Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիագրագիտության շաբաթ՝ Գյումրիում․ Դավիթ Առուշանյանի կարծիքով՝ ամենաօբյեկտիվը Շիրակի մարզի լրագրողներն են

Նոյեմբեր 09,2025 19:18

Հայաստանում նոյեմբերի 8-15-ը հայտարարված մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում «Հանրային լրագրության ակումբը» եվրոպական միության պատվիրակության հետ Գյումրիում անցկացրեց «Մեդիագրագիտությունը ՝ սոցիալական փոփոխության գործիք»  խորագրով  կլոր սեղան- քննարկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կողմից հայտարարված համաշխարհային շարժումը, որի շրջանակում էլ անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը, Հայաստանում արդեն 8–րդ անգամ է կազմակերպվում։

Գյումրիում այն անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում՝ մեծ թվով դպրոցականների, ուսանողների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը իր ելույթում նշեց, որ շատ երկրներում մեդիագրագիտության կարևորությունը հավասարեցվել  է անվտանգային խնդիրների կարևորության հետ։

Ըստ նրա, պատասխանատու մեդիա բովանդակություն ստեղծելու համար անչափ կարևոր է,որպեսզի կառուցողական և համագործակցային հարաբերություններ ձևավորվեն տարբեր ոլորտների՝ քաղհասարակության ու մեդիայի, մեդիայի ու որոշումներ ընդունողների, պետության միջև։

Սեդա Մուրադյանի բնութագրմամբ՝ մարտահրավերներն այսօր շատ են․ մանիպուլյացիաները դժվար ճանաչելի են դառնում։

«Կարևոր է, որ մենք՝ որպես հասարակություն, ձևավորենք համընդհանուր գիտակցություն, որ դիմադրողականության ամրապնդումն ու մեդիագրագիտության մշակույթի արմատացումը անվտանգության խնդիր են։ Երբ մեզնից խլվում է քննադատական մտածողությունը, իսկ մեր հույզերն ու գործողությունները կառավարվում են մեդիա բովանդակության և մանիպուլյատիվ մեթոդների միջոցով, մենք կորցնում ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը։

Մեդիագրագիտությունը կարող է դառնալ մեր անվտանգության բարձիկը, որը կարող է պաշտպանել յուրաքանչյուրիս։

Այսպիսի միջոցառումներն օգնում են քննարկել խրթին հարցեր, ինչպես նաև առաջարկել նոր մոտեցումներ դրանք լուծելու համար»,- ասաց  «Հանրային լրագրության ակումբի» նախագահը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր խոսքում նշեց, որ ոգևորված է Գյումրիում ևս մեդիագրագիտության շաբաթվա անցկացմամբ․ ըստ նրա՝ Գյումրին ու Շիրակը մոտ են իր սրտին ու այստեղ հյուրընկալվելու պատճառը ոչ միայն Գյուրջիևն է (նրա ծննդավայրը Գյումրին է), այլև ոգեշնչված է այս քաղաքի մշակույթով, մարդկանցով, իրեն դուր են գալիս այս քաղաքի եկեղեցիները, ավանդույթները։

«Գյումրին  Հայաստանի հին կինոների մայրաքաղաքն է», -ասաց դեսպանը։

Անդրադառնալով մեդիագրագետ քաղաքացիների ունենալու անհրաժեշտությանը՝ դեսպանն ասաց․ «Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է։

Մեդիագրագիտությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ, այլ շարունակական գործընթաց, որը քաղաքացիներին օգնում է դրսևորել  քննադատական մտածողություն և պատասխանատու մասնակցություն։

Եվրոպական միությունը հպարտությամբ աջակցում է այս ջանքերին, և այսօր անցկացվող մեդիայի ոլորտին նվիրված կլոր սեղան քննարկումն այդ հանձնառության լավագույն դրսևորումն է, քանի որ տեղեկացված և մեդիագրագետ հասարակությունները ավելի դիմակայուն են, ավելի ներառական և ավելի պատրաստ՝ պաշտպանելու ժողովրդավարությունը»։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ  ներկայացրեց իր պատկերացումները  մեդիայի  դերի ու  մեդիագրագիտության մասին։ Ըստ մարզպետի, մեդիա ասելիս՝  պիտի հասկանալ՝ արդյո՞ք հեռախոս, տեսախցիկ, կայք ու մեդիա ռեսուրս ունեցող յուրաքանչյուր մեկին պիտի համարել մեդիա դաշտի ներկայացուցիչ։

