Նիդերլանդները Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ համայնքների թիվը տարեցտարի նվազում է։ Պատճառը համայնքների միավորումն է։ Դեռ 1851-ին երկիրն ուներ 1209 համայնք, իսկ արդեն 1900-ին` 1100։ 1991-ից մինչև 2017-ը այդ թիվը նվազել է մինչև 355 (2019-2020թթ.)։ Համայնքների վերջին միավորման արդյունքում 2023-ի հունվարի 1-ի դրությամբ Նիդերլանդներն ունի 342 համայնք։
Ինչպես ՀՀ-ում, Նիդերլանդներում ևս համայնքների խոշորացման գործընթացը՝ տեղական մակարդակում բարեփոխումներն ընդհանուր առմամբ ավարտվել են։
Հոլանդական «ներքևից վերև» տարբերակ՝ հայկական «վերևից ներքև»-ի փոխարեն
Նիդերլանդներում համայնքների միավորումն ի տարբերություն Հայաստանի տեղի է ունենում ներքևից վերև սկզբունքով (van onderop), այսինքն՝ միավորվելու ցանկությունը հայտնում են անմիջապես համայնքները։
Կարդացեք նաև
Համայնքների միավորման գործընթացը սահմանվում է Նիդերլանդների Սահմանադրության (Grondwet) 123-րդ հոդվածով։ Սահմանադրության այս հոդվածի հիման վրա էլ ձևավորվել է «Համայնքների վերաձևավորման ընդհանուր կանոնների մասին օրենքը» (Wet arhi)։
Մանրամասն՝ նկարում
«Համայնքների միավորման քաղաքական ուղեցույց»-ի համաձայն՝ կառավարությունը ներկայացնում է, թե ինչպես են Ներքին գործերի և Թագավորության հարաբերությունների նախարարը գնահատում համայնքների վերախմբավորման/միավորման (herindeling) առաջարկները: Համայնքներին հիմնականում վերապահված է սեփական կառավարման կարողությունը ամրապնդելու պարտականությունը՝ անհրաժեշտության դեպքում միավորման միջոցով: Նիդերլանդների Ներքին գործերի և Թագավորության հարաբերությունների նախարարությունը գնահատում է, թե արդյոք վերախմբավորման գործընթացն իրականացվե՞լ է օրենքով նախատեսված կարգով և համակարգված ձևով:
Մանրամասն՝ նկարում
Ուղեցույցում ամրագրված է․ «Կառավարությունը նաև խնդրում է համայնքներին ու մարզերին հրավեր ուղարկել հարակից կամ այլ մասնակցող համայնքներին՝ կարծիքի համար: Եթե մի հարակից համայնքի բացասական կարծիքը չեն ընդունում, կառավարությունը խնդրում է դա հիմնավորել: Այսինքն՝ միավորման առաջարկը քննարկելիս կառավարությունը հաշվի է առնում ոչ միայն միավորվող համայնքների և բնակիչների, այլև մարզերի, հարակից համայնքների և այլ (կառավարական) կազմակերպությունների կարծիքը»։ Կառավարությունն ընդունում է այն առաջարկները, որոնք ստանում են բոլոր մասնակցող համայնքների և հնարավորինս շատ բնակիչների աջակցությունը։ Նշենք, որ Նիդերլանդների կառավարությունը նաև որպես աջակցություն գումար է տրամադրում միավորվող համայնքներին։
Համայնքային միավորումները կատարվում են Wet arhi օրենքի համաձայն՝ միավորման՝ ուժի մեջ մտնելու տարուց հետո՝ հունվարի 1-ից։ Նախորդ նոյեմբերին անցկացվում են միջանկյալ ընտրություններ նոր համայնքային խորհրդի համար։ Օրինակ՝ 2026-ի մարտին տեղի կունենան 2023-ի հունվարի 1-ին միավորված համայնքների հաջորդ ընտրությունները։
«Երբ գործընկերդ հուսալի է, խնդիրները հաղթահարվում են, ինչպես ամուսնության դեպքում»
