Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացումից

Նոյեմբեր 12,2025 16:19

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերասահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։

«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930