«Հետք». ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է Երեւան-Կապան-Երեւան թռիչքների իրականացմամբ հայտնի «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:
ՔԱԿ-ը «ՆովԷյրի» վկայականի գործողությունը կասեցրել է հոկտեմբերի 27-ին 6 ամսով՝ մինչեւ 2026 թ. ապրիլի 27-ը:
Կոմիտեի այս քայլը գործող օրենսդրության պահանջ է: Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:
«ՆովԷյրը» ունի 1 օդանավ՝ չեխական արտադրության L-410UVP-E20 տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-4117):
Կարդացեք նաև
Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 3-4-ին EK-4117-ը Երեւանից թռել է չեխական Բռնո, որտեղ այժմ տեխնիկական սպասարկում է անցնում: Ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը «Հետքին» հայտնել է, որ եթե այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ինքնաթիռը կրկին Չեխիայում տեխսպասարկում էր անցնում 300 թռիչքաժամ շահագործվելուց հետո (թռիչքաժամային սպասարկում), ապա այժմ անցնում է 10 տարվա օրացուցային սպասարկում: Նկատենք, որ գրող Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռն արտադրվել է 2015-ին, այսինքն՝ օրացուցային սպասարկում անցնում է առաջին անգամ:
Ըստ Վարդանյանի՝ պլանային սպասարկման աշխատանքները կտեւեն 4-5 ամիս, եւ եթե այդ ընթացքում «ՆովԷյրը» չկարողանա վարձակալել այլ օդանավ, ինչի ուղղությամբ աշխատում է, ապա Երեւան-Կապան-Երեւան չվերթը կվերականգնվի L-410-ի վերադարձից հետո միայն:
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































