Նա նամակներ է գրել արխիվներում հայտնված յուրաքանչյուր քահանայի՝ առաջարկելով բացել իրենց անցյալը եւ մեկնաբանություններ տալ գրքի հրատարակումից առաջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ցանկացած լսարան, հարթակ օգտագործում է հայտարարելու, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրը հատուկ ծառայությունների` ԿԳԲ գործակալ է: Նոյեմբերի 6- ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեց անգամ հարց, թե որն է նրա ինֆորմացիոն աղբյուրը: Բայց եթե դա անգամ այդպես է, ինչն է վատ, ինչու եք ազդարարի ինստիտուտ ստեղծել, որքանով է պատշաճ լիազորություններդ ի չար գործադրելը, քո ազգային անվտանգության ծառայությունից իմանալ ինֆորմացիա եւ հրապարակայնացնել:
Երեկ իմ հանրագիտարանային ընկերներից մեկից, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, ցանկացա իմանալ, թե պատմության մեջ հայտնի են հոգեւորականներ` իրավապահ մարմինների հետ համագործակցության, կամ թե հակառակը` հավատքի ու իշխանության բախման օրինակներ, արդյոք քահանաները որեւէ շարժման ակտիվիստներ եղել են: Բացառիկ մի անձի մասին նա հիշեցրեց:
Քահանա-հետաքննիչ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկու պատմությունը հարգանքի է արժանի ոչ միայն կրոնական, այլեւ դետեկտիվ շրջանակներում։ Պարզվեց հայկական ծագումով լեհ քահանա Թադեուշ Իսակովիչ-Զալեսկիի (1956-2024) պատմությունը հայտնիներից մեկն է, մի մարդ, ով գաղտնի ծառայությունների արխիվները վերածել է ազնիվ հետաքննության դաշտի։ Նա երկու ծեսի՝ լատինական եւ հայ կաթոլիկ քահանա է եղել, Նովա Հուտայի «Համերաշխություն» շարժման հոգեւորական եւ ընդհատակյա դիմադրության ակտիվ մասնակից։ 1985 թ. Իսակովիչ-Զալեսկուին երկու անգամ ծեծի են ենթարկել կոմունիստական անվտանգության ծառայության (SB) աշխատակիցները՝ համագործակցությունից հրաժարվելու համար։ Ռեժիմի անկումից հետո նա չի մոռացել այն, ինչ տեսել է ներսից՝ շանտաժ, հետախուզական խաղեր եւ եկեղեցու վրա ճնշման համակարգ։
Կարդացեք նաև
Քահանան որոշել է անցկացնել իր սեփական հետաքննությունը՝ ոչ թե սենսացիաների, այլ մաքրագործման համար։ Գաղտնի արխիվներ բացահայտող դոսյե-գիրք 2007 թվականին հրատարակվել է նրա «Քահանաները եւ գաղտնի ոստիկանությունը. Կրակովի արքեպիսկոպոսության դեպքը» հետազոտական գիրքը։ Սա լրագրողական հետաքննություն չէ, այլ Ազգային հիշողության ինստիտուտի (IPN) փաստաթղթերի բազմակողմանի վերլուծություն։ Այնտեղ առկա են հարյուրավոր արձանագրություններ, գործակալների կեղծանուններ, SB սպաների միջեւ նամակագրության, զեկույցների պատճեններ:
Նա նամակներ է գրել արխիվներում հայտնված յուրաքանչյուր քահանայի՝ առաջարկելով բացել իրենց անցյալը եւ մեկնաբանություններ գրել գրքի հրատարակումից առաջ։ Շատերը լռեցին։ Ոմանք խոստովանեցին։ Եվ ոմանք արշավ սկսեցին նրա դեմ։
