Հարյուրավոր կիլոմետրեր Հայաստանից հեռու, Նեապոլի պատմական կենտրոնի նեղ փողոցներից մեկում՝ Via San Gregorio Armeno-ում, գտնվում է մի եկեղեցի, որը պահպանում է ոչ միայն իտալական հավատքի ավանդույթը, այլև հայ հոգևոր պատմության մաս է կազմում։
Այդտեղ է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը՝ գանգի ոսկորները, որոնք դարեր շարունակ իտալական հավատացյալների և հայ ուխտավորների երկրպագության առարկան են դարձել։
Գրիգոր Լուսավորիչը՝ IV դարի սկզբի հայ հոգևոր առաջնորդը, այն մարդն էր, ով Հայաստանը վերածեց առաջին քրիստոնյա պետության՝ 301 թվականին։ Նրա կերպարը միաժամանակ պատմական և խորհրդաբանական է՝ նվիրվածություն, տառապանք և վերածնունդ։ Նրա կյանքի ավարտից հետո՝ ըստ ավանդության, նրա մարմինը թաղվել է Արարատյան աշխարհի լեռներում, սակայն դարերի ընթացքում մասունքները սկսել են տարածվել տարբեր ուղղություններով՝ Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, և ի վերջո՝ Իտալիա։
Ըստ պատմական աղբյուրների՝ 8-րդ դարում մի խումբ հայ միանձնուհիներ, Կոստանդնուպոլսից տեղափոխվելով Իտալիա, իրենց հետ բերել են Լուսավորչի մասունքների մի մասը։ Նրանց հիմնած վանքը Նեապոլում վերածվեց San Gregorio Armeno եկեղեցու, որը մինչ օրս կրում է սրբի անունը։
Կարդացեք նաև
Եկեղեցին կառուցվել է VI–VIII դարերում, իսկ ներսում՝ հռոմեական ավերակների վրա։ Նրա սրբասեղանի ներքևում պահպանվում է այն փոքրիկ դարակը, որտեղ՝ ըստ ավանդության, պահվում են Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Նեապոլցիների համար սա ոչ միայն հայկական հիշատակ է, այլև քաղաքի հոգևոր ժառանգության մասնիկ։
Նեապոլը համարվում է Սուրբ Գենարիոսի քաղաքը: Նա է համարվում քաղաքի գլխավոր հովանավորը, որի անունը կապված է հրաշքների և արյան հեղուկացման ավանդության հետ։ Սակայն տեղացիների մի մասը հավատում է, որ Գրիգոր Լուսավորիչը, որպես օտար հողում հանգչող սուրբ, դարձել է քաղաքի երկրորդ երկնային հովանավորը (Ասենք ինչպես Սերվատիուսը Բելգիայում և Հոլանդիայում)։
Սա հետաքրքիր կապ է, յուրօրինակ երկխոսություն՝ հայկական լուսավորության և նեապոլյան հրաշքի միջև ու կարծես խորհրդանշում է քրիստոնեական Եվրոպայի բազմաշերտ մշակույթը։ Հայ սուրբը այստեղ այլևս օտար չէ․ նա դարձել է Նեապոլի հոգևոր համայնքի մի մասը։
2015 թվականին Նեապոլում տեղի ունեցավ հիշարժան արարողություն՝ նվիրված Գրիգոր Լուսավորչի մասունքների պահպանության և հայ ժողովրդի հոգևոր ժառանգության հիշատակին։ Միջոցառմանը մասնակցեցին Իտալիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և պաշտոնատար անձինք Հայաստանից։
Այս հանդիպումը դարձավ խորհրդանիշ այն կապի, որ շարունակում է գոյություն ունենալ Հայաստանի և Եվրոպայի միջև՝ որն անցնում է դարերի միջով։ Գրիգոր Լուսավորչի գանգի մասունքը Նեապոլում պարզապես հնություն չէ։ Այն խորհրդանշում է լույսի փոխանցումը՝ ոչ միայն հավատքի, այլև մշակութային հիշողության տեսանկյունից։
Նա, ով լուսավորեց Հայաստանը, շարունակում է իր լույսը տարածել Եվրոպայի սրտում՝ Նեապոլի փոքրիկ եկեղեցու մթության մեջ, որտեղ լուռ խոնարհվում են մարդիկ տարբեր ազգերից՝ հայեր, իտալացիներ, ուխտավորներ և զբոսաշրջիկներ։
«Նիդերլանդական Օրագիր»





















































