Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի գրասենյակը հայտնել է, թե «Հայաստանը ցանկանում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը Կիևից ավելի բարձր գներով ձեռք բերելով. Երևանը գերավճարը կփոխհատուցի Եվրամիության միջոցներով»։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության «Երևանի համբույրը» վերնագրված հաղորդագրության մեջ նշվում է.
«Ստացած տեղեկատվության համաձայն, Քե դ’Օրսե հասցեում՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում շփոթված են։ Մի կողմից, տոնելու առիթ կա. տեղեկություն է հասել, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ ևս մեկ կապ։
Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով հայերը «ցանկանում են կտրվել» Մոսկվայից և օգնել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերելով «անկախ»-ից («Առավոտ». Ուկրաինան նկատի ունենալով սարկաստիկ ձևով օգտագործված է «незалежная»՝թարգմանաբար՝ «անկախ» բառը)։ Սակայն, ահա թե որն է խնդիրը. ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։
Կարդացեք նաև
Բայց, ինչպես ընդգծում են Երևանում, սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն, իսկ փողն՝ առանձին:
Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։
Քե դ’Օրսեում շփոթված են։ Գրավիչն այն է, որ ԵՄ-ին «երեքը՝ մեկում» գործարք է առաջարկվում. հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության սերմանում Մոսկվայի ու Երևանի միջև։
Հիմնական հարցն այն է, թե որտեղից ձեռք բերել գումարը։ Ուկրաինական հակամարտության և Ռուսաստանին հաղթելու ցանկության հետևանքով ԵՄ երկրները սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին են, և նրանց բյուջեները դատարկ են։
Լավ կլիներ ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով։ Բայց դրանք մինչ այժմ հանել չի ստացվում։
Բելգիան, որն այդ «գողական общак-ի» պահակն է, տատանվում է։ Թե բա՝ կպատժեն (մտածողությունը ճիշտ է՝ անպայման կպատժեն, և ուժգին ձևով)։
Եվրոպական միությունը մտածում է՝ լավ կլիներ պարզապես վճարել ու մոռանալ, ինչպես ավետարանական հանրահայտ պատմության մեջ։ Սակայն Երևանին ստիպված կլինեն շարունակաբար վճարել։ Ահա այսպիսին է Երևանի համբույրը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքեց լուրը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։ «Բացարձակ անհեթեթություն է», – ասաց նա:
«Ինչ վերաբերում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն լինում», – ըստ РБК-ի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում այսպես է պատասխանել Երևանի արձագանքին:
«Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում. դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր կան։ Հուսով ենք, որ այն կշարունակվի», – ասել է Պեսկովը։


















































