Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի գործունեությանը՝ փորձելով կասկածի տակ դնել վերջին տարիներին Թաթոյանի ներկայացրած փաստերը սահմանամերձ համայնքներում ստեղծված իրավիճակի մասին։
«Պատերազմից անմիջապես հետո Թաթոյանը սարսափազդու վերլուծություններ էր անում՝ իր սադրիչ հայտարարություններով ահավոր լարվածության մեջ պահելով սյունեցիներին: Սյունեցիներն առաջիկա ընտրությունների ժամանակ նրան անպայման դա կհիշեցնեն։ Այս օրերին էլ թեման փոխել է՝ «արեւմտյան Ադրբեջան», թե բա հեսա գալիս են, մեծ փողեր են դրել էդ նախագծի տակ, միջոցառումներ են ավելացրել: Ադրբեջանում միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան, որն այդ թեման թեժացնում է ու միշտ օրակարգում պահում»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։
Հայտնի է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արման Թաթոյանը պարբերաբար փաստահավաք գործունեություն է իրականացրել եւ ներկայացրել, թե մասնավորապես Սյունիքի մարզում ինչ խնդիրներ են ստեղծվել ադրբեջանցիների առաջխաղացման ու ռազմավարական բարձունքներ գրավելու պայմաններում։ Այդ փաստերին պաշտոնական մակարդակով որեւէ հակադարձում չի եղել։ Երբ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայկական զորքերը հետ քաշվեցին, իսկ ադրբեջանական զորքերն առաջխաղացում ունեցան եւ գրավեցին Սյունիքի ռազմավարական բարձունքները, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Սյունիքի մի շարք համայնքներում բնակչության համար բարդ պայմաններ ստեղծվեցին։ Իսկ արդեն 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զորքերը բարենպաստ դիրքերում էին, ՀՀ բնակավայրերին շատ մոտ, եւ ՀՀ տարածքները բռնազավթվեցին։
2021 թվականին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել։ Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, եւ Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»։
Կարդացեք նաև
Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դեռեւս պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում՝ իրական վտանգ ստեղծելով հատկապես Կապանի Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի բնակիչների համար:
Իսկ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով արդեն ադրբեջանցիները տարածքներ են օկուպացրել Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում։
Արման Թաթոյանը հրապարակել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները՝ հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։
Մեկ այլ հրապարակմամբ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ներքին Խնձորեսկում բնակչության ամբողջ ապրուստը, արոտավայրերն ադրբեջանական վերահսկողության ներքո են: Մարդկանց կյանքի իրավունքն է խախտվում: Դավիթ Բեկում սկզբունքորեն խաթարված է մարդկանց բնականոն կյանքը: Դավիթ Բեկի գերեզմանոցի գլխավերևում գտնվում է ադրբեջանական դիրքը: Այս հատվածում կրակոցներ են եղել: Ներքին Հանդի դպրոցը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից:
Բարդ իրավիճակ է հատկապես Կապանի Ներքին Հանդ գյուղում։ Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար։
Արման Թաթոյանը փաստեր էր հրապարակել այն մասին, որ Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարեւանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանոցի ու եկեղեցու տարածքում:
«2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ավելի են ամրացրել։ Նրանք շարունակում են խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը։ Գրեթե ամեն օր գյուղի տարածքում անօրինական տեղակայված իրենց դիրքերից արձակում են կրակոցներ: Միայն Ներքին Հանդում 240 հեկտար հողատարածք անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո է կամ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո։ Տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց մոտենալ անգամ չեն կարողանում իրենց հողերին։ Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական տեղակայված են գյուղի ջրի միակ աղբյուրի մոտ և կտրել են խմելու ջուրը։ Հիմա Ներքին Հանդում ապրող ընտանիքները ստիպված օգտագործում են, այսպես կոչված, «տեխնիկական» ջուր։ Բնակիչները 2022թ. սեպտեմբերից մինչեւ այսօր չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց ընտանիքների շիրիմներին։ Երբ գյուղում մարդ է մահանում, ստիպված հուղարկավորում են Կապան քաղաքի տարածքում։ Գյուղի միակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որ գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, այսօր նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո է: Մարդիկ չեն կարողանում մասնակցել եկեղեցական արարողությունների կամ պարզապես այցելել եկեղեցի»։
Արման Թաթոյանը փաստեր է ներկայացրել նաեւ Հայաստանի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիների կողմից հազարավոր ծառահատումների ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ռազմական ճանապարհների, տեղադրված բազմաթիվ ականների, խմելու ջրից բնակիչներին զրկելու, զինված դիրքերը քաղաքացիական տների անմիջական հարեւանությամբ տեղակայելու եւ այլնի վերաբերյալ:
Այն, որ ադրբեջանցիներն ապօրինի գործողություններ են իրականացնում «Շիկահող» պետական արգելոցում, «Առավոտի» հետ զրույցում հաստատել էր նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»,- ասել էր նա։
Փարսյանը մեզ հետ զրույցում նաեւ նշել էր, որ հատկապես մտահոգիչ իրավիճակ է Ներքին Հանդ գյուղում։ «Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զորքերով։ Կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներն ամբողջովին գտնվում են ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո։ Խմելու ջրի ակունքներն են անցել նրանց վերահսկողության տակ, նաեւ՝ գյուղի գերեզմանոցը։ Մարդիկ գյուղի եկեղեցի այցելելու հնարավորություն չունեն։ Այս իրավիճակը 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների հետեւանք է։ Ներքին Հանդում իրավիճակը բավական լուրջ է»,- ասել էր համայնքի ղեկավարը։
Սյունիքի Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետեւանքով գյուղացիներից ոմանք չեն կարողանում օգտագործել իրենց վարելահողերը։ 2023 թվականի մարտի 30-ին ադրբեջանական առաջխաղացման հետեւանքով Տեղ գյուղի բնակիչների վարելահողերի մի մասը հայտնվել են թշնամու վերահսկողության տակ։
ԱԱԾ-ն 2023 թվականի մարտի 30-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը Տեղ գյուղի հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել: Օրեր անց ԱԱԾ-ն մեկ այլ հայտարարությամբ հայտնեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը «էականորեն բարելավվել է»: Սակայն հանրությունն այդպես էլ չտեղեկացավ՝ ի՞նչ բարելավում է տեղի ունեցել, ադրբեջանական զորքերը նահանջե՞լ են զբաղեցրած դիրքերից։
Իսկ Արավուս գյուղի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ավելի ուշ ասել էր, որ ոչ մի բարելավում էլ տեղի չի ունեցել։ «Ադրբեջանցիները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ դիրքավորվել էին դեռ մարտի 30-ին։ Իշխանության հավաստիացումները, թե բանակցություններից հետո որոշակի բարելավում կա, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել էր նա։
Դեռեւս 2023 թվականի աշնանը «Առավոտը» հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքն օկուպացրած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ իրենց դիրքերում, ՀՀ տարածք ապօրինի ներխուժման դեպքերով ձերբակալություններ չկան, համենայնդեպս այդ մասին հանրությանը հասանելի տեղեկատվություն առ այսօր չկա։ Ինչո՞ւ չեն ձերբակալվում ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցիները, եւ արդյոք ՀՀ իրավապահ մարմինների կողմից անգործություն է դրսեւորվում այս հարցում»։
Ի պատասխան, Գլխավոր դատախազությունից ասել էին, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց պատշաճ թույլտվության ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պետական սահմանը հատելու, ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքի այդ մասն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածով նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն: «Հիշյալ քրեական վարույթներին վերաբերելի այլ տեղեկատվության տրամադրումը քննության ներկա փուլում նպատակահարմար չէ՝ ելնելով նախաքննության տվյալները չհրապարակելու անհրաժեշտությունից, քանի որ դրանց հրապարակումը անխուսափելիորեն կվտանգի հետագա նախաքննության պատշաճ և համակողմանի իրականացումը»,- հայտնել էին դատախազությունից։
Թե ինչով ավարտվեց այս քննությունը, հայտնի չէ։ Բայց հայտնի է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները մշտապես խուսափում են պատասխանել հարցերին՝ ադրբեջանական զորքերը երբ են պատրաստվում դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միայն վերացական ասում են, թե այդ հարցը կլուծվի «սահմանազատման ու սահմանագծման» աշխատանքների արդյունքում։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից շրջանառվող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեզին, գաղտնիք չէ, որ այդ թեզն առավել ակտիվ շրջանառվել է 2020 թվականի պատերազմից հետո, եւ Ադրբեջանի իշխանությունները բացեիբաց խոսում են իրենց նկրտումների մասին։ Խնդիրը հասել է այնտեղ, որ ՀՀ իշխանությունները այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցը հավասարեցրել են արցախցիների վերադարձի հարցին։ Այնինչ, մասնագետները բազմաթիվ փաստեր են բերում այն մասին, թե ինչպես համեմատելի չեն արցախցիների ու ադրբեջանցիների վերադարձի հարցերը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ մեթոդներով հանրությանը ներկայացնել, թե այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասով խնդիր չկա, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքի նկատմամբ իր նկրտումներից։ Նաեւ գաղտնիք չէ, որ այդ ծրագիրը Ադրբեջանում ֆինանսավորվում ու հովանավորվում է պետական ամենաբարձր մակարդակով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































