Ermenihaber. Նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի շրջանում: Ինքնաթիռը Թուրքիա էր մեկնում Ադրբեջանից: Կործանման հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈՒ-ի 20 զինվորական (սերժանտ, ենթասպա, լեյտենանտ), այդ թվում՝ ինքնաթիռի սպասարկող անձնակազմը:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռը «առանց տագնապային ազդանշան տալու» անհետացել է ռադարներից։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռը նոյեմբերի 11-ին վայրէջք է կատարել Գյանջայի (Գանձակ – խմբ.) օդանավակայանում և այնտեղ սպասել է երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ո՛չ ինքնաթիռը, ո՛չ էլ օդանավակայանի տարածքը։ Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած «ռազմական շքերթին» մասնակցող թուրքական F-16 ինքնաթիռների տեխնիկական աջակցություն ցուցաբերող անձնակազմից: Ինքնաթիռ նստելուց առաջ նրանք ենթարկվել են օդանավակայանի անվտանգության կանոններին համապատասխան ստուգումների և ընթացակարգերի, որոնք տեսաձայնագրվել են նաև օդանավակայանի տեսախցիկների կողմից:
Ինքնաթիռը, որն օդում մասերի է բաժանվել և ապա ընկել, 1968թ. արտադրության էր և ձեռք էր բերվել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերից 2010թ-ին:
Ինչ վերաբերում է ինքնաթիռի հնարավոր անսարքությանը, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այն երկար ժամանակ շահագործման մեջ է եղել, իսկ 2020թ. հիմնանորոգման է անցել, իսկ նման մասշտաբի միջոցառման համար Թուրքիայից մեկնած ինքնաթիռը չէր կարող մանրազնին ստուգված չլիներ։ Ինքնաթիռի ֆյուզելաժի վրա արտաքին բախման նշաններ չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Թուրքիայի փորձագիտական դաշտում ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ երկու տեսակետ է շրջանառվում․
1․ Այն վթար չէ, սաբոտաժ է կամ արտաքին միջամտություն
2․ Այն տեղի է ունեցել հնարավոր պայթյունի հետևանքով կամ տեխնիկական անսարքության պատճառով
Սոցցանցի թուրքական տիրույթի օգտատերերը համոզմունք ունեն, որ սա սաբոտաժ է Ադրբեջանի կամ Իսրայելի կողմից և որևէ աղերս չունի վթարի հետ։
Առանձնացնենք ինքնաթիռի կործանման հնարավոր մի քանի պատճառ․
Տեխնիկական խափանում կամ սարքավորման մաշվածություն
Հնարավոր տեխնիկական խափանումները կարող են լինել՝ շարժիչի կամ վառելիքային համակարգի անսարքությունը, կառավարման համակարգի խափանումը, էլեկտրական համակարգի ձախողումը, ընդհանուր մաշվածությունը կամ կառուցվածքային ճաքերը։ Նման դեպքերում ինքնաթիռը սովորաբար կորցնում է բարձրությունը կամ կայունությունը՝ առաջ բերելով կտրուկ անկում։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա պատճառը կլինի ներսից զարգացած տեխնիկական անսարքությունը, որը կարող էր լինել ինչպես սպասարկման բացթողման, այնպես էլ մաշվածության հետևանք։
Պայթյուն ինքնաթիռի ներսում
Թուրքական և ադրբեջանական աղբյուրների որոշ տվյալներով՝ ինքնաթիռը տեղափոխում էր բեռ, որի բովանդակությունը դեռևս պաշտոնապես չի բացահայտվել։ Սոցցանցերում շրջանառվում է , թե այն կարող էր պարունակել զինամթերք կամ ռազմական տեխնիկա։ Այդ պարագայում հնարավոր է, որ վթարը տեղի է ունեցել ներսում գրանցված պայթյունի հետևանքով։ Իհարկե, պայթյունը կարող էր առաջանալ, եթե բեռը սխալ ամրացված լիներ կամ սխալ ջերմաստիճանի պայմաններում տեղափոխվեր։ Սոցցանցի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր չեն բացառում նաև դիտավորությամբ դրված պայթուցիկ սարքի առկայությունն օդանավում:
Արտաքին ազդեցություն
Թուրք փորձագետներից մի քանիսը չեն բացառում նաև արտաքին ազդեցության վարկածը՝ հիշեցնելով նախորդ տարիներին տեղի ունեցած միջադեպերը, երբ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են ադրբեջանական կամ թուրքական օդանավեր։
