Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրել էին փոխել Վարդան Ղուկասյանի խուցը, նրան տեղափոխել Միքայել Սրբազանի մոտ․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է ներկայացնում

Նոյեմբեր 11,2025 20:50

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր Գյումրու ավագանու նիստերի դահլիճում ավագանու անդամներին մանրամասներ ներկայացրեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթից, նրա առողջական վիճակից, պահման պայմաններից։

Նա նշեց, որ Գյումրու քաղաքապետն առողջական որոշակի խնդիրներ ունի, բայց միշտ ամուր է և իր մտահոգությունը կապված է Գյումրիի կառավարման և Հայաստանի ապագայի հետ։

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը չի տրտնջում, չի բողոքում իր առողջական խնդիրներից, սակայն նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք ֆիքսված են փաստաթղթերով։ Դրանք ներկայացրել են դատավորին, սակայն վերջինս մատների արանքով է նայել, ու նրան կալանավորել երկու ամիս ժամկետով։

Փաստաբանի ասելով՝ նրա առողջական խնդիրների մասին տեղեկացրել է նաև քրեակատարողական ծառայության պետին ու անձնակազմին։

Վարդան Ղուկասյանը մշտապես ասել է, որ ինքը կդիմանա, ամուր է, սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, որը նկատել է քրեակատարողական հիմնարկի անձնակազմը, շտապօգնություն են հրավիրել, վերջինս որոշել է նրան հոսպիտալացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այստեղ նրան ցուցաբերել են առաջնային անհրաժեշտ բուժօգնություն, լուրջ միջամտություն են արել նրան, մի գիշեր հիվանդանոցում անցկացնելուց հետո առավոտյան շուտ անսպասելիորեն նրա հետևից են եկել քրեակատարողական հիմնարկից ու անմարդկային պայմաններում՝ առանց շտապօգնության մեքենայի, տեղափոխել են «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրեն երկար ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկատվություն չեն տրամադրել նրա դուրս գրման պատմագրի վերաբերյալ, իսկ երբ տրամադրել են, տեսել է, որ նշանակված է մշտական հսկողություն՝ էնդոկրինոլոգի և կարդիոլոգի կողմից։

«Այն հաստատությունում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը ընդհանրապես բժիշկ չկա, չեմ խոսում էնդոկրինոլոգի և կարդիոլոգի մասին, և նրա հիվանդություններն այնպիսին են, որ մշտադիտարկումն անհրաժեշտ է, որպեսզի կայունացնեն նրա վիճակը, դեղորայք պիտի նշանակեն, որից կախված է նա առողջական վիճակի լավացումը կամ վատացումը։

Կարող եմ ասել, որ նա դուրս է գրվել ոչ թե ամբողջապես ապաքինված կամ առողջացած, այլ դուրս է գրվել այն պայմանում, որ առաջին բուժօգնությունն են նրան տրամադրել ու դուրս գրել, բայց դուրս չի գրվել որպես առողջ անձնավորություն։ Հիմա սրանից հետո մենք կարող ենք գնահատել, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով»,-ասաց փաստաբանը։

Նա ասաց, որ ամսի 6-ից սկսած՝ բուժօգնություն չեն տրամադրում, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի ավելի վատթարացմանը։

«Այն պայմանները, որտեղ նա պահվում է, չեն համապատասխանում չափորոշիչներին, էլ չեմ ասում, որ հիվանդ մարդու համար դրանք նախատեսված պայմաններ չեն՝ ո՛չ խուցը, ո՛չ խցակիցները, ո՛չ սանտիարահիգենիկ պայմանները, ո՛չ լուսավորությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։ Նույնիսկ զբոսանքի վայրն է փակված, երկինքը տեսնում է ցանցի միջոցով։

Նա համոզված է, որ նման պայմաններում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրանք միջնորդություն են ներկայացրել, որպեսզի փոխեն Վարդան Ղուկասյանի խուցը ու նրան տեղափոխեն Միքայել Սրբազանի խուց, սակայն մերժել են։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ շուրջ մեկ ամիս է՝ Վարդան Ղուկասյանը կալանավայրում է, նրան չեն թույլատրում մասնակցել պատարագի, սա ևս մերժել են։

Փաստաբանը նաև խոսեց Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի մասին։ Նա ասաց, երբ ընտրում են խափանման միջոց, պիտիս սկսեն նվազագույնից մինչև առավելագույնը՝ ծայրահեղը, բացառիկը, որը կալանավորումն է։ Դատարանը կամ պետք է ընտրեր կալանավորումը կամ այլընտրանքային միջոց, երկուսը միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում չի նախատեսում, սակայն հոկտեմբերի 21-ից սկսած Վարդան Ղուկասյանը ապօրինի գտնվում է կալանքի տակ։

Նա խոսեց նաև 2 օրվա ընթացքում շուրջ 50 հոգու կալանավորման մասին։

Նրանք, ըստ Զարուհի Փոստանջյանի, քաղաքական հալածյալներ են, նրանց նկատմամբ հետապնդումը նախաձեռնվել է ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որը հոկտեմբերի 1-ին ԱԺ ամբիոնից բռնության կոչ հնչեցրեց, որ Վարդան Ղուկասյանին պիտի դուրս շպրտի քաղաքական ու հանրային կյանքից։

Փաստաբանը հայտնեց, որ բողոքներ են հղել միջազգային կառույցներին, դեռ դրական արդյունքներ չկան, սակայն վստահ է, որ կարճ ժամանակ անց բոլորը կանչվելու են պատասխանատվության։

Պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե արդյոք քաղբանտարկյալ է Վարդան Ղուկասյանը, ասաց՝ այո, երկրորդ կարծիք չկա, նա քաղբանտարկյալ է՝ ԵԽԽՎ-ով մշակված բանաձևի համաձայն։

Նա նաև նշեց, որ այսօր կալանավայրերը «ծփծփում են» կալանավորներով, նրանց ամենակարևոր իրավունքը՝ առողջության պահպանումը հնարավոր չէ իրականացնել, բոլոր բուժծառայությունները մեծ գումար են պահանջում, և բոլոր հիվանդները՝ 50-ից ավելի մարդիկ այս տարի կալանավայրում մահացել են։

Վարդան Ղուկասյանը, ըստ փաստաբանի, չպիտի գտնվի կալանավայրում, նրա բժշկական փաստաթղթերը փաստում են, որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանավայրում գտնվելու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930