հեղինակության: Ով չգիտի, որ վերեւից է ուղղորդված այս ամենը։
Պիտի ասենք՝ ազատ, ժողովրդավար երկրում ենք ապրում, բայց կալանավայրերը լցված են քաղբանտարկյալներով, օրենքի դռների ետեւում գիշերային դատավարություններ են ընթանում եւ, ընդհանրապես, ժողովրդի խաղաղ կյանքը հարամված է, գիշերն ու ցերեկը՝ իրար խառնված։ Երկիր կորցրինք՝ հերիք չէ, գոնե հանգիստ թողնեին գոյություն քարշ տվողներիս, բայց ամենուր գզվռտոց է, աթոռակռիվ, երբեմն վարչապետի՝ արտաքուստ թաքցված կեղծ հանգստության քողի տակ, որին ոչ մի երաժշտություն եւ ոչ մի «բարի լույսի» մաղթանք չեն օգնի՝ որքան էլ շինծու «ժեստերի» լեզվով «սրտիկներ» շռայլվեն ժողովրդին։
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































