Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 9-ը մեզ պետք է հիշեցնի պետականության պատասխանատվությունը. Ջենեսիս Արմենիա

Նոյեմբեր 09,2025 15:11

Պատերազմում պարտադրված պարտությունից 5 տարի անց ՀՀ իշխանությունը շարունակում է տարածքի ու ինքնիշխանության նորանոր զիջումների կործանարար քաղաքականությունը՝ կեղծ խաղաղության պատրանքը ներկայացնելով որպես լավագույն այլընտրանք: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական պետականության հիմքերն ստացան համակարգային ու արժեքային մեծ հարված, խաղաղության տեսլականը փոխարինվեց ասիմետրիկ ռազմավարական հավասարակշռությամբ և Հայաստանի ու հայության նկատմամբ գոյութենական ու անվտանգային նորանոր սպառնալիքներով:

Հայկական անվտանգային քիչ թե շատ կայացած համակարգն աստիճանաբար քանդվեց, դիվանագիտությունը դուրս եկավ ազգային-պետական շահերն ու նպատակներն սպասարկելու ուղեծրից, հազարավոր զոհերի արյան գնով ու հայության հավաքական ջանքով վերակառուցված Արցախը հայաթափվեց, ՀՀ-ն կորցրեց ինքնիշխան տարածքներ, հայկական բանակի կարողականության և մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածության մասին միջազգային գործընկերների պատկերացումներն ու դաշնակցային վստահությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին թելադրել ներհայաստանյան քաղաքական օրակարգը՝ պարտադրելով նվաստացում և նոր զիջումներ։

ՀՀ-ն այսօր աշխարհին ներկայանում է առանց ռազմավարական օրակարգի, առանց հստակ անվտանգային ճարտարապետության, առանց դերակատար դառնալու կամքի և ձգտման, փոխարենը՝ Հարավային Կովկասում նեոթուրանականության կաղ ու կամակատար միավորի դերում հանդես գալու իշխանական պատրաստակամությամբ՝ խաղաղության կեղծ պատրանքների փաթեթավորմամբ: Բայց որպեսզի հայն ու Հայաստանն ապրեն ազատ, պիտի ապրեն իրական խաղաղության պայմաններում: Իրական խաղաղությունը չի՛ կարող անարդար լինել, այլապես տարածաշրջանը կմնա անվերջանալի պատերազմների շղթայում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահանջում է միմյանց գոյությունը ճանաչելու կամք և հարգանք ինքնիշխանության նկատմամբ, Բաքվում պահվող և շինծու դատական գործերով անցնող ռազմագերիների ազատ արձակում, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի վերախմբագրում և Արցախի ժողովրդի հավաքական տունդարձի իրավունքի հայաստանյան և միջազգային ճանաչում:

Հայկական հիշողությունը պիտի լինի արդար նախևառաջ սեփական պատմության սխալներից ու սայթաքումներից սովորելու հարցում: Լռությունն ու հարմարվողականությունը չեն կարող առաջընթացի հիմք հանդիսանալ: Խաղաղությունը չի տրվում, այլ կառուցվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների շահերը, միջազգային իրավունքի նորմերը, անվտանգության շոշափելի և երաշխավորված մեխանիզմները, հայկական ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի՝ ԶՈՒ-ի մարտական վերականգնումը:

Genesis Armenia-ի տեսլականն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն չպատերազմել, բայցև պետք է պայքարել արդարության ձևավորման համար։ Սա ազգերի բարոյագիտությունն է, պետությունների անկախության երաշխիքն ու տարածաշրջանում համակարգերի հավասարակշռությունը պահելու տեսլականը:

Պետականությունը չի պաշտպանվում կարճաժամկետ սակարկություններով, այլ՝ ազգային հավաքական կամքով, ռազմավարական մտքի խորությամբ, տակտիկական ճկունությամբ և ազգային-պետական նպատակների շուրջ հանրային համախմբում ապահովելով։

Պիտի կանգնենք ոչ թե ցավոտ անցյալի ստվերի տակ, այլ զարգացման ու արժեքային հաղթանակի պատասխանատվության առջև։ Ազգերն ու պետությունները պարտվում են միայն այն ժամանակ, երբ գերագնահատում են սեփական կարողությունները, կորցնում խելամիտ հաշվարկի հարացույցը, աքլորանում, պառակտվում, կտրվում քաղաքական իրականությունից, դադարում հավատալ ապրելու, արարելու և զարգանալու բնական իրավունքին։

Նոյեմբերի 9-ը մեզ պետք է հիշեցնի ոչ թե պատերազմում ՀՀ իշխանության կործանարար արկածախնդրության ու թշնամու հերթական ագրեսիայի պարտության ցավը, այլ պետականության պատասխանատվությունը։ Պարտավոր ենք դուրս գալ պարտադրանքների տրամաբանությունից և վերակառուցել հայության գաղափարական ու արժեքային, իսկ Հայաստանի՝ դիվանագիտական ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը։

Արցախ հավաքական վերադարձ լինելու՛ է:

Խունկ ու աղոթք հայրենիքի ազատագրության դատին զոհվածների հոգիներին:

ՋԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930