«Լեռնային Ղարաբաղը և դրա շուրջ օկուպացված 7 շրջանները միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի օրինական տարածքներ են». ահա այսպիսի խոսքերով աշխարհին և մասնավորապես հայությանը ողջունեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ 5 տարի առաջ՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին, Հայաստանի համար երեք տասնամյակ ծրագրված կապիտուլյացիայի ստորագրման արարողությունից րոպեներ անց։
Հետագայում ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորեց իր թուրք գործընկերոջը «Լեռնային Ղարաբաղում» միասնաբար իրականացրած փայլուն օպերացիայի համար։
2023թ.-ի Արցախի հայաթափումից հետո արդեն ռուս-թուրքական միասնական ռազմաբազայում ռուս գեներալը շնորհավորում էր իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատման և «Լեռնային Ղարաբաղում» վերջնական խաղաղության հասնելու համար։
Ցավալի է արձանագրել, բայց այս ամենը տեղի է ունեցել և ունենում է արևմուտքում հայ ժողովրդի պոտենցիալ դաշնակից ուժերի մինչ այս պահը լռելյայն համաձայնությամբ, երբ հայ ժողովրդի ցեղասպանության վտանգի և դրա իրագործման մասին հրապարակային հաշվետվություններ են ներկայացրել այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին «Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն» է, և «Միջազգային քրեական դատարանի» նախկին գլխավոր դատախազ, փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն։
Կարդացեք նաև
Այս ամենի հետևանքով էր նաև, որ թեպետ ԱՄՆ-ի մուտքը Հայաստան դրական զարգացում էր, այնուամենայնիվ 2025թ.-ի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության 17 կետերը խորքում հակահայկական են և անընդունելի։
Հայ ժողովրդի պատմության ամենաաղետալի օրերից մեկի հետևանքները շարունակում են հետապնդել մեզ այսօր՝ փորձելով ռազմաքաղաքական պարտությունը հասցնել հայ ժողովրդի ինքնության ջնջմանը, սրբությունների մոռացմանը և որպես քաղաքակրթություն վերացմանը։
Այս հրեշավոր ծրագրի իրականացման համար հայ ժողովրդի դարավոր թշնամիները թեպետ ունեն հրաշալի գործիք՝ թշնամու կողմն անցած կոլաբորացիոն կառավարություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց չունեն գործը ավարտին հասցնելու համար կոտրված հայ ժողովուրդ։
Հայաստանի տարածքների շարունակական օկուպացիան, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», «300 հզ ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձի», Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հալածանքների ծրագրերն այս հրեշավոր նպատակի կարևոր հանգրվաններ են։
Զավեշտալի է, որ նոյեմբերի 9-ի՝ Հայաստանին պարտադրված կապիտուլյացիայից 5 տարի անց Ադրբեջանն ու Ռուսաստանը, խախտելով իրենց պարտավորության մաս կազմող բոլոր կետերը, մինչ այսօր թույլ չեն տվել Երևանի կոլաբորացիոն կառավարությանը դուրս գալ այդ խայտառակ հայտարարությունից, թեպետ Նիկոլ Փաշինյանը համարյա ամեն օր խոսում է ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին, քանի որ նոյեմբերի 9-ը դեռ պարունակում է Զանգեզուրի միջանցքի անկատար պարտադրանքը։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը վերահաստատում է, որ ռուս-թուրք-ադրբեջանական դաշնակիցների կողմից Հայաստանին պարտադրված հայտարարությունը ապօրինի և ոչ մի իրավական ուժ չունեցող թղթի կտոր է, որը հրապարակային և ցուցադրական կերպով 2020թ.-ից սկսած Բևեռի հազարավոր համախոհներ պատռել են և նետել պատմության աղբանոցը։
Արցախցիների հետագա էթնիկ զտումը և հայ ժողովրդի դեմ մինչ օրս շարունակվող հալածանքների վերը հիշատակված ծրագրերն ապացուցում են, որ այս ցեղասպան ուժերը չեն կարող և ցանկություն էլ չունեն մեր տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելու։
Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարությունից ազատվելը և արցախցիների անվտանգ վերադարձի համար Արցախ անհրաժեշտ միջազգային պայմաններ ստեղծելը, իրական, տևական և արդար խաղաղության հասնելը մնում է մեր քաղաքական ուժի առաջնահերթությունը։
Ազգային–ժողովրդավարական բևեռի խորհուրդ


















































