Ermenihaber. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում տեղի է ունեցել «Օրբելի ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր թուրքական «T24» լրատվամիջոցի լրագրող Բարչըն Յինանչը։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
– Տիկին Յինանչ, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա՞, թե՞ սոսկ հայտարարություններ են։
– Անկեղծ ասած՝ ես օգոստոսի 8-ից հետո սպասում էի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի կոնկրետ քայլեր կլինեին, բայց չտեսանք։ Բայց չեմ կարծում, որ դա նշանակում է, որ այն տեղի չի ունենում։ Ըստ իս՝ կարգավորման գործընթացի աշխատանքներն ինտենսիվանում են տեսախցիկների հետևում, կուլիսներում, հանրության աչքից հեռու։ Մեր առջև բացվելու է կարևոր հնարավորությունների պատուհան։
Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ինքը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ես կարծում եմ, որ կողմերը կարող են օգտվել այդ հնարավորությունից՝ ճանապարհային քարտեզ պատրաստելու համար։
Կարդացեք նաև
Ես քիչ հավանական եմ համարում, որ կքննարկվի երեք երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման հնարավորությունը, ինչպես որ մայիսին համաձայնեցվել էր երկու երկրների հատուկ բանագնացների կողմից։ Ես կարծում եմ, որ երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը կարող է արագանալ անմիջապես դրանից հետո, քանի որ ինչպես տեսնում եք, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր: Սրանք այնպիսի զարգացումներ են, որոնք մենք երբեք չէինք սպասում, կամ տեսնում:
– Իսկ ի՞նչ կասեք այս համատեքստում ադրբեջանական գործոնի մասին։
– Տեսեք այս համաժողովին ադրբեջանական հեռուստատեսության երկու լրագրողներ են մասնակցում՝ լուսաբանելու հիշյալ ֆորումը։ Սա նշանակալի զարգացում է։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել հայկական օդանավակայանում, բացվել են մի քանի առևտրային ուղիներ, և Ադրբեջանը կանաչ լույս է վառել որոշ հարցերի համար։ Երբ նայում ենք, այս գործընթացներին անբնական է դառնում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչինչ չկատարվի։ Սա չի տեղավորվում միջազգային հարաբերությունների ընդհանուր պատկերի մեջ, որովհետև տարիներ շարունակ Թուրքիան ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կիրականացվի Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ»։ Սակայն մենք տեսնում ենք, որ այս երկու գործընթացները միաժամանակ չեն ընթանում։ Գիտենք, որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, շարունակում է զսպել Թուրքիային, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Անկարան կարգավորի հարաբերությունները նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հակառակ դեպքում, Թուրքիայի տարածաշրջանային շահերը կտուժեն։ Ենթադրում եմ, որ Անկարան փորձում է հնարավորինս համոզել Բաքվին՝ փոխանցելով այն ուղերձը, որ Թուրքիան կարող է բացառվել այս տարածաշրջանային հավասարումից։
– Ի՞նչ եք կարծում, վաշինգտոնյան բանակցություններն ազդեցի՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա։
– Նախ, ակնկալվում էր, որ Վաշինգտոնում ստորագրված նախնական համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա թուրք-հայկական հարաբերությունների վրա։ Սակայն, ինչպես նշեցի, մենք դեռևս որևէ կոնկրետ դրական արդյունք չենք տեսել, գոնե տեսախցիկի առջև։ Որպես լրագրող, ով տարիներ շարունակ հետևում է միջազգային հարաբերություններին, ես սա շատ նորմալ չեմ համարում, բայց ինչպես ասացի, կարծում եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները մեծ թափ են հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կուլիսային բանակցություններին:
– Թուրքիայում ի՞նչ կարծիքներ կան ու ինչպե՞ս են վերաբերվում Թրամփի ուղուն։
– Մենք գիտեինք, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ուղիղ շփումների միջոցով, հասել էին համաձայնության որոշակի կետի։ Սակայն ինչ-որ կերպ ստորագրությունները չէին արվում։ Երբեմն երրորդ կողմը միջամտում է և ինչ-որ կերպ համոզում կողմերին, բերում նրանց բանակցային սեղանի շուրջ և ապահովում համաձայնագրերի ստորագրումը։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների հաջողությունը այս գործում և համաձայնագրերի նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի խաղաղություն։ Թուրքիայում քննադատությունը, մասնավորապես փորձագիտական մակարդակով և ընդդիմության կողմից, ընդհանուր առմամբ եղել է հետևյալ կերպ. «Որքա՞ն առողջ կլինի Ամերիկայի համար տարածաշրջան մտնել Թրամփի երթուղով։ Դա երևի մտահոգի Ռուսաստանին։ ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանը։ Հետևաբար, արդյո՞ք Իրանի նման երկիրը կցանկանա տեսնել մասնավոր ամերիկյան ընկերություն իր սահմանին։
Եթե Թուրքիան շարունակեր առաջ մղել իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, գուցե ավելի նշանակալի դեր խաղար այս երկու մայրաքաղաքներին սեղանի շուրջ նստեցնելու հարցում։ Հնարավոր է՝ այս երկու առաջնորդները կարողանային նստել Անկարայում, այլ ոչ թե Վաշինգտոնում»։
Անի ԳԱԼՍՏՅԱՆ


















