Հոլանդիայի համայնքների ասոցիացիայի (VNG International) Տեղական ժողովրդավարության և տարածաշրջանային համագործակցության ծրագրի ղեկավար, Խորհրդի անդամների և քարտուղարների կոմիտեի քարտուղար Ֆրանկ Սփիլը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց՝ Նիդերլանդներում տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումները հիմնականում իրականացվել են, որպեսզի կենտրոնական կառավարության կողմից համայնքապետարաններին փոխանցվեն ավելի շատ լիազորություններ․ կար ընդհանուր և միասնական գիտակցություն, որ խոշորացումը և բարեփոխումները ձեռնտու կլինեն համայնքապետարաններին իրենց բնակիչներին ծառայությունների մատուցման առումով, կավելանա համայնքի իշխանությունը։ Երկրորդ նպատակն էր պատրաստ լինել ԵՄ-ի կողմից ներդրվող քաղաքականությունների իրականացմանը։ Երրորդ պատճառն էլ այն էր, որպեսզի համայնքները, համագործակցելով միմյանց հետ, կարողանան համալրել աշխատակազմերը թվային ծառայություններ մատուցելու համար։
Նիդերլանդներում վերջին միավորումը եղել է 2023-ին։ Նիդերլանդներում մեծ ապակենտրոնացում եղել է 2016-2017-ին, երբ առողջապահական ծառայությունները, 2015-ին նաև երիտասարդների առողջության պահպանության ոլորտում մեծ լիազորություններ փոխանցվեցին համայնքապետարաններին։ Ֆրանկ Սփիլի կարծիքով՝ այժմ միավորման ռեֆորմի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է, բայց ըստ նրա՝ եթե շարունակվի համայնքների միավորումն ու դրանց թվի նվազեցումը, հնարավոր է՝ դա հետագայում այլևս նպատակահարմար չլինի, քանի որ միավորված համայնքների համար հեռավորությունը կենտրոնից կլինի այնքան մեծ, որ հարմար չի լինի համայնքային խորհրդի, քաղաքապետի, համայնքային ծառայողների համար կառավարել համայնքը։
Հետաքրքրվեցինք՝ խոշորացման արդյունքում խոշորացված համայնքն իրական լիազորություններ ստանո՞ւմ է, կարողանո՞ւմ է իր բյուջեն ինքնուրույն կառավարել, դա տալի՞ս է համայնքի ղեկավարին անկախություն որոշումների կայացման հարցում, արդյոք խոշորացման ռեֆորմի ժամանակ լսվե՞լ է համայնքի բնակչության կարծիքը, ի պատասխան պարոն Սփիլն ասաց․ «Նիդերլանդական համակարգում քաղաքապետը և համայնքային խորհուրդը պատասխանատու են համայնքի առօրյա կյանքի համար։ Մենք միակ եվրոպական երկիրն ենք, որտեղ քաղաքապետն ուղիղ չի ընտրվում համայնքի բնակիչների կողմից։ Մեր երկրում քաղաքապետերն անկախ են, քաղաքական դերակատարներ չեն։ Քաղաքային խորհուրդն է ընտրում քաղաքապետի թեկնածուին, և քաղաքապետը նշանակվում է թագավորի կողմից։ Բնակիչները համայնքային խորհուրդն են ընտրում։ Մարդիկ, որոնք ցանկություն ունեն քաղաքապետ դառնալու, կարող են իրենց թեկնածությունը ներկայացնել թագավորին, և ընտրություն կլինի 12 հանձնակատարների կողմից՝ յուրաքանչյուր մարզ (12-ն են) ունի իր հանձնակատարը։ 12 հանձնակատարները նշանակվում են թագավորի կողմից»։
Ֆրանկ Սփիլը հիշում է՝ շատ բարեփոխումների մարդիկ սկզբում դեմ էին, վախենում էին խոշորացումից, նրանց շրջանում չկար այն հավատը, որ խոշորացումը կօգնի իրենց։ Հարցին՝ քանի որ այժմ վերջնական փուլում եք, կարո՞ղ եք ասել, որ խոշորացումը համայնքի բնակչի կյանքն ավելի լավն է դարձրել, նա պատասխանեց․ «Ռեֆորմների մեծամասնությունը մարդկանց վրա դրական են ազդել, որովհետև ունենք ավելի որակյալ ծառայությունների մատուցում, ավելի պրոֆեսիոնալ վարչակազմ, համայնքապետարանի հետ ուղիղ կապ։ Այժմ շատ ենք տեսնում ժպտերես մարդկանց, որոնք, գուցե, նախկինում վախենում էին։ Ընթացքը կարող է բարդ լինել, բայց երբ գործընկերդ հուսալի է, խնդիրները հաղթահարվում են, ինչպես ամուսնության դեպքում»։
