«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ «ՀայաՔվեն» քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը իրական խաղաղության չի պատրաստվում և իրական խաղաղություն չի ուզում մի քանի պատճառներով։
«Առաջին պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, որը բռնապետ է և բռնապետական երկրի ղեկավար, խնդիր ունի իր պետության տնտեսական ցածր ցուցանիշները, սոցիալական վատ վիճակը կոմպենսացնել ազգայնամոլական տրամադրություններով, և դրանք, իհարկե, ուղղված են ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։
Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլյացիան ընդունի։
Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այդ պետության մեջ մարդկանց շրջանում շարունակվում է կեղծ և արհեստական ազգային ինքնություն ներարկելու գործընթաց։ Այդ գործընթացը կառուցվում է «ընդդեմ հայերի» սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նրանց ազգային ինքնությունը կառուցվում է ոչ թե հանունի, այլ ընդդեմի սկզբունքով, և այդ ընդդեմը մենք ենք՝ հայ ժողովուրդը։
Կարդացեք նաև
Հայաստանում այդ ամեն ինչին զուգահեռ տեղի է ունենում հակառակը։ Հայաստանում ազգային ինքնության վերախմբագրում է տեղի ունենում, որի էությունն ազգային հպարտությունը թուլացնելն է, այն, որ մատաղ սերունդը չկարևորի իր ազգային ինքնությունը և թվացյալ խաղաղության մեջ ապրի իբրև սպառող։ Մեզ մոտ այդ ամենն ընթանում է ավելի շատ դեպի սպառողական հասարակություն։
Այս երկու գործընթացները խորացնում են անհավասարակշռությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա պատերազմները զուտ զորքերի միջև տեղի ունեցող պատերազմներ չեն։ Զորքերի միջև ռազմական բախումների հարցում շատ կարևոր է դառնում հասարակական համախմբվածության հանգամանքը։ Ադրբեջանի պարագայում տեսնում ենք հետևողական քայլեր հանրային համախմբում իրականացնելու համար, որը ուղղված է Հայաստանի դեմ։ Հայաստանի պարագայում տեսնում ենք հանրությանը պառակտելու, բոլոր հնարավոր միավորող գաղափարները, ինստիտուտները կազմաքանդելու գործընթաց, ինչը վերջին ամիսներին հատկապես դրսևորվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավով և ավելի ու ավելի խորացնում է պառակտվածությունը հայ ժողովրդի մեջ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։
Թվում է՝ իշխանության քայլերը հստակ են, նորություն չեն, ինչպես նշվում է, ամեն ինչ ասվել ու քննարկվել է։ Թվում է՝ ասվել են բոլոր հնարավոր ու անհնարին ստերը, հնչել են տարաբնույթ մանիպուլյացիաները, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հայտարարում է, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը բացառապես կորցնողի դերում է եղել, այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Ո՞ւմ համար են հնչում այս մանիպուլացնող հայտարարությունները։
«Մեր հայրենակիցների մի մասը, ցավոք, գտնվում է այն վիճակում, երբ իրականությունը պատկերացնում է, ընդունում ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում ընկալել, ընդունել։ Սա կոչվում է ցանկալին իրականության տեղ ընդունելու մոտեցում։ Նա կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել մեր ազգաբնակչության այդ հատվածին, որովհետև բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի, մարդիկ ուզում են հանգիստ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել և ապրել։ Նա ուսումնասիրում է այդ ամենը, գիտի՝ մարդկանց քանի տոկոսն է իրականությունը իրականության տեղ ընկալում, քանի տոկոսն է իրականությունը ցանկալիի տեղ ընկալում, և հետևողականորեն աշխատում է։ Սա կարճաժամկետ մարտավարություն է իր կողմից, որպեսզի մինչև ընտրությունները հնարավորինս պահպանի եղած տրամադրությունները, որ մարդիկ մինչև ընտրություններն առնվազն հավատան, որ խաղաղություն է լինելու։
Ի դեպ, այդ հարցում ադրբեջանցիներն իրեն աջակցում են, նրանք, այսպես կոչված, ֆորա են տալիս վերարտադրվելու համար, և այդ պատճառով է նաև, որ ինչ-որ մի կարճ ժամանակամիջոց լարումներ տեղի չեն ունենում, բայց մենք կարճ հիշողություն չունենք։ Նույն ձևով կարող ենք հիշել, օրինակ՝ 2018 թվականը։ Այդ տարվա սեպտեմբերին, երբ Դուշամբեում հանդիպեցին վերելակի մեջ, խնդրեց Ալիևին, որպեսզի ինչ-որ մի ժամանակ լարումներ չլինեն սահմանում, Ալիևը կատարեց իր խնդրանքը և ձեռք բերեց կառուցողական կողմի իմիջ, բայց, միևնույն ժամանակ, պահանջներ դրեց, որ Արցախը հանձնի։ Տեսանք արդյունքը, որ ընդամենը մի քանի ամիս՝ մինչև 2019 թվականի գարունը տևեց, այսպես կոչված, «խաղաղություն» վիճակը, որից հետո նորից շարունակվեցին սրացումները՝ հասնելով պիկին 2020 թվականի հուլիսին, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ»,-նշում է զրուցակիցը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