Եկեղեցին եւ քաղաքական ճնշումը Հովհաննես Պողոս II-ի նախկին քարտուղար կարդինալ Ստանիսլավ Դզիվիշը պահանջեց, որ հրատարակությունը կասեցվի՝ հայտարարելով, թե «Եկեղեցին կարիք չունի ցուցադրական դատավարությունների»։ Ի պատասխան՝ Իսակովիչ-Զալեսկին ասաց. «Եկեղեցին չպետք է վախենա ճշմարտությունից։ Այն վախենում է միայն ստերից»։ Չնայած ճնշմանը՝ գիրքը հրատարակվել է: Դրա համար նա ստացավ Յոզեֆ Մացկեւիչի մրցանակը՝ ճշմարտությունը պաշտպանելու քաջության համար։
Ինչ նա բացահայտեց: Իսակովիչ-Զալեսկին ցույց տվեց, որ կոմունիստական Լեհաստանում կաթոլիկ եկեղեցին մոնոլիտ չէր, այլ ասպարեզ, որտեղ խիղճը պայքարում էր գոյատեւման համար։ Որոշ քահանաներ, որոնք աշխատում էին կեղծանուններով՝ «Ֆիլոզոֆ», «Յացեկ», «Դաբ», Անվտանգության ծառայությանը տեղեկատվություն էին տրամադրում իրենց գործընկերների մասին։ Մյուսները, ինչպես հայր Յոզեֆ Տիշները եւ հայր Ֆրանցիշեկ Բլաչնիցկին, ընդհակառակը, գաղտնի գործողությունների թիրախ էին. նրանց դեմ փաստաթղթեր էին հորինվում, փորձեր էին արվում նրանց վարկաբեկելու։ Իսակովիչ-Զալեսկին ամեն ինչ փաստաթղթավորեց՝ ապացույցներով, ամսաթվերով։ Նա ցույց տվեց, որ պետությունը կարող է կրոնը գործիք դարձնել, եթե հարցեր տվող մարդիկ չկան։
Գրքի 2007 թվականին հրատարակվելուց հետո սկսվեց եկեղեցական լյուստրացիայի ալիք։ Որոշ քահանաներ խոստովանեցին համագործակցությունը։ Մյուսները հրաժարական տվեցին։ Առաջին անգամ լեհական հասարակությունը սկսեց հրապարակայնորեն քննարկել հոգեւորականության բարոյական պատասխանատվությունը։ Իսկ Իսակովիչ-Զալեսկին դարձավ հարձակումների թիրախ, բայց նաեւ խորհրդանիշ։ Ավելի ուշ՝ 2020 թվականին, երբ կարդինալ Ձիվիշի շուրջ նոր սկանդալներ ի հայտ եկան, նա առաջինը պահանջեց ստեղծել անկախ հանձնաժողով եւ փաստաթղթերը փոխանցել դատախազությանը։
Նրա երկրորդ առաքելությունը հայկականն է։ Քչերը գիտեն, որ Իսակովիչ-Զալեսկին լեհահայերի հոգեւոր առաջնորդն էր, Գլիվիցեի հայ կաթոլիկ ծխական համայնքի ռեկտորը։ Նա աջակցում էր Հայոց ցեղասպանության հիշատակման նախաձեռնություններին, օգնում էր սփյուռքին եւ միավորում լեհ եւ հայ հավատացյալներին։
Այս ժառանգությունը նրան հատկապես մոտ էր դարձնում Հայաստանին եւ նրանց, ովքեր դժվարին պայմաններում պայքարում են ճշմարտության համար։ Ճշմարտությունը որոնող յուրաքանչյուրի համար Իսակովիչ-Զալեսկին օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է հետաքննությունը լինել հավատքի գործողություն։ Նա չէր օգտագործում հետաքննչական գործիքներ։ Նրա զենքերն էին արխիվը, վերլուծությունը եւ խիղճը։ Եվ նա ապացուցեց. ճշմարտությունը գոյատեւում է, երբ այն մասնագիտորեն որոնվում է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2025



















































