Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւին առաջարկում եմ նայել բոլոր ցարական քարտեզները, որեւէ մեկի մեջ կարո՞ղ է գտնել Ադրբեջան անունը, այդպիսի երկիր գոյություն չի ունեցել մինչեւ 1918 թիվը»․ Ռուբեն Գալչյան

Նոյեմբեր 10,2025 17:46

Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Ալիեւի հայտարարություններին։ 

Հիշեցնենք՝ օրերս Ալիեւը հերթական կեղծիքն է հնչեցրել, ասելով, թե իբր ցարական քարտեզներով այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն, օրինակ, «չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ»։

Ռուբեն Գալչյանի խոսքով՝ Կովկասի հարավը 1650-ական թվականներից մինչեւ 1825 թվականը գրավված է եղել Պարսկաստանի կողմից։ Ամբողջ տարածաշրջանը պարսիկների գերիշխանության տակ էր, հետեւաբար, ժողովուրդները խառնվել էին։

«Եվ Պարսկաստանի Ատրպատականի ժողովրդի մի մասը, որոնք թուրքախոս էին դարձել 17-18-րդ դարերում, տեղափոխվեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով քաղաքների, գյուղերի իրենց անվանումները։ Այդ ժամանակահատվածում ժողովրդի մի մասը հայեր էին, մի մասը՝ քրդեր, թաթարներ եւ Կենտրոնական Ասիայից եկած այլ ցեղեր։ Մենք՝ հայերս, Սեւանը Սեւան էին անվանում, մյուսները Գյոյչա էին ասում։ Եվրոպական քարտեզներում՝ անգլիական, ֆրանսիական, գերմանական քարտեզների մեջ լճի անունը երկու լեզվով էր գրվում՝ Սեւան կամ Գյոյչա։ Եթե նայում ենք ցարական Ռուսաստանի քարտեզները, ցարական Ռուսաստանի ոչ մի քարտեզի մեջ Ադրբեջանի տարածքում Ադրբեջան անունը գոյություն չունի։ Մինչդեռ կա Թիֆլիսի գուբերնիա, Երեւանի գուբերնիա, Շամախիի գուբերնիա։ Ադրբեջան անունը գոյություն չունի, Ադրբեջան անունով երկիր չի եղել մինչեւ 1918 թիվը, ինչպե՞ս կարող է Ադրբեջանն իր լեզվով անուններ դրած լիներ Հայաստանի տարածքների վրա։

Նույնիսկ Թուրքիայում տպված քարտեզներում այն շրջանը, որտեղ հիմա Ադրբեջանն է, կոչվում էր Շիրվան։ Օսմանյան քարտեզի մեջ Հայաստանի անունը գրված է, Վրաստանի անունը գրված է, իսկ Ադրբեջանի փոխարեն գրված է Շիրվան։ Այսինքն՝ այդպիսի երկիր գոյություն չի ունեցել, ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող երկիրն իր անունները դնել մեր քաղաքների ու գյուղերի վրա։ Դրանք Պարսկաստանից եկածների դրած անուններն են։

Ես Ալիեւին առաջարկում եմ գնալ ու նայել բոլոր ցարական քարտեզները՝ սկսած 1700 թվականից մինչեւ 1919 թվականը, որեւէ մեկի մեջ կարո՞ղ է գտնել Ադրբեջան անունը, այդպիսի բան գոյություն չունի։ Ալիեւի ասածն ամբողջովին կեղծիք է, ինքն իր հորի մեջ է ընկել»,- ասաց Գալչյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են կեղծել պատմությունը։ «Այդ երկիրը ծնվել է 1918 թվականին, դրանից առաջ այդ շրջանը կոչվել է Շիրվան, դրանից առաջ՝ Աղվանք։ Իրենք նույնիսկ չգիտեն՝ ում հետեւորդներն են։ Երբ 1990-ական թվականներին Ալիեւի հայրն իրենց պատմաբաններին ու աշխարհագրագետներին հրավիրեց խոսելու այն մասին, թե արդյոք իրենց նախապապերն աղվաններն էին, թե թուրքերը, երկօրյա կոնֆերանսի ընթացքում արդյունքի չհասան, վերջը չհասկացան՝ ինչպես հայտարարեն իրենց՝ աղվանների հաջորդը, թե՞ թուրքերի։

Իրենք թուրքերի իրավահաջորդներն են, իրենց լեզուն էլ թուրքերենն է։ Ադրբեջանն ասում է՝ մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, բայց մինչեւ 1800 թվականի վերջերը թուրքերեն լեզվում գրավոր ոչ մի բառ գոյություն չի ունեցել։ Իրենք բոլորը գրում էին պարսկերեն լեզվով, Ադրբեջանի տարածքում Շիրվանի պատմաբաններն իրենց գրքերը գրում էին պարսկերեն։ Եվ այդ պարսկերեն գրականության մեջ անընդհատ խոսում են հարեւան Հայաստանի մասին։ Ալիեւն ինքը խոսքեր է ասում, որոնց փաստը գոյություն չունի, ինքը դրանով իր փորած հորի մեջ է ընկնում»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930