Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք խաբում հանրությանը։ Խաբում եք, որ տանեք նոր աղետի՞. Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 10,2025 15:15

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողբերգության 44 օր

Մաս 27_44

Եւ անցած օրերի հարցազրույցները, հայտարարությունները վկայում են, հերթական անգամ վկայում են մեր հավաքական քաղաքական մտքի տկարության մասին։

Փոխանակ լուրջ հետեւություններ անելու, թե ինչ եղավ եւ ինչու, դեռահաս, փողոցային կռվում ծեծ կերած տղերքի նման ամեն ինչ անում եք մեկի կամ երկուսի վրա բարդելու ողբերգությունը։

Ամենավատն ու վտանգավորն այն է, որ փորձում եք այսօրվա 17, 18, 19, 20 տարեկաններին համոզել, թե լավ կառավարման դեպքում, ճիշտ հրամանների դեպքում պատերազմը այլ ընթացք կունենար։

Լավ, ինչո՞ւ եք խաբում։ Որքան էլ լավ կառավարվեր, որքան էլ անսխալ հրամաններ արձակվեին մեր ռեսուրսներով եւ առանց լուրջ աջակցության մենք ի՞նչ էինք անելու։

Ու մի ասեք, թե մենք կկանգնեցնեինք պատերազմը ապրիլյանի նման։ Ապրիլյանը զգուշացում էր։ Ընդամենը։ Եւ եթե կանգնեցնեիք հոկտեմբերի երկուսին կամ տասնիննին հետո պետք է ստորագրեիք այն, ինչ ստորագրվեց նոյեմբերի իննին։

Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք խաբում հանրությանը։ Ինչո՞ւ։ Խաբում եք, որ տանեք նոր աղետի՞։
Կրկնում եմ՝ որքան շուտ ասեք, որ բանակցությունները բացառապես Արցախի ինքնավարության կարգավիճակի մասին էին, որ պարզապես ձգում էիք բանակցային գործընթացը՝ ստատուս քվոն պահպանելու համար, այնքան լավ բոլորիս համար։

Աշխարհի որեւէ երկիր, եւ առաջին հերթին Ադրբեջանը, չէր մտածում Արցախի անկախությունը ճանաչելու մասին եւ երբեք չէին ճանաչելու։

Մենք, իհարկե, կարող էինք դեմ դուրս գալ աշխարհին, եթե ԱՄՆ-ի հետ կամ Ռուսաստանի հետ ունենայինք այն նույն հարաբերությունները, ինչ ունեն Իսրայելն ու ԱՄՆ-ն։ Մենք կարող էինք դեմ գնալ աշխարհի կամքին, եթե գոնե ունենայինք Ռուսաստանի կամ Թուրքիայի տնտեսական եւ ռազմական հզորությունը կամ եթե Արցախը ունենար ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի այն նույն աջակցությունը, ինչ աջակցություն ունեցավ Կոսովոն ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից։

Այսքանը։ Եւ լրջացեք։ Իրոք ամոթ է։ Չի կարելի այսպես։ Չի կարելի այսպես վարվել երկրի եւ այս երկրի ժողովրդի հետ։

Պատերազմի, 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին այլեւս ոչ մի բառ ոչ ասելու եմ, ոչ էլ գրելու։ Խոսելու եմ, պատմելու եմ միայն մեր տղերքի հերոսությունների մասին: Այսքանը բավական է։ Մի վերջին խնդրանք` ոչ ձեզ խաբեք, ոչ ձեր թիմակիցներին, ոչ էլ ժողովրդին։

Վերջում միայն ասեմ՝ պատերազմը տեւեց 44 օր, քանի որ մեր տղերքը արծիվ ու առյուծ են։ Աշխարհի ոչ մի այլ բանակ ուժերի նման հարաբերակցության պայմաններում երեք կամ չորս օր էլ չէր ձգի։ Այսքանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930