Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերքաբերի ժողովուրդն ասում էր, որ գյուղն արթնացել է, սկսել է ապրել, ասացին, որ մեր երիտասարդներն էլ չեն գնում Ռուսաստան, անգամ հետ են վերադառնում». Հռիփսիմե Հունանյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2025 10:11

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հետ

– Մի քանի օր առաջ այցելել էիք Տավուշի սահմանամերձ գյուղեր: Ո՞րն էր նպատակը, ինչպիսի՞ ընդունելության արժանացաք։

– Այո, ֆրակցիայի ղեկավարի գլխավորությամբ մի խումբ պատգամավորներով եղանք Կիրանցում եւ սահմանամերձ այլ գյուղերում, մարզային այց էր` շփվելու, ծանոթանալու Կիրանցի նոր դպրոցի հետ, նոր աշխատանքների հետ ծանոթանալու։ Նաեւ եղանք Դիլիջանում, որտեղ մեծ շինարարական աշխատանքներ էին տարվում, տեսանք գյուղացիներին, խոսեցինք իրենց հետ։

– Ինչպե՞ս ընդունեցին ձեզ բնակիչները, որոնք սահմանազատման հետեւանքով տուն, հող են կորցրել։

– Շատ լավ ընդունեցին: Փորձեցինք մեր աջակցությունը, օգնությունը հայտնել՝ իրենց խնդիրների հետ կապված, ասացին, որ խնդիրներ չունենք, մեր գյուղի միակ խնդիրն այն է, որ մեր երիտասարդները չեն ամուսնանում։

– Այսինքն՝ մարդիկ գոհ ու երջանի՞կ են, որ իրենց տները, հողերը կորցրել են, թշնամին մոտեցել է։

– Բոլոր այն մարդիկ, որոնք տներ ու հողատարածքներ են կորցրել, պետությունը նրանց փոխհատուցել է, տներով ապահովել, ես ոչ մի դժգոհություն չլսեցի այդ մարդկանցից, գոնե մեկ դժգոհություն։ Եղանք Կիրանցի նորակառույց դպրոցում, որը շատ-շատ լավ դպրոց է։

– Խոսքը սահմանին կից դպրոցի՞ մասին է, իսկ այդ պատը որքանո՞վ է ապահով, բնակիչները հաշտվե՞լ են այդ իրողության հետ։

– Այո, այո, պատի հետ էլ են հաշտ, մենք տեսանք սովորական տարածքներ, ոչ մի ուժ, մարդ չկար այնտեղ, որը լարված տպավորություն կթողներ։

– Իսկ դուք շրջե՞լ եք փողոցներում, պատահական մարդկանց հետ զրուցե՞լ եք, որովհետեւ տեսանյութեր չկային, տեղացիներն էլ պատմել են, որ երբ Փաշինյանը գնում է Կիրանց, տեղացիներին իրավապահները թույլ չեն տալիս տներից դուրս գալ։

– Վարչապետը մեզ հետ չէր, մենք էլ ոչ մեկին չենք ասել՝ հանկարծ տներից դուրս չգաք, շատ պատահական ենք գնացել, մարդիկ իրենց տներից դուրս են եկել, շփվել մեզ հետ, վստահեցնում եմ՝ շատ լավ ընդունելության ենք արժանացել թե՛ Բերքաբերում, թե՛ մնացած տեղերում։ Բերքաբերի ժողովուրդն ասում էր, որ գյուղն արթնացել է, սկսել է ապրել, ասացին, որ մեր երիտասարդներն էլ չեն գնում Ռուսաստան, անգամ հետ են վերադառնում, որ կառավարության տարբեր ծրագրերով՝ գյուղատնտեսական, սուբվենցիոն, սկսել են իրենց աշխատանքները եւ շատ գոհ են։ Ասացին, որ 16 մլն-ի ծրագրով, որ սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում, բազմաթիվ մարդիկ են ավելացել գյուղում, եկել են ապրելու, մի խոսքով` գյուղն արթնացել է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930