«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը կողմնակալ դիտորդության վերաբերյալ
Հոկտեմբերի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է «Հայաքվե» դիտորդական առաքելությանը, որը նոյեմբերի 9-ի դրությամբ ունի հավատարմագրված 78 դիտորդ (շուրջ 5 անգամ ավելի, քան մյուս դիտորդական առաքելությունները միասին)։
Դիտորդական առաքելությունը ներառում է «Արարատյան սերունդ» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպություններին։
Արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Քարոզչական բնույթի հաղորդագրությունները և տեսանյութերը տարածվում են «Հայաքվե» նախաձեռնության սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Telegram), որոնք ունեն մեծ լսարան։
Կարդացեք նաև
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը կոպտորեն խախտում է ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնները։ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ կետը պարտավորեցնում է դիտորդներին լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ: Նշված կանոնների խախտման դեպքում, ըստ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4․1 կետի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության հավատարմագրումը։
Հիշեցնենք, որ այս դիտորդական խումբը ակտիվ հակաքարոզչություն է արել նաև գարնանը կայացած Գյումրու ավագանու ընտրություններում, ինչը, սակայն փաստորեն, չի կանխել տվյալ դիտորդական առաքելության կրկին հավատարմագրումը Վաղարշապատի ընտրություններում։
Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ ուսումնասիրել «Հայաքվե» դիտորդական առաքելության վարքագիծը և իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին վերապահված գործառույթները՝ ընտրական գործընթացների օրինականությունը ապահովելու հարցում։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































