Արցախից բռնի տեղահանված Կարինե Պողոսյանի որդին՝ Մխիթար Պողոսյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 35 տարեկան էր, զոհվել է նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո։ Մխիթարը հետախույզ էր, պատերազմի օրերին եղել է ամենաթեժ կետերում։ Ինչո՞ւ է հրադադարից հետո հայկական կողմը այդ գիշեր զոհեր տվել։ Այս հարցին Կարինե Պողոսյանը պատասխանում է․ «Էդ անասուններն ինչքան բոմբեր ու զենքեր ունեին, բերել թափել էին մեր դիրքերի վրա, երեւի ուզում էին Մարտունին վերցնել, ուզում էին մտնել Մարտունի»։
«Ինքը 44 օր չնահանջեց, տուն չեկավ, միշտ զանգում էի, ասում էի՝ գոնե արի տուն։ Ասում էր, չէ մամ, հողի միջից երեխեք եմ հանում, ես ո՞նց գամ տուն, 18 տարեկաններին բերել են, վախենում են, մեղք են էս երեխեքը, չեն նահանջում, էս պուճուր երեխեքն ասում են՝ հոպար, դու որ մեզ հետ ես, մենք չենք վախենում, մենք քո հետ կմնանք դիրքերում։ Ասում էր՝ մամ, մենք չենք նահանջում, իրենց ջոկատը հատուկ էր, ամեն տեղ օգնում էին, գնում էին, վիրավորներին ու զոհերին հանում էին։ Ասում էր՝ մամ, որ գամ, բա էս երեխեքի մայրերին ի՞նչ պատասխան եմ տալու»,- ասում է Կարինե Պողոսյանը։
Նրա խոսքով՝ մեր բանակն ի զորու էր թշնամու դեմն առնել, եթե հակաօդային պաշտպանությունը լիարժեք լիներ։ «Եթե օդը փակեին, մեր երեխեքը կանգնած էին դիրքերում, իրենք չէին նահանջում, թեկուզ հրաման կար նահանջելու, բայց իրենք պայքարել են, չեն նահանջել։ Օդը չէին փակել, եթե օդը փակեին, ոչ էսքան զոհ կլիներ, ոչ էլ նրանք կկարողանային մոտենալ մեր դիրքերին։ Պատերազմը երկնքից էր սվաղ գիտեին, կրակ էր թափվում երկնքից։ Տղաս ասում էր՝ մենք չենք վախենում մամ, մենք կանգնած ենք, մենակ թե գոնե օդը փակեն»,- ասաց նա։
Կարինե Պողոսյանն ասում է, որ չէին պատկերացնում այսպիսի հանգուցալուծում, որ Արցախը մի օր հայկական չի լինի։ Մխիթարի մարմինը ամփոփված է հայրենի Ճարտար գյուղում։ «Իրեն ուզում էին բերել Եռաբլուր, տղաները եկան ասացին՝ տիկին Կարինե, ինքն արժանի է, տանենք Եռաբլուր։ Ասացի, չէ, ինքն էս հողի համար է զոհվել, թող իր հողում հանգիստ լինի։ Չթողեցի բերեին Եռաբլուր, չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ։ Ով կպատկերացներ, որ այսքան զոհերից հետո Արցախը կհանձնեին։ Երբեք չենք պատկերացրել, ասում էինք՝ գոնե էսքան երեխեքի կյանքի գնով էս մի պուճուր Արցախը կմնար, կհիշվեր, որ էս երեխեքը հերոսաբար կռվել են։ Մինչեւ հիմա չեմ հավատում, որ Արցախ չկա ու էլ չի լինելու»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Կարինե Պողոսյանն ասում է, որ առանց Արցախ չի պատկերացնում իրենց կյանքը, Արցախի հարցը չի կարող այսպես փակվել․ «Ես գիտեմ՝ ժամանակավոր եկել ենք, էլի հետ կգնանք, ո՞նց կարելի է հաշտվել Արցախի կորստի հետ։ Եթե մի փոքր հնարավորություն լինի, ես ոտքով էլ կգնամ իմ տուն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