Թուրքիայի պաշտոնաթող գեներալ Քազըմ Դալքըրանը, օրինակ, վկայակոչել է նախորդ տարի գրանցված նման մի միջադեպ՝ ենթադրելով, որ տվյալ հատվածում կարող էր գործել ոչ վերահսկվող կամ սխալ ակտիվացված ՀՕՊ համակարգ։ Այնուամենայնիվ, ներկայում որևէ հստակ ապացույց չկա, որ ինքնաթիռը խոցվել է։ Եթե հետաքննությունը ցույց տա արտաքին հարվածի հետքեր, ապա միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել այդ մասին։
Ավիավթարի հետ կապված մինչ Ադրբեջանը առաջ է քաշում վարկածներ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, սլաքներն ուղղելով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան, հերթական զավեշտն է հնչում թուրք պաշտոնաթող գնդապետ Իբարհիմ Քելեշի կողմից։ Նա պնդում է․ «Ինքնաթիռի երթուղին բավականին մոտ էր Հայաստանի սահմանին։ Վերջերս տարածաշրջանում քաղաքական և ռազմական ակտիվություն է նկատվում։ Հայտնի է նաև տարածաշրջանում գործող որոշ ոչ կառավարական տարրերի ներկայությունը։ Այս իրավիճակի լույսի ներքո պետք է դիտարկել արտաքին միջամտության հնարավորությունը»։ Այնուհետև շարունակում է անհեթեթ մտքեր արտաբերել, իբրև թե հավանական է, որ միջադեպը Հայաստանում գտնվող «Ղարաբյան կլանի» կողմից իրականացված «հարձակում» է։
Թուրք պրոֆեսոր Ալի Ֆուաթ Գյոքչեն անդրադառնալով Հայաստանի «միջամտության» վարկածին, նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շարունակվում են, իսկ ինչ վերաբերում է ՀՀ «հակակառավարական շրջանակների» կողմից վթարի հնարավոր «միջամտությանը», ապա նա քիչ հավանական է համարել։
Տուրբուլենտություն և եղանակային գործոններ
Ավիացիոն տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի օդային տարածքում հաճախ արձանագրվում են ուժեղ քամիներ և մթնոլորտային տուրբուլենտություն, հատկապես Կովկասյան լեռնաշղթայի մոտակայքում։ Եթե ինքնաթիռը արդեն ունեցել է տեխնիկական խնդիրներ, ապա ուժեղ տուրբուլենտությունը կարող էր ավարտին հասցնել աղետը։ Սակայն փորձագետների կարծիքով, միայն եղանակային գործոնները նման մեծ ավիավթարի հիմնական պատճառ չեն կարող լինել, եթե չկան նախնական տեխնիկական խնդիրներ։
Բացի այդ, մասնագետները պատահական չեն համարում ռադարներից «առանց տագնապային ազդանշան տալու» անհետացումը։
Հարկ է նշել, որ այս ամենը ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառների մասին վարկածներ են, քանի դեռ չեն հրապարակվել փորձաքննության ամբողջական արդյունքները, ինչպես նաև չեն բացվել սև արկղերը։ Արդյունքում՝ վթարի իրական պատճառները կարող են բացահայտվել միայն այն դեպքում, երբ հետաքննությունը կանցկացվի բազմակողմ մասնակցությամբ և թափանցիկությամբ, առանց քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների։
Նշենք, որ C-130 ինքնաթիռները երկար հեռավորությունների վրա անպատրաստ թռիչքուղիների թռիչքների և վայրէջքների, բեռների և անձնակազմի տեղափոխման համար օգտագործվող ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են։ Թուրքական պետական TRT հեռուստաալիքի հաղորդմամբ, ամերիկյան պաշտպանական «Lockheed Martin» ընկերության արտադրած C-130 չորս շարժիչով տուրբոշարժիչային ինքնաթիռները ընդգրկվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում դեռևս 1964 թվականին։ Զինանոցում եղել է 19 միավոր C-130E և C-130B Hercules տիպի ինքնաթիռ։
Թուրքիան 2010-12 թթ. Սաուդյան Արաբիայից ձեռք էր բերել ծառայությունից հանված վեց միավոր օգտագործված C-130E տրանսպորտային ինքնաթիռ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ պատրաստվում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող 12 միավոր C-130J Super Hercules տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ C-130 ինքնաթիռների շահագործումը նախատեսվում էր շարունակել մինչև 2040 թվականը: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 92 ուղևոր, 72 լիակատար զինտեխնիկայով զինված զինծառայող և 64 պարաշյուտիստ: Երկարությունը 29 մ է, թևերի երկարությունը՝ 40մ, ընդհանուր կշռում է 79 տոննա։
Էլեն Քոքչյան


















































