Ermenihaber. Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային համաժողովին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների հետազոտական կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեները հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է Լիբիայի և Ադրբեջանի գրասենյակները։ Ակադեմիական ոլորտում էներգետիկայի տնտեսագիտություն և կառավարում ուղղությամբ շարունակելով իր դոկտորական ուսումնասիրությունները՝ Աքյեները, միաժամանակ լինելով «TESPAM»-ի նախագահը, էներգետիկ քաղաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ էներգետիկ խնդիրների թեմայով առաջատար մասնագետներից է։ Բազմաթիվ գրքերով, հոդվածներով և աշխատություններով հայտնի Աքյեներն ակտիվ դեր ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ձևավորման գործում։ Վերջինս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և գնահատականներ տվել վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
– Հայաստան–Թուրքիա հարաբերություններն այժմ ի՞նչ փուլում են: Կա արդյո՞ք որևէ առաջընթաց՝ ըստ Ձեզ։
– Եթե Հայաստան–Թուրքիա հարաբերություններում արդեն իսկ առաջընթաց չլիներ, մենք այստեղ չէինք լինի։ Այսինքն՝ առաջընթաց կա։ Նույնիսկ Ադրբեջանն այստեղ է։ Թուրքիան հատկապես վերջին, գուցե, 15 տարիների ընթացքում փորձեց Հայաստանի հետ հարաբերությունները տանել մի ձևաչափ, հարթակ, որը որևէ կերպ ինտեգրված է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգին։
Հիմա արդեն, ընդհանուր առմամբ, հնուց եկած տալ-առնելու գործն էլ կարծես անցյալում է մնացել։ Իհարկե, եթե մանրակրկտորեն փնտրեք, խնդիրների կբախվեք, բայց, իմ կարծիքով, երեք երկրներն էլ այդ փուլը հաղթահարել են։ Տարածաշրջանային ինտեգրման գործընթացը, կարելի է ասել, հոգեբանական առումով արդեն սկսվել էր՝ դրա անհրաժեշտությունից ելնելով։ Կարծում եմ, որ այժմ հարաբերությունները շատ ավելի լավ մակարդակի են հասել և դեռ շարունակելու են զարգանալ»։
Կարդացեք նաև
– Ինչպես գիտեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների և անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրվել է Հայաստան: Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի Հայաստան այցելելու հավանականությունը: Ինչպիսի՞ սցենարների պարագայում Թուրքիայի նախագահը պատրաստ կլինի իր առաջին այցը կատարել Հայաստան:
– Այո, այս այցի վերաբերյալ, իհարկե, հեշտ չէ ամսաթիվ նշել։ Մյուս կողմից գիտեք, որ Թուրքիայի նախագահի օրակարգը չափազանց ծանրաբեռնված է։ Թուրքիան արդեն այնպիսի քաղաքականություն ունի, որը զբաղվում է ոչ միայն տարածաշրջանային հարցերով, այլև օրինակ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, Հնդկաստան–Պակիստան լարվածության և բազմաթիվ այլ գլոբալ հարցերով։ Այսինքն՝ նախագահի օրակարգը, իհարկե, շատ խիտ է, բայց գործընթացն արդեն անցել է ստորագրման փուլը, որովհետև նախնական ստորագրություններն արդեն դրվել են:
Սակայն խաղաղության համաձայնագրով իրականում ամբողջական և ինչ-որ «մակրո ծրագիր» կյանքի կոչելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: Հնարավոր է նաև, որ այս ընթացքում որոշ գործընթացներ, որոշ բաներ ընթանան կուլիսներում, որոնց մասին մենք չգիտենք։ Կարող են լինել տարբեր պահանջներ թե՛ Հայաստանից Թուրքիայի, թե՛ Թուրքիայից Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստանի և Հայաստանից Ադրբեջանի նկատմամբ։ Երբ այդ պահանջների հետ կապված հարցերն ավարտվեն, արդեն այդ ստորագրված իրավիճակում կգա այնպիսի մակարդակ, որ կստեղծվի համակարգ և Աստված տա՝ շատ երկար չի տևի, ես այդպես եմ կարծում: Այդ այցն էլ արդեն տեղկի կունենա»:
– Բայց, ըստ Ձեզ, Էրդողանը կգա՞ Հայաստան, թե՞ այնուամենայնիվ կխուսափի:
– Եթե հարաբերությունները հասնեն այդ մակարդակի, նախագահը կգա: Բայց, ըստ իս, դա հենց այնպես չի լինում: Որոշակի ժամանակ կպահանջվի: Բայց եթե հարաբերությունները հասնեն հստակ մի մակարդակի, գուցե, այդտեսակ հարցեր էլ լինեն: Գիտեք, որ ցեղասպանության նման գործընթացներով, նույնիսկ դրա արդյունքում պատմական հեռանկարը շատ ավելին է… բայց այդ հարցերի մեջ մտնել չեմ ցանկանում: Որովհետև այդպիսի հարցերում շատ տարբեր պատմական հարցեր պետք է գնահատել ժամանակի օբյեկտիվությամբ: Այսինքն, Թուրքիան ժամանակին ասել է՝ «Համեցե՛ք, արխիվներն այստեղ են: Թո՛ղ բոլորը գան համատեղ կոմիտեում նայենք»: Այսինքն՝ գուցե, այդ թեմաների հետ կապված էլ հարցեր լինեն:
