Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ էլ գիտեին, թե ինչ ձեւի են արցախցիները պայքարել, մեր երեխաները մի թիզ երեխաներ էին, ես ու հարսս նույնիսկ չենք էլ ասել՝ այ բալա, սպասեք տեսնենք ինչ է լինելու, նոր գնացեք»

Նոյեմբեր 09,2025 15:30

Արցախից բռնի տեղահանված Նուշիկ Ղարայանի ընտանիքը երեք զոհ է տվել 2020 թվականի 44-օրյա պատերազմում․ զոհվել են Նուշիկ Ղարայանի որդին՝ Գարեգին Ղարայանը եւ երկու թոռները՝ Դավիթ ու Վազգեն Ղարայանները։

«Սեպտեմբերի 26-ին փոքր թոռանս ծնունդն էր, հավաքվել էինք, հաջորդ օրը՝ առավոտը 7 անց կես ռումբ էր, չգիտեմ ինչ էր, եկավ մեր վերեւն ընկավ՝ անտառի մեջ։ Վռազ հասկացանք, թե ինչն ինչոց է, տղաս 22 տարվա զինծառայող էր, բայց թոշակի էր, առավոտ շուտ երեխուն հասցրեց Մարտունի, ծառայում էր։ Ինքն էլ գյուղի տղաների հետ կամավոր գնացին Հադրութ։ Հոկտեմբերի 11-ին թոռս՝ Դավիթը զոհվեց՝ Մարտունիում, 73 երեխաների հետ։ Իմանալով, որ թուրքերն արդեն Հադրութում են, ուրալներով էդ երեխաներին բերին կրակի բերան։ Հոկտեմբերի 13-ին տղաս մյուս թոռանս՝ Վազգենի հետ զոհվեց»,- պատմեց Նուշիկ Ղարայանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե «արցախցիները չեն կռվել, թող մնային, կռվեին», Նուշիկ Ղարայանն ասում է․ «Էդ ամենացավալի հարցն է մեր ընտանիքի համար։ Առավոտ շուտ երեխեքը գնացին, չսպասեցին, որ կանչեն։ Ասում էին՝ մնայիք, չգիտեմ՝ ինչ ձեւի ասեմ, մեր երեխաները մի թիզ երեխաներ էին, ես ու հարսս նույնիսկ չենք էլ մտածել ասել՝ այ բալա, սպասեք տեսնենք ինչ է լինելու, նոր գնացեք։ Ո՞նց կարայինք էդ բանը մենք ասեինք, իրենք էլ անգամ չէին մտածի, որ հա, կարան սպասեն սպասեին։ Սաղ էլ գիտեին, թե ինչ ձեւի են արցախցիները պայքարել։ Վազգենի հետ մեր գյուղի դպրոցի տնօրենն էր, եկավ պատմեց, ասաց՝ արդեն շատ մոտ էինք թուրքերին, իրենք այնտեղից հա բղավում էին՝ եկեք հանձնվեք, մենք ձեզ ողջ-առողջ կհասցնենք ձեր ծնողներին։ Ասում է՝ Վազգենն ասաց՝ մենք էլ ենք ձեզ խոսք տալիս, որ ձեզ կհասցնենք ձեր ծնողներին, դուք հանձնվեք։ Ասում էր՝ թող իրենք մեզանից վախենան, խի պետք է մենք իրենցից վախենանք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նուշիկ Ղարայանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիներին որեւէ ճիշտ քայլ չի արել․ «Ո՞նց կարելի էր ասել, որ եթե մենք 5000 զոհ տանք, ժողովուրդը մեր հետեւից կգա։ Տենց էլ արեց, ինքը հենց սկզբից էր արդեն որոշել՝ ինչն ինչոց է։ Ես զարմանում եմ, որ հլա իր կողմից մարդիկ կան, հավատում են, էդ արդեն վերջն է»։

Անդրադառնալով հարցին, թե Արցախ վերադառնալու հնարավորություններ տեսնո՞ւմ են՝ Նուշիկ Ղարայանն ասաց․ «Վերադարձին չեմ հավատում, կարող է ես էլ չտեսնեմ, իմ թոռներն էլ չտեսնեն։ Եթե անգամ հիմա ասեն՝ Ղարաբաղը վերցրել ենք, մերն է, Ղարաբաղի ամեն մի քարի ու թփի հետ մի խարդախություն արել են»։

Նա նշեց, որ պատերազմից հետո զոհերի հարազատների հետ մեկ անգամ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հանդիպումն ընդհանուր է, ծնողներով էինք, ինքն էն վախտ ընենց հույս էր տալիս։ Մտքումս ասում եմ՝ այ սվոլոչ, դու պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930