Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՞վ է վերահսկում մեր ավտոբուսները․ նոր քննարկում՝ չինական արտադրության տրանսպորտային միջոցների շուրջ
Վերջին շաբաթներին միջազգային մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ չինական Yutong Group ընկերության արտադրած որոշ էլեկտրական ավտոբուսներ տեսականորեն հնարավոր է հեռակառավարել կամ կանգնեցվել արտադրողի կողմից։ Փորձարկումները ցույց են տվել, որ ավտոբուսների համակարգերը ունեն հեռակա հասանելիություն բջջային ցանցի միջոցով՝ առաջացնելով լուրջ կիբեռանվտանգության և պետական վերահսկողության հարցեր։ Ավտոբուսը մեծ ու վտանգավոր տրանսպորտային միջոց է, և եթե այն հնարավոր է հեռվից կառավարել, հաքերները հաստատ դրա ձևը գտնելու են ու այդ ավտոբուսները կարող են դառնալ վտանգավոր զենք։ Այս փաստերի կապակցությամբ Նորվեգիայի և Դանիայի իշխանությունները հետաքննություններ են սկսել։
Հիշեցնեմ, որ Երևանի հանրային տրանսպորտում նույնպես գործում են Չինաստանում արտադրված ավտոբուսներ՝ մասնավորապես Zhongtong Bus Holding Co., Ltd. և ավելի վաղ ներկրված Higer Bus Company Limited մոդելներ։
Կարդացեք նաև
Այս ավտոբուսներից մի քանիսը համալրված են առցանց հետևման համակարգերով, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս իրական ժամանակում տեսնել երթուղիները։ Ասեմ, որ առայժմ հրապարակային ապացույցներ չկան, որ Երևանի ավտոբուսները կարելի է հեռակա կարգով կանգնեցնել կամ կառավարել արտադրողի կողմից։
Այնուամենայնիվ հարցը մնում է բաց․
➡️ Ո՞վ ունի իրական վերահսկողությունը մեր քաղաքների տրանսպորտային միջոցների վրա։
➡️ Արդյո՞ք տեղական տրանսպորտային կառույցները կարող են ստուգել՝ արդյո՞ք կա որևէ հեռակա հասանելիություն։
➡️ Պե՞տք է արդյոք Հայաստանը, ինչպես եվրոպական երկրները, կիբերանվտանգության աուդիտ իրականացնեն ներկրված «խելացի» տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Վերջին տարիներին նաև Հայաստան են ներկրվում ահռելի քանակությամբ էլեկտրական մեքենաներ։ Դրանցից՝ օրինակ Tesla֊ները, մեծ թվով խոցելիություններ ունեն և 2023֊ի Pwn2Own հաքերային մրցույթի ժամանակ Tesla-ն կոտրելու ու հեռվից կառավարելու համար ընդամենը 2 րոպե էր պահանջվել։ Հայտնի ու անհայտ բազմաթիվ չինական արտադրողների մեքենաների մասին էլ չխոսեմ։
Կարծում եմ ժամանակն է հարցնելու՝ իսկ մենք իրո՞ք գիտենք՝ ինչ կա մեր մեքենայի շարժիչի տակ, ով և որտեղից է այն կառավարում:


















