Բացի այդ, ճիշտն ասած, անվտանգության վերաբերյալ անհանգստություն չկա: Այստեղ անվտանգության հարց չկա, բայց, ինչպես ասացի՝ նախագահն արդեն զբաղվում է շատ մակրո գործընթացներով: Իրականում գործը օրինակ՝ նմանատիպ դիվանագիտական հավաքներով, ավելի ցածր մակարդակում՝ նախարարական և նախարարների հանդիպումներով ու շատ այլ նմանատիպ գործընթացներով է ամրապնդվում ու ակտիվացվում: Այն դեպքում, երբ բերված լինի այնպիսի մակարդակի (հարաբերությունները), որ հարցը դրվի նախագահի առաջ, նախագահն էլ արդեն կգա»:
– Թրամփի ճանապարհի հետ կապված ինչպիսի՞ տեսակետներ կան Թուրքիայում, ի՞նչ գնահատականների է այն արժանանում:
– Այսինքն այսպես: Հիմա այն, ինչը «Թրամփի ուղի» է ասվում, դուք ասում եք միջին միջանցք, Ադրբեջանն էլ «Զանգեզուրի միջանցք» է ասում։ Թուրքիայում որոշ շրջանակներ ասում են՝ «Թուրքական միջանցք»։ (Մենք ասում ենք՝ «Խաղաղության խաչմերուկ», – նշել է լրագրողը) Կարող է նաև «Խաղաղության ուղի» կոչվել։ Այսինքն սա բազմաթիվ անուններ ունի։ Թուրքիայում հասարակության շրջանում այժմ կան մարդիկ, ովքեր «Թրամփի միջանցք» արտահայտությունը սխալ են ընկալում։ Բայց քանի որ Թուրքիան սկզբից գործընթացի մեջ է եղել, ըստ իր դիրքի, որոշ առումներով Ռուսաստանը դրանից շատ գոհ չէ։ Այսինքն մենք տեղյակ ենք ձևավորված նոր համակարգից: Իրանն էլ, բնականաբար, ըստ իր դիրքի։ Հիմա ահա այս համատեքստում Թրամփի առաջարկած լուծումը Թուրքիային ուրախացնող հանգամանք է։ Թուրքիան էլ դրական է վերաբերվում դրան: Մյուս կողմից արդեն իմ նշածի պես՝ Թուրքիան ի սկզբանե այդպիսի գործընթացն աջակցում էր: Այսինքն՝ Թուրքիայի մտածմունքն արդեն այն է, որ հնարավորինս շուտ այլևս բախում չլինի և տարածաշրջանում խաղաղություն լինի:
Այսինքն՝ թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ հետագայում «Թյուրքական աշխարհը» կկարողանան օգտվել այդ ուղղությունից: Նախիջևանը ևս չպետք է արժանանա որբ երեխայի վերաբերմունքի: Որովհետև իրականում երբեմն լոգիստիկ առումով դեպի Նախիջևան ինչ-որ բաների մատակարարումների հետ կապված գործընթացները հնարավոր է խոչընդոտների հանդիպեին Իրանի ճանապարհներում: Ստացվում է, որ սրանք բոլորն էլ կապված են այդ որոշման հետ:
Թուրքիան արդեն հնարավորինս շուտ պետք է թեքվի նորմալի կողմը, պետք է խաղաղություն հաստատվի և հարաբերությունները վերականգնվեն: Ահա այդ իսկ պատճառով էլ, ըստ իս, Թրամփի այս նախաձեռնությունը դրական է: Մյուս կողմից էլ, եթե նայեք իրականությանը, այն որ Թրամփն ասում է՝ ամբողջ գործը ես եմ արել և եթե ես չլինեի, չէր ստացվի: Այդպես չէ: Սկզբից ի վեր առաջ շարժվող գործընթաց կար: Թրամփը միայն քաղաքականության տեսանկյունից արագացրեց այս գործընթացը: Ամեն դեպքում պրակտիկ առաջնորդ է:
Առաջնորդները հավաքվեցին Վաշինգտնում, ստորագրություններ դրեցին ու նույն պահին հայտարարվեց որպես «Թրամփի ճանապարհ», բայց Թուրքիան սկզբից ի վեր այս գործընթացի մեջ է: Այսինքն՝ եթե այդ սեղանին կա Ադրբեջանի նախագահ, ինչ-որ տեսանկյունից այն նշանակում է, որ Թուրքիան ևս այդ սեղանին է: (Բայց հիմա Թրամփն է բարձունքում,-ասել է թղթակիցը): Տարբերություն չկա: Այսինքն՝ Թուրքիան չի նայում, թե ով է բարձունքում: Թուրքիան տարածաշրջանում է՝ ռեալ իմաստով: Արդյունքում Թրամփի հետ ևս սերտ դիվանագիտություն ունեցող Թուրքիա կա: Մեր նախագահը իսկապես շարունակում է հատկապես Թրամփի հետ մոտ, այսինքն՝ իսկապես ջերմ կապը: Այսինքն՝ այս պարագայում իրականում շատ էական չէ դա վերագրվում է Թրամփին, թե ոչ: Կարող է և վերագրվել: Կարևորը խաղաղության հաստատումն է: Սրա հաստատմամբ, սրա արդյունքում հատկապես տարածաշրջանում գտնվող այս երեք երկրներն են ամենաշատ օգուտն ունենալու: Այսինքն՝ պետք է նայել այս տեսանկյունից:
Անդրանիկ Տեր–Կարապետյան


















