Միավորման հոլանդական բարեփոխման առանձնահատկությունը նաև այն է, որ նախնական փուլում կենտրոնական իշխանությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ որպես քաջալերանք միավորվող համայնքներին։ Հետաքրքրվեցինք՝ իսկ սուբսիդավորում տրամադրվո՞ւմ է արդեն խոշորացված համայնքներին և արդյոք դրանք կենտրոնական իշխանության կողմից՝ որպես գործիք չեն օգտագործվո՞ւմ համայնքներին կառավարելի պահելու համար, Ֆրանկ Սփիլը պատասխանեց․ «Սուբսիդավորման տրամադրման հիմնական առաջնահերթ ոլորտներն են բնակարանային ապահովումը, կրթությունը, զբաղվածությունը։ Ճանապարհների շինարարությունը Նիդերլանդներում կենտրոնական կառավարության պատասխանատվության ներքո է, հեծանվային ճանապարհների սպասարկումը՝ մարզերի։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը՝ որպես գործիք օգտագործելուն, ապա ես չգիտեմ մի քաղաքական գործիչ, որը չի սիրում սուբսիդավորումը, քանի որ դա լավ միջոց է իր նպատակներն իրագործելու համար հետագայում նաև վերընտրվելու համար»։
Որպես համայնքների միավորման լավ օրինակ՝ մեր զրուցակիցը բերեց Նիդերլանդների արևմտյան մասում գտնվող Sud West Fryslan համայնքի օրինակը, որտեղ խոշորացումը եղել է մեկ մեծ քաղաքի շուրջ։ Մյուս Land van Cuijk-ի օրինակն է, երբ 5-6 համայնքի ղեկավարներ որոշել են միավորվել, և արդյունքում ձևավորվել է 32-ից գյուղերից բաղկացած համայնք։
Land van Cuijk խոշորացված համայնքի քաղաքապետ․ «Որպես համայնքապետարան՝ հիմա ավելի ուժեղ դիրքերում են, քան, երբ առանձին համայնքապետարաններ էինք»։
Նիդեռլանդների արևելքում՝ Նեյմեգենից մի փոքր հարավ՝ Փիլ և Մաաս գետերի միջև, կարելի է գտնել Լանդ վան Կուիկ համայնքը (Land van Cuijk)։ Հոլանդերենից թարգմանաբար նշանակում է երկիր։ Այստեղ կարելի է վայելել բնության բազմազանությունը, հարուստ պատմություն, Բրաբանտի հյուրընկալությունն ու հանգիստ բուրգունդյան ապրելակերպը։ Համայնքի այցեքարտը համարվող Մաաս գետն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Լանդ վան Կուիկ համայնքը ձևավորվել է Boxmeer, Cuijk, Sint Anthonis, Mill en Sint Hubert և Grave and համայնքների միավորումից և այժմ բաղկացած է 33 գյուղերից։ Մարզում ամենամեծ համայնքապետարանն է՝ 92000 բնակչությամբ։ Բյուջեն 350 միլիոն եվրո է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի ոլորտում աշխատող մեծ կազմակերպություններ կան, գործում է մեծ բժշկական կենտրոն։ Այս համայնքում է գործում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանը։
Land van Cuijk համայնքապետարանի քարտուղար Յոհան Պոստմանը Aravot.am-ի հետ առցանց տեսակապի միջոցով կազմակերպված հարցազրույցում պատմեց՝ համայնքի տարածքն առանձնացված է եղել, դեռ 2010-ից սկսած միավորման մասին խոսակցություններն ընթանում էին։ Արդեն 2014-ից տեղի ունեցավ միավորումը, բոլոր համայնքային ծառայողները մեկ կազմակերպության ներքո էին գործում, ինքն էլ ղեկավարում էր այն։ Նա հիշեց․ «Այդ ժամանակ երկու համայնքապետեր գտան իրար և հասկացան, որ եթե միավորվեն մեկ հարկի ներքո, դա ավելի ձեռնտու կլինի։ Արդեն նրանք սկսեցին տեղական իշխանությունների հետ տանել խոսակցություններ, նաև արդյունաբերական և առևտրային հատվածին ներառեցին, հետո դիմեցին ազգային իշխանություններին։ Գրանցվեց բոլոր տեղական իշխանությունների դրական կարծիքը, և 2021-ին ազգային իշխանությունների ընդունած օրենքի հիման վրա հաստատվեց համայնքների միավորումը»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ բնակչության ձայնը լսելի՞ էր, արդյոք նրանք կո՞ղմ էին միավորմանը, թե կար դիմադրություն, Յոհան Պոստմանը պատասխանեց․ «Կային և′ հավատացողներ, և′ դիմադրողներ։ Մենք սկսեցինք երեք համայնքից, հետո ունեցանք կոնսուլտացիաներ, բնակչության ¾-ը՝ 81 տոկոսն ի վերջո ասաց, որ իրենք կողմ են դառնալ այդ մեծ համայնքի մի մասը։ Ժողովրդավարական գործընթաց էր։ Այժմ էլ կան մարդիկ, որոնք դեռ ափսոսում են, որ իրենց համայնքը խոշորացվել է»։ Նա ասաց, որ հիմա էլ կան երկու համայնքներ, որոնք դեմ են խոշորացմանը։
Land van Cuijk համայնքի քաղաքապետ Մարիկե Մուրմանն այդ պաշտոնում է 2022 թվականից։ Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ միավորումից համայնքը շահել է․ «Ես կարծում եմ՝ մենք որպես համայնքապետարան ավելի ուժեր դիրքերից ենք հիմա հանդես գալիս, քան տարիներ առաջ, երբ առանձին համայնքապետարաններ էինք»։
Ըստ քաղաքապետի՝ բնակիչներից շատերն այժմ այն տպավորությունն ունեն, որ համայնքապետարանն ավելի է մոտեցել իրենց։ Կան նաև այնպիսիք, որոնք դժգոհում են, որ անձնագիր կամ վարորդական վկայական ստանալու համար պետք է երկար ճանապարհ անցնեն, որ հասնեն համայնքապետարան։ Քաղաքապետն այս առիթով նկատեց․ «Եկեք անկեղծ լինենք՝ 10 տարին մեկ է անհրաժեշտություն առաջանում անձնագրի համար դիմել համայնքապետարանին։ Անարդյունավետ է 4 կառույց ունենալ, որտեղից կարող են ստանալ անձնագիր կամ վարորդական վկայական։ Փոխարենն այժմ ունենք ավելի շատ մասնագիտացված համայնքային ծառայողներ։ Բայց մյուս կողմից էլ մենք դեռ ունենք մարդիկ, որոնց դժվար է այս ամենը բացատրելը, նրանք դեռ ասում են՝ ամեն ինչ թանկացել է, մենք չենք տեսնում քաղաքապետի, ավագանու անդամի, իհարկե, ես չափազանցնում եմ այս ամենը»։
Հետաքրքրվեցինք՝ որպես համայնքի ղեկավար՝ Ձեզ խոշորացումը իրական լիազորություններ տվե՞լ է, օրինակ՝ բյուջեի պլանավորման և որոշումների կայացման հարցում, Մարիկե Մուրմանը պատասխանեց․ «Ուզում եմ անկեղծ լինել՝ ոչ։ Ես նախկինում քաղաքապետ էի այլ համայնքում՝ ավելի փոքր, բայց քաղաքապետի դիրքը կախված չէ նրանից, թե ինչքան բնակչություն ունի քո համայնքը։ Ես չեմ կարծում, որ իմ դիրքն ավելի ուժեղ է հիմա, քանի որ ես խոշորացված համայնքի քաղաքապետ եմ։ Նիդերլանդներում մենք այդ քաղաքական մշակույթը չունենք։ Մեր մարզում 10 համայնքապետերն աշխատում են միասին։ Սակայն կարծում եմ, որ խոշորացումից հետո մենք որպես համայնք՝ հիմա ավելի լուրջ միավոր ենք, քան երբ հինգ առանձին համայնքապետարաններ էինք»։
Համայնքում գործում է «գյուղական ժողովրդավարության» մոդելը։ Քաղաքապետին խնդրեցինք պատմել դրա մասին․ «Երբ կատարվեց համայնքի խոշորացումը, մենք ուզեցինք, որ յուրաքանչյուր գյուղ կապված լինի մեծ համյանքապետարանի հետ։ Դա նշանակում էր, որ տեղերում լինեն ակտիվ բնակիչներ։ Այժմ համայնքապետարանի կազմում ունենք մենք ունենք 6 քաղծառայողներ, որոնք կապի մեջ են 33 գյուղերի հետ։ Նրանք ստանում են փոքր բյուջե՝ 2-3 հազար եվրոյի շրջանակում տարեկան, որը բավարար է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Եվ հենց սա էլ մենք կոչում ենք գյուղական ժողովրդավարություն։ Մենք ունենք նաև ավագանու անդամներ՝ ընտրված անձինք, որոնք յուրաքանչյուրը պատասխանատու է 6-7 գյուղի համար»։
