«Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ երկնքի տակ ամեն գործի համար ժամանակ կա… փնտրելու ժամանակ եւ կորցրածի հետ համակերպվելու ժամանակ… պահելու եւ դեն նետելու ժամանակ, լռելու եւ խոսելու ժամանակ»: (3:1,6,7)
Աստվածաշունչ մատյանի այս տրամաբանութամբ՝ նկարահանելու ժամանակը կա եւ գրելու ժամանակը կա:
Երկրպագուներից շատերն են հարցնում՝ «Իսկ նոր ֆիլմ չի՞ նկարելու»: Հարցնում են ու սպասում:
Վիգեն Չալդրանյանը ցավով է խոսում մերօրյա արվեստում չափանիշների կորստի, հոգեւոր-բարոյական, գեղագիտական ճգնաժամի մասին: Չալդրանյանի կինոն արժեհամակարգային է, ուստի՝ «Հարցնում են ու սպասում»:
Կարդացեք նաև
2015-ին էկրան բարձրացավ նրա վերջին ֆիլմը՝ «Վարդապետի Լռությունը»՝ նվիրված Կոմիտասի հիշատակին: «Մոտոր» բացականչությանը փոխարինելու է եկել գիրը: 2024 թվականին «Ոսկան Երեւանցի» հրատարակչությունը լույս ընծայեց «Նկարված, չնկարված ֆիլմեր» ժողովածուն. Վիգեն Չալդրանյանի հերթական կինոպատումն է. այս անգամ գրքի շնչով՝ նույնքան տեսանելի ու շոշափելի, ինչպես նրա կինոկադրը, նույնքան լուռ ու նույնքան խոսուն: «Լռության արձագանքը»` այսպես կարելի է հակիրճ բնորոշել «Նկարված, չնկարված ֆիլմեր» ժողովածուն:
Անշուշտ, գիրքը երկխոսություն է մարդկանց հետ: Բեղուն է Չալդրանյանի գրիչը, ասելիքը` բազմաշերտ ու պատկերային: 2022-ին ծնունդ առավ նրա՝ «Իրականություն որոնելիս» գիրքը, որի նախաբանում գրող, հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը գրում է. «Յուրաքանչյուր գրող փնտրում է բաբախող եւ դեգերող իրողություն, որ կարող է ապահովել դարձ ի շրջանս յուր:
Վիգեն Չալդրանյանը գրական աշխարհին է ներկայանում արձակագրի-«սանձԱրձակագրի» յուրօրինակ կերպարով, իրականությունը որոնողի եւ ժողովողի, հայ-մարդ-տեսակի էությամբ: Շարադրանքի խորապատկերի ամեն մի կերպար, երկկենցաղ տիպար, հայտնի եւ անհայտ դեմք թե՛ հեղինակի ներսում են եւ թե՛ արդի իրականության մեջ՝ դրսում»:
«Նկարված, չնկարված ֆիլմեր» գիրքը բազմաժանր ժողովածու է՝ պատմվածք, վիպակ, պիես, կինոսցենարներ… Կինոյի ու գրականության յուրօրինակ հանդիպում է, շփման ներդաշնակ ընթացք, խաղաղ փոխներթափանցում: Վերջին ակորդը «Միայնակ Գայլը» կինոսցենարն է, որ դարձյալ լռիկ ու անաղմուկ սպասում է իր էկրանավորմանը: Ճշմարիտ արվեստագետի համար էական չեն աշխարհագրական կոորդինատները, նա ստեղծագործելու կարիք ունի ամեն ժամ ու ամենուրեք՝ թե՛ մայր հողի վրա, թե՛ օտար երկնքի տակ, թե՛ գրչով, թե՛ կինոխցիկով: Չալդրանյանի կինոժառանգության էջերից է Տիեզերական Վարդապետ Գրիգոր Նարեկացու մասին «Ի խորոց սրտի…» սցենարը (2018թ.). այն արժանացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությանը: Ավա~ղ, պատմության անիվը խաթարեց հերթական ֆիլմի ծնունդը: Սցենարն առայսօր «ննջում» է ռեժիսորի աշխատասեղանին: Կինոբեմադրիչի երազանքն է անդրադառնալ Սբ. Մեսրոպ Մաշտոցին՝ ստեղծել կինոեռապատում՝ կամրջելով Կոմիտասին, Նարեկացուն եւ Մաշտոցին՝ իբրեւ մշակութային Սուրբ Երրորդություն:
Դեկտեմբերի 26-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունենալու ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր, Մայր Աթոռի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի ասպետ, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Վիգեն Չալդրանյանի ծննդյան 70-ամյակին եւ ստեղծագործական կյանքի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ իր իսկ անձնական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Իրականություն որոնելիս», «Նկարված, չնկարված ֆիլմեր» գրքերի շնորհանդեսը, գրքեր, որոնք ճամփորդություն են անցյալի, ներկայի եւ ապագայի բավիղներում:
Կա խորունկ եւ խորհրդավոր մի երեւույթ՝ Լռություն, որն իմաստավորվում եւ աղաղակում է Չալդրանյանի ֆիլմերով, ֆիլմեր, որոնք չունեն վաղեմության ժամկետ ու չեն կորցնում արդիականությունը, քայլում են ժամանակի հետ ու ժամանակին համահունչ: Լռության մեջ ես լսում հոգուդ ու խղճիդ ձայնը, թեեւ շուրջդ համատարած աղմուկ է:
ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
Հ.Գ. 1. Որքան էլ տարիները ծալ-ծալ կուտակվեն, միեւնույն է՝ արվեստագետը չունի տարիք: Հիշեցի Աբրահամ Լինքոլնի միտքը. «Ի վերջո, կարեւոր են ո՛չ թե կյանքում ապրած տարիները, այլ տարիների ապրած կյանքը»:
Հ.Գ. 2. Կարծես սայլը տեղից շարժվում է. այս տարվա օգոստոսին «Միայնակ Գայլը» ՝ (վերանվանված` «Օթելլոն այլեւս զբաղմունք չունի») կինոսցենարն արժանացավ Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ փորձագետների բարձր գնահատականին՝ անաչառորեն հաղթահարելով պետական մասնակի ֆինանսավորման մրցույթի չափանիշները: Հուսանք՝ երկրպագուների մտահոգ հարցը՝ «Իսկ նոր ֆիլմ չի՞ նկարելու», պատասխան կունենա: Այո, կինոն ու թատրոնը Վիգեն Չալդրանյանի էությունն են, ռեժիսուրան՝ առաքելությունը:
Եկել է ֆիլմ նկարելու ժամանակը:
«Առավոտ» օրաթերթ
08.11.2025


















