Դավիթ Առուշանյանի ասելով՝ իհարկե, այդպես չէ, նրա կարծիքով՝ երբեմն անդաստիարակությունը շփոթում են ազատ խոսքի հետ։ Նա խոսեց նաև պատասխանատու մեդիա ունենալու անհրաժեշտության մասին, հանրությունը, ըստ նրա, այսօր օբյեկտիվ  լրատվություն ստանալու կարիք ունի։

«Հաճախ եմ շփվում լրագրողների հետ, շփվել եմ տարբեր ժամանակներում, տարբեր աշխատանքների բերումով, միանշանակ կարող եմ ասել, որ մեր մարզի լրագրողները միշտ աչքի են ընկել գրագիտությամբ ու օբյեկտիվությամբ։

Բոլորս էլ գիտենք, որ մեդիա բնագավառում արհեստավարժ լինել ոչ բոլորի մոտ է ստացվում։ Շատ վատ է, որ այս բնագավառի շատ ներկայացուցիչներ տեղեկատվության տարածման հարցում չեն կարևորում այն հանգամանքը, որ իրենց գրածը կարդալու է ողջ աշխարհը։ Այսօրինակ միջոցառումները շատ կարևոր են, քանի որ դրանք բերելու են այն ցանկալի արդյունքին ու հանգրվանին, որին ձգտում ենք մենք` հարգել խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, լինել օբյեկտիվ ու ցանկացած խնդիր լուսաբանել բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելով»,-ասաց մարզպետը։

Տեղի ունեցան երկու թեմատիկ քննարկումներ․ «Հետք» մեդիա գործարանի ղեկավար Հարություն Մանսուրյանն ու «Ուրբանիստա» հարթակի մուլտիմեդիայի գլխավոր խմբագիր Անահիտ Մինասյանն, իրենց լրատվամիջոցներից օրինակներ մեջբերելով, խոսեցին համայնքային պատմությունների մասին, որոնք ներկայացվել են թվային գործիքների կիրառմամբ։ Ցուցադրվեց նաև նկարահանված պատմությունից հատված։

Հարություն Մանսուրյանը իր խոսքում նշեց, որ մարդիկ միշտ էլ հակված են բամբասանքներ լսելու, fake news-ը միշտ է եղել, բայց դրանք հիմա ավելի շատ են տարածվում սոցիալական ցանցերի միջոցով։

Ըստ նրա, կեղծիքը միշտ է լինելու,  հնարավոր չէ այն վերացնել, չկա մի հասարակություն, թեկուզև ամենազարգացած, որտեղ չլինեն կեղծ լուրեր, սակայն դա չի նշանակում, թե դրա դեմ պայքարն անիմաստ է։ Նա ասաց, որ իր լրատվամիջոցը կեղծիքի դեմ պայքարում է պատասխանատու լրագրողներ պատրաստելով։

4Plus-ի վավերագրող ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը, «Ինֆոքոմ» մեդիա հարթակի լրագրող Հայարփի Բաղդասարյանը և «Մեդիա Նիզակ» ՀԿ-ի համահիմնադիր, մուլտիմեդիա լրագրող Անահիտ Հարությունյանն էլ քննարկեցին մեդիա բովանդակությունում բազմազանության ու ներառականության անհրաժեշտության մասին։

Քննարկումն անցավ բավական ակտիվ հարց ու պատասխանով։

Բանախոսները լսարանին ներկայացրեցին հայկական իրականության մուտք գործող  լրագրության նոր ճյուղի՝ այսպես ասած լուծման լրագրության՝ Solution journalism-ի մասին։ Տվյալ դեպքում լրագրողները իրենք են լուծումներ գտնում ու առաջարկում։

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի ու Հանրային լրագրության ակումբի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930