Նշենք, որ հոլանդական մոդելով խոշորացված համայնքները չունեն վարչական ղեկավարներ, ինչպես Հայաստանում է։
Մարիկե Մուրմանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կառավարությունից ստանո՞ւմ եք սուբսիդավորում և համայնքի բյուջեում սուբսիդիաները քանի՞ տոկոսն են կազմում, նա պատասխանեց․ «Մեր հիմնական գումարը ստանում ենք կենտրոնական իշխանությունից՝ 85 տոկոսը։ Մնացածը գոյանում է տեղական հարկերի հավաքագրումից։
Խոշորացում հայկական ձևով՝ Կապանի օրինակով
Հայաստանում խոշորացման գործընթացը համարվում է ավարտված։ Այդ գործընթացը սկսվեց 2011-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հավանություն տվեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին»:
Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնց 48%-ն ուներ 1000-ից պակաս բնակչություն: Այժմ համայնքների միավորման ավարտական փուլում Հայաստանում կա 71 համայնք՝ Երևանը ներառյալ։
Մանրամասն՝ գրաֆիկում
Խոշորացած համայնքների թվով Կապանը ռեկորդակիր է: Համայնքի խոշորացման գործընթացը տեղի է ունեցել 2017-ին։ Ներկայումս համայնքի կազմում ներառված է 39 բնակավայր՝ Կապան քաղաքը և 38 գյուղական բնակավայրեր։ Եթե Աղվանի գյուղը դիտարկենք՝ իբրեւ Կապանի ամենահյուսիսային թաղամաս, դրա հեռավորությունը քաղաքից 34 կմ է, իսկ քաղաքից մինչեւ հարավարեւելյան ծայրամաս Շիշկերտ՝ 47 կմ է։
Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ խոշորացումը հատկապես գյուղական բնակավայրերի համար բավականին դրական արդյունքներ է ապահովել․ «Երկու կարևոր հանգամանք ընդգծեմ՝ նյութական միջոցների հնարավորության ավելացում և դրանց հատկացում հատկապես փոքր՝ գյուղական բնակավայրերի խնդիրների լուծման համար, տեղական ինքնակառավարման մեջ մարդկային ռեսուրսների ընդգրկվածության հնարավորության ավելացում։ Գյուղական բնակավայրերը, լինելով առանձին համայնքներ, ունեցել են իրենց աշխատակազմը, բայց միշտ մարդկային ռեսուրսի դեֆիցիտ եղել է։ Խոշորացումը որոշակի առումով լուծել է այդ հարցը, և արդյունքում իրականացվում է կենտրոնական կառավարում համայնքապետարանի կողմից, որտեղ կենտրոնացած են պրոֆեսիոնալ մասնագետներ»։
Մեր այն դիտարկմանը՝ բայց կան նաև խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են համայնքի բնակիչները՝ օրինակ՝ բնակավայրերի՝ կենտրոնից հեռավորությունը և տրանսպորտային դժվարությունները, Գևորգ Փարսյանն արձագանքեց․ «Մեր համայնքում գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում գործում է հասարակական տրանսպորտ՝ բացառությամբ մեկ-երկու գյուղի։ Կապանի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղական բնակավայրերում գործում է անվճար հանրային տրանսպորտ։ Տրանսպորտի հետ կապված խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերի խնդիրներին, ապա մեր աշխատակազմում ունենք առանձին բաժին, որն ամբողջությամբ զբաղվում է գյուղերի խնդիրներով, նաև համայնքի ղեկավարն ունի տեղակալ, որը զբաղվում է կոնկրետ գյուղերով։ Տեղերում ունենք նաև վարչական ղեկավարներ և օպերատոր, որոնք խոշորացման արդյունքում ձևավորված հաստիքներն են։ Այնպես որ տեղեկանքների հարցը տեղերում կարող են կազմակերպել, կարիք չկա հասնել համայնքապետարան։ Այլ բան է՝ միգուցե տեղեկանքների համար անհրաժեշտ լինի այլ կառույցներ հասնել, քանի որ գյուղերում այդ կառույցների կողմից սպասարկում չի իրականացվում»։
Մեր այն դիտարկմանը՝ մինչև խոշորացումը բնակիչների մյուս մտահոգությունն էլ այն էր, որ համայնքների միավորմամբ կկորցնեն իրենց դիմագիծը, ինքնությունը և հետաքրքրվեցինք՝ այն, ինչ ժամանակին խոշորացման գործընթացների մեկնարկային փուլում խոստանում էին բնակչությանը, այժմ նրանք դա ստացե՞լ են, Գևորգ Փարսյանը պատասխանեց․ «Մենք ժամանակին ունեինք, գյուղապահպանության խնդիր։ Ուրբանիզացիայի պատճառով մեր գյուղերը դատարկվում էին։ Այսօր մենք գոնե ունենք կայուն վիճակ․ գյուղերի դատարկման գործընթացը կանգնել է։ Ունենք խոշոր գյուղեր, որոնց զարգացումը նկատելի է։ Մենք՝ որպես խոշորացված համայնք, ստեղծել ենք մեր գյուղատնտեսական տեխնիկայի համայնքային պարկը, և հողամշակման հետ կապված գյուղացուն անհրաժեշտ տեխնիկայի կարիքը լրիվ հոգում է համայնքը։ Սա ևս խոշորացման արդյունք է։ Գյուղերը՝ որպես առանձին միավորներ, չէին կարող ստեղծել այդ միասնական տնտեսությունը, խոշորացված համայնքը դա արել է։ Սկզբնական շրջանում գյուղացիների մոտ զգայական առումով որոշակի թերահավատություն կար․ որպես առանձին միավորներ՝ իրենք չէին ուզում միավորվել մեկ համայնքի շուրջ, գուցե վստահության խնդիր էլ կար»։
Հետաքրքրվեցինք՝ ինքներդ էլ ունեի՞ք մտահոգություններ, Գևորգ Փարսյանը պատասխանեց․ «Ունեի չեզոք դիրքորոշում, քանի որ պատկերացնում էի, որ հնարավորությունների մեծացմամբ՝ խնդիրները կարող են լուծվել։ Ինձ փոքր-ինչ մտահոգում էր ինքնության հարցը, դեմքը կորցնելու հարցը ժամանակի հետ կապված, բայց այսօր ես այդ խնդիրները չեմ տեսնում»։
Որպես խոշորացման արդյունք՝ Գևորգ Փարսյանը նշեց, որ խմելու ջրի խնդիր են լուծել Եղվարդ, Կաղնուտ, Ագարակ, Սրաշեն, Վարդավանք, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան գյուղերում, ոռոգման նոր ցանց են կառուցել Աճանան գյուղում, տարբեր բնակավայրերում կառուցվել, վերանորոգվել են հասարակական շենքեր, Դավիթ Բեկում նորոգվել է մանկապարտեզը։
Գևորգ Փարսյանը Կապանի համայնքապետ է ընտրվել 2018-ին, երբ համայնքն արդեն խոշորացված էր։ Նա հայտնեց՝ 2018-ից ի վեր համայնքի սեփական եկամուտներն ավելացել ենք 250 տոկոսով, և ըստ նրա՝ դա միանշանակ կարելի է վերագրել խոշորացմանը։ Մեր փաստմանը՝ քանի որ Ձեր խոսքով խոշորացումն արդյունավետ է և հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք մյուս համայնքներին՝ ո՞ր ուղով գնան հաջողության հասնելու համար, Գևորգ Փարսյանը պատասխանեց․ «Նաև անհատական մոտեցման հարց է։ Խոշորացումը Կապանի դեպքում դրական արդյունք է տվել։ Ընդհանուր առմամբ կասեմ՝ արդյունավետ է։ Նաև իմ կարծիքն է, որ համայնքները չպետք է խոշորանան այն աստիճան, որ կառավարելը դառնա անարդյունավետ։ Կարող է միջոցներն ավելանան, մասնագիտական կարողությունները, մարդկային ռեսուրսները մեծանան, բայց նաև այդ ամենն արդյունավետ կառավարել է պետք»։
Ունենք խոշորացում, չունենք ապակենտրոնացում
Համայնքների ֆինանսիստների միավորման գործադիր տնօրեն Աբրահամ Արտաշեսյանը խոշորացման առավելությունների՝ նյութական ռեսուրսների ավելացման, մասնագիտական ռեսուրսների բարելավման շարքում նշում է նաև այն, որ խոշորացման արդյունքում ավագանու ինստիտուտը կամաց-կամաց սկսում է աշխատել․ «Դա կապված է նաև ընտրական մեխանիզմի փոփոխությամբ, որ անցել ենք համամասնականի։ Այն ժամանակ համայնքի ղեկավարը զանգում էր իր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, իրենց փոխարեն ընտրագրավ դնում, քարոզարշավ կազմակերպում և նրանց դարձնում ավագանու անդամ, դրանից հետո դժվար այդ ավագանու անդամը համայնքի ղեկավարին հակասող բան ասեր։ Հիմա, երբ համայնքները խոշորացել են, համամասնական ընտրակարգն ենք կարողացել կիրառել, ինչը հնարավորություն է տալիս, որ ավագանու անդամներից յուրաքանչյուրն իր բնակավայրի մասին մտածի»։
Խոսելով խոշորացման բացասական կողմերի մասին՝ Աբրահամ Արտաշեսյանն ասաց․ «Փաստացի խոշորացումն ինքնանպատակ դարձավ։ Մեզ ասում էին՝ խոշորացումը հնարավորություն կտա համայնքներում կարողություններ զարգացնել, որ կարողանանք ապակենտրոնացման գնալ։ Այսօրվա դրությամբ ռեֆորմն արդեն 2016-ից 9-րդ տարին է արվում է, հազիվ հասել ենք նրան, որ գոնե ինչ-որ քարտեզ ունենք, բայց մեկ է՝ պետական լիազոր մարմինը ոչ մի լիազորություն չի փոխանցում։ Այսինքն՝ չունենք ապակենտրոնացում։ Իսկ եթե ապակենտրոնացում չունենք, բայց ունենք մեծ համայնք, որը պետք է արդյունավետ կառավարվի, մեկ է, ինքն էլի քանդվելու է»։
Հետաքրքրվեցինք՝ օրինակ՝ ի՞նչ լիազորությունների մասին է նշում, որոնք չեն փոխանցվում համայնքներին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Օրինակ՝ կրթությունը։ Երևանում հանրակրթական դպրոցների հարցը՝ որպես պատվիրակված լիազորություն տրված է Երևանի քաղաքապետարանին, այսօրվա դրությամբ այդ հնարավորությունը ոչ մի համայնք չունի, քանի որ միայն Երևանում ՏԻՄ մասին օրենքով է սահմանված դա»։ Նկատեցինք՝ նախագիծ կա, որ դպրոցները Երևանի քաղաքապետարանից անցնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորության ներքո, Աբրահամ Արտաշեսյանն այսպես արձագանքեց․ «Խնդիրը դա է, որ այն ժամանակ մի բան էին ասում, հիմա նախարարությունն ասում են՝ օպերատոր բերենք, թող կառավարի, համայնքն ինչո՞ւ կառավարի։ Ստացվում է՝ էլ ինչների՞ս է պետք տեղական ինքնակառավարումը»։
Փորձագետի կարծիքով՝ եթե համայնքները խոշորացրել ու ռեսուրս ենք ստեղծել, բայց դրա դիմաց համայնքին լիազորություններ չենք տալու, էլի դառնալու է այն վիճակը, որ մարդիկ ամեն ինչից հիասթափվելու, ասելու են՝ սա արեցինք, որ կարողանանք մեր բնակչի հետ ավելի որակյալ ու լավ շփվենք, կարիքներից բխող ծրագրեր անենք, բայց այսօրվա դրության ոչ մի բան չենք կարողանում անել․ փողը կա, բայց չենք կարողանում ծախսել»։
Ստացվում է, որ մի կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներն իրենց արդյունքները տվել են, սակայն մյուս կողմից կիսատ մնացել՝ չհասնելով վերջնական նպատակին։
Եվրոպականից փորձից մինչև հայկական իրականություն եզրահանգումը մեկն է․ համայնքների միավորման գործընթացն արդյունավետ է, սակայն այն կարող է հասնել իր ամբողջական նպատակին միայն այն դեպքում, երբ համայնքին փոխանցում ենք անհրաժեշտ լիազորությունները։ Իսկ սրան հասնելու համար, թերևս, նաև քաղաքական կամք է պետք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։






























